Ֆրանսիա եւ նույն ուղեւորության շրջանակում Մոսկվա կատարած այցերը բավականին հագեցած էին ու տպավորիչ. այս մասին հայտարարել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մամուլի ասուլիսի ժամանակ: Ասուլիսին ներկա էին նաեւ պատվիրակության մյուս անդամները` խորհրդարանի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը , ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը եւ Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը :
Աշոտ Ղուլյանը համառոտ անդրադարձել է արտերկրում ունեցած հանդիպումներին, մասնավորապես մատնանշելով Ֆրանսիայի խորհրդարանում տեղի ունեցած պաշտոնական ընդունելությունը` արարողակարգի բոլոր պահանջներով: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Արցախում բարեգործական ծրագրեր իրականացնող ֆրանսիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Եթե ֆրանսիական հանդիպումների մասին մինչ այդ մամուլում տեղեկատվություններ արդեն եղել են, ապա Մոսկվայում ունեցած հանդիպումներին, ըստ Ա. Ղուլյանի, ԶԼՄ-ները դեռես չեն անդրադարձել, եւ այս համատեքստում ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ՌԴ մայրաքաղաքում ինքը հանդիպում է ունեցել Պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հետ` քննարկելով տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում` ղարաբաղյան կարգավորման: Միաժամանակ, նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջխորհրդարանական հետագա շփումների վերաբերյալ: ԼՂՀ ԱԺ նախագահը հատկանշել է նաեւ իր հանդիպումները ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող մի շարք ռուս փորձագետների ու քաղաքական գործիչների հետ:
Տարին մեկ անգամ լինելով արտերկրում, մենք չենք կարող միանգամից բոլոր խնդիրներն ուսումնասիրել ու քննարկել, ուստի փոխայցելությունները պետք է նպաստեն աստիճանական լուծումներ գտնելուն, համոզմունք է հայտնել նա:
Ասուլիսում լրագրողները հետաքրքրվել են, թե Ֆրանսիայում հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ, զգացվո՞ւմ էր սառնություն Հայաստանի ու Արցախի նկատմամբ: Աշոտ Ղուլյանն ասել է, որ հանդիպումների ընթացքում իրենք չեն փորձել բանավիճել, այլ ձգտել են ընդհանուր տեսակետներ գտնել: Առկա է եղել փոխըմբռնում, որ իրադարձությունների ոչ մի զարգացում կամ շրջադարձ չի կարող ազդել սփյուռքի դիրքորոշումների վրա: Հերթական մարաթոնի նախօրյակին արտերկրի մեր հայրենակիցները շարունակում են հայրենասիրաբար տրամադրված մնալ, եւ դա ակնառու էր հատկապես «Արցախի ձայներ» համույթի կատարումների ժամանակ, շեշտել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակը:
Թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում եւ թե՛ սփյուռքում հայ-թուրքական հարաբերությունների մասին կարող են լինել տարբեր կարծիքներ, նշել է Ա. Ղուլյանը, սակայն դա չի նշանակում, թե մեր միջեւ պիտի լինի ջրբաժան: Կան պարզապես մտահոգություններ, որոնք պայմանավորված են Թուրքիայի հետ հարաբերությունների զգուշավորությամբ:
Ասուլիսում իրենց տպավորություններն են հայտնել նաեւ պատվիրակության անդամները: Գոհունակություն արտահայտելով ուղեւորության արդյունքների առթիվ, նրանք տեսակետ են հայտնել, որ երկրի չճանաչվածությունը խոչընդոտ չէ մշակութային եւ համայնքային արդյունավետ շփումների համար:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ