Հայ-գերմանական հարաբերությունները, ըստ Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս Յոհան Շմիդտի , բոլոր ոլորտներում էլ շատ արդյունավետ են: Երեկ Մամուլի ազգային ակումբում նա հայտարարեց, որ այժմ պետք է ստեղծել Հայաստանում բարենպաստ ներդրումային մթնոլորտ, որպեսզի էլ ավելի խթանվեն գերմանական ներդրումները դեպի Հայաստան: «Մեր արտաքին գործերի նախարարն էլ վերջերս հայտարարեց, որ Գերմանիայի համար անչափ կարեւոր են Հայաստանի հետ հարաբերությունները, անշուշտ, Հարավային Կովկասի մյուս երկրների հետ զուգընթաց», շեշտեց դեսպանը:
Պարոն Շմիդտը նշեց նաեւ, որ Հայաստանի հետ վիզային ռեժիմի դադարեցման հարցը Գերմանիան ազգային մակարդակով չի քննարկում. «Այդ հարցում մենք պետք է ներքին կարգավորման հասնենք շենգենյան երկրների հետ», նկատեց նա:
Հայ-թուրքական մերձեցման գործընթացն անվանելով «խիզախ քայլ»` դեսպանը հիշեցրեց Գերմանիայի նախկին արտգործնախարարի հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրություններն ու դրանցով սկսվող գործընթացները կարեւոր են ոչ միայն երկու երկրների, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: «Հենց Թուրքիայի շահերից են բխում Հայաստանի հետ հարաբերությունները, քանի որ եթե Թուրքիան ցանկանում է ավելի մեծ դեր խաղալ տարածաշրջանում, ապա անպայման պետք է օգտվի այս հնարավորությունից: Բացի այդ, ես կարծում եմ, որ այսօր բոլորն էլ ուզում են Հայաստանին մասնակից դարձնել տարածաշրջանային գործընթացներին», շեշտեց Գերմանիայի դեսպանը` նկատելով նաեւ, որ հայ-թուրքական արձանագրությունների գործածությունից հետո ինքը հնարավոր է համարում զգալի տեղաշարժեր Ղարաբաղի հարցում:
Պարոն Շմիդտը խոսեց նաեւ Գերմանիայում հայագիտության խնդիրների մասին` բերելով Բեռլինի Ազատ համալսարանի հայագիտության ամբիոնի (որի մասին «Ազգը» գրել էր հոկտեմբերի 22-ի եւ 23-ի համարներում) օրինակը: Այս առումով դեսպանը կարեւորեց վերջերս համալսարանի պատվիրակության կատարած այցը Հայաստան, ինչպես նաեւ դեկտեմբերի սկզբին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի նախատեսված այցելությունը Գերմանիա, որի ընթացքում, ըստ դեսպանի, պետք է քննարկվեն երկու երկրների միջբուհական կապերի ամրապնդման հարցերը: Պարոն Շմիդտը, այնուամենայնիվ, նկատեց, որ իրենց համար շատ դժվար է եղել «պահպանել որոշ ամբիոններ, եւ ես շատ ուրախ կլինեմ, եթե հայագիտությունը պահպանվի Գերմանիայում, մանավանդ որ այսօր Գերմանիայում շատ քչերը գիտեն Հայաստանի ու հայերի մասին, սակայն դուք անչափ ակտիվ դեսպան ունեք Գերմանիայում. նա անպայման կփորձի լուծել այս խնդիրները»:
Գերմանիայի դեսպանի ասուլիսի հիմնական առիթը, սակայն, Բեռլինի պատի քանդման 20-ամյակի հետ էր կապված: Գերմանացի դիվանագետը պատի քանդումը «մեծ տոնական իրադարձություն» անվանեց Գերմանիայի պատմության մեջ: Ըստ դեսպանիՙ իրավիճակը երկրում այնքան էր քայքայված, որ այլեւս հնարավոր չէր այդպես շարունակել. «Հատկապես ուրախալի է, որ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացիներն իրենք որոշեցին այլեւս այդպես չապրել: Դա Գերմանիայի պատմության մեջ վճռական պահ էր», եզրափակեց պարոն Հանս Յոհեն Շմիդտը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ