«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2009-11-11 | #206, 2009-11-12 | #207, 2009-11-13


«ՄԵՐ ՀՈԳՈՒ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԿՐՆԿԻ ՎՐԱ ՉԲԱՑԵՆՔ»

Թե ի՞նչ ազդեցություն կունենա հայ-թուրքական սահմանի բացումը մեր երկրի վրաՙ բազմիցս է խոսվել ու դեռ կշարունակվի խոսվել: Սակայն այդ քննարկումները, ըստ գեղագետ, մշակութային մեկնաբան Լեւոն Լաճիկյանի , ավելի շատ վերաբերում են առեւտրատնտեսական հարցերին, այլ ոչ մշակութային թեմաներին: «Ես կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացումը ազդակ է, որ մեր հասարակությունը սկսի քննարկումներ տարբեր թեմաներով, արժե այս ազդակն օգտագործել նաեւ մշակութային հարցերը քննարկելու համար», ասաց բանախոսը:

Ըստ Լաճիկյանիՙ միամտություն կլինի կարծել, որ Թուրքիայի սահմանի բացումից հետո թուրքերը կկլանեն Հայաստանը. «Սա անհնար է, որովհետեւ հայ եւ թուրք մշակույթները լրիվ տարբեր երեւույթներ են եւ միահյուսվելու որեւէ հիմք չունեն: Որպես ապացույց նշեմ, 20-րդ դարի սկզբին հենց Թուրքիայում հայերն ունեցել են մեծ մշակույթ` առանց թուրքականի հետ ձուլվելու: Կարսում կար մեկ հայկական թատրոն, որտեղ բեմադրվում էին հռչակավոր բեմադրություններ, սակայն այսօր Կարսը թատրոն չունի: Նույն Կարսն ուներ երկու կինոթատրոն, այսօրՙ ընդամենը մեկն է»:

Այնուամենայնիվ, հայ մշակույթին սպառնացող վտանգ բանախոսը տեսնում է: Ըստ Լաճիկյանիՙ այդ վտանգը մեր մեջ է, եթե մենք ինքներս չուզենանք, ոչ ոք չի կարող մեզ կլանել. «Մեր ազգային հոգեբանությունն այնպիսին է, որ նշանակություն չունիՙ թուրք է, պորտուգալացի է, թե ամերիկացի, բացում ենք նրա առաջ մեր հոգու դարպասները կրնկի վրա, այնինչ պետք է սեր, հետաքրքրություն ներշնչենք հայ տոհմական արվեստի նկատմամբ»:

Բանախոսի դիտարկմամբՙ այսօր նեղացվել է արվեստի տեսական շարքը, սեւեռվել ենք երաժշտության ինչ-որ փոքրիկ ժանրի վրա, այն էլ, ըստ գեղագետի, ոչ հայկական ոգի կրող ժանրի: «Ես հայկական ազգային երգարվեստի փոխարինումը ինչ-որ ռաբիս երգերով կոչում եմ երգախտ: Շատերն այսօր փորձում են ապացուցել, որ այնտեղ հնչող կլկլոցը հայկական է, թե իբր թուրքերը մեզնից դա ժամանակին վերցրել են, հիմա էլ մենք պետք է հետ բերենք «մեր կլկլոցը»: Ոմանք չեն գնահատում Կոմիտասի նման մեծի արժեքը` նրան համարելով պարզապես հայկական տոհմիկ երգեր «հավաքող»», իր մտահոգությունները հայտնեց պարոն Լաճիկյանը:

Բանախոսը, սակայն, որեւէ վտանգ չի տեսնում ռաբիսի մեջ. «Վտանգը ռաբիս մտածողությունն է, որը նկատվում է ամենուր. ե՛ւ արվեստում, ե՛ւ շինարարության մեջ, եւ առօրյա խոսքում: Ռաբիս երգն էլ ընդամենը ռաբիս մտածողության արտահայտումն է, եւ այսօր այնքան վտանգավոր չէ խոզի գրիպը, որքան այս երգախտը, որի մեջ հայտնվել ենք»:

Երգախտի «բուժման» ուղիները նույնպես տվեց Լաճիկյանը, ըստ որոնցՙ պետք է մշակույթի կարգավորման ու կազմակերպման մեջ մեծանա պետության դերը. «Մեր հասարակությունը պետք է դեմքով դառնա դեպի ճշմարիտ արվեստը, արվեստագետներն էլ պետք է հրաժարվեն այն մոտեցումից, թե ժողովուրդն ինչ ուզում է, այն էլ տալիս ենք», առաջարկեց գեղագետը: Նա նաեւ շեշտեց, որ անհրաժեշտ է օր առաջ հանրության մեջ պահանջմունք ստեղծել դեպի լուրջ արվեստը: Ընդ որում, ըստ Լաճիկյանի, դա պետք է անեն բոլորը. սկսած պետության առաջին դեմքերից, վերջացրած զանգվածային լրատվական միջոցներով: «Ես առաջարկում եմ բոլոր ալիքներով լրատվական թողարկումներն սկսել մշակութային նորություններով` դրանով հաստատել «բանական դիկտատուրա»: Օրինակՙ տեսեք, տուգանքներ սահմանեցին երթուղային կանոնները չպահպանելու համար, այսօր նման դեպքերը որոշակիորեն քչացել են, միգուցե բարձր արվեստի «պարտադրանքն» էլ ինչ-որ արդյունքներ տա», կարծիք հայտնեց Լեւոն Լաճիկյանը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4