«Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հայաստանին տրամադրած վարկերը ուղղվում են բացառապես ԿԲ արժութային պահուստները համալրելուն, բայց 2009-ին ԱՄՀ-ն գնացել է աննախադեպ քայլի եւ համաձայնել է, որ վարկից 150 մլն-ը կառավարությունն ուղղի բյուջեի համալրմանը», երեկ հայտարարեց ԱՄՀ Հայաստանի ներկայացուցիչ Նինկե Օմեսը : Նա նաեւ ավելացրեց, որ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա հաջորդ տարի էլ կառավարությանը բյուջեի համալրման համար կտան 150 մլն դոլարի վարկ:
Օմեսը շեշտել է, որ վարկը կապակցված չէ այլ ծախսերի հետ. «Այդ վարկի շնորհիվ կառավարությունը կարողացել է խուսափել բյուջեի կրճատումից, սակայն բյուջեի ծախսը ոչ թե պետք է կրճատել, այլ պետք է խթանել ծախսը` տնտեսության աճը խթանելու համար», նկատեց Օմեսը:
Խոսելով հարկային քաղաքականության մասին` Օմեսը նշեց, որ Հայաստանում պետեկամուտները համալրելու հնարավորություն կա, սակայն այդ ուղղությամբ աշխատանքը դանդաղ է ընթանում: Նշելով, որ Հայաստանում մեծ է ստվերային տնտեսությունը, բանախոսն ասաց. «Ձեզ մոտ միշտ էլ լինում են մարդիկ, որոնք կարողանում են խուսափել հարկ մուծելուց»: Այս առումով Օմեսը դրական է գնահատում 2010-ի բյուջեն` եկամուտների մասով: Ըստ նրաՙ եթե կառավարությունը «անհամեստ» եկամուտներ նախատեսեր, ապա հարկային մարմինները, որպեսզի կատարեն պլանը, կգնային ոչ թե նրանց մոտ, ովքեր չեն վճարում, այլ նրանց, ովքեր միշտ վճարում են. «Եթե կառավարությունը հավակնոտ եկամուտներ է սահմանում, ապա հարկային աշխատողները տարօրինակ վարք են դրսեւորոմ», նկատեց Օմեսը:
Բանախոսն իր դիտարկումներն արեց նաեւ Հայաստանի շինարարության ոլորտի վերաբերյալ: Ըստ նրաՙ պետք չէր ժամանակին այդքան միջոցներ ներդնել այդ ոլորտում, որպեսզի այսօր տնտեսությունը դիվերսիֆիկացվեր: «Հայաստանում շինարարությունը կամ չի հարկվում, կամ հեշտությամբ խուսափում է հարկերից», եզրափակեց Օմեսը:
Ն. Մ.