Նոյեմբերի 19-ին Հարավային Կորեայում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Հայ ծանրորդները լրջորեն են նախապատրաստվել տարվա կարեւորագույն այդ մրցաշարին: Ընթացիկ մրցաշրջանում երկաթախաղի հայ վարպետները միջազգային տարբեր մրցաշարերում արդեն 57 մեդալ են նվաճել եւ լի են վճռականությամբ ավելացնելու դրանց թիվը: Կա մի հանգամանք, որ ավելի հետաքրքրական է դարձնում առաջիկա մրցաշարում հայ ծանրորդների մասնակցությունը: Արդեն 20 տարի է, ինչ մեր ծանրորդներին չի հաջողվում նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Վերջին անգամ 1989-ին Աթենքում կայացած աշխարհի առաջնությունում չեմպիոն է հռչակվել Իսրայել Միլիտոսյանը:
Սովորաբար աշխարհի առաջնությունները վարկանիշային են համարվում գալիք օլիմպիական խաղերի համար, ուստի հավաքականները լրիվ կազմով են մասնակցում: Սակայն հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է 2012-ի Լոնդոնի օլիմպիադայի համար հաշվարկային համարել միայն 2010-ի եւ 2011-ի աշխարհի առաջնությունները: Դա է պատճառը, որ այս անգամ Հայաստանն աշխարհի առաջնությունում հանդես կգա թերի կազմով: Որոշվել է հավաքականում ընդգրկել 4 ծանրորդի եւ 3 մարզուհու, որոնք կարող են հավակնել խաղարկվող մեդալներին:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի եւ մարզիչ Պողոս Պողոսյանի ղեկավարությամբ նախ ուսումնամարզական հավաք անցկացրեց Ծաղկաձորում, իսկ այժմ մարզումները շարունակում է Պոդոլսկում: Կորեայում մրցահարթակ դուրս կգան Առաքել Միրզոյանը (69 կգ), Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը (77 կգ), Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը (85 կգ) եւ Գեւորգ Պողոսյանը (85 կգ): Մեր անվանի ծանրորդներից Գեւորգ Դավթյանը (77 կգ) ծնկահոդի վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել մարզումները: Արա Խաչատրյանն (77 կգ) էլ դեռեւս ապաքինվում է վիրահատությունից հետո:
Կորեա մեկնող քառյակից ընթացիկ մրցաշրջանում մրցահարթակ են դուրս եկել միայն Առաքել Միրզոյանն ու Գեւորգ Պողոսյանը: Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին գերազանց հանդես եկավ ապրիլին Բուխարեստում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Նա երկամարտի 336 կգ (151+185) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոնՙ գերազանցելով փորձառու ծանրորդներ, ֆրանսիացի Վենսել Դաբայային (333 կգ) եւ ռուսաստանցի Վլադիսլավ Լուկանինին (330 կգ): Իսկ Գեւորգ Պողոսյանը մինչեւ 85 կգ քաշայինների մրցավեճում երկամարտի 358 կգ (164+194) արդյունքով 27 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը:
Առաքել Միրզոյանը բոլոր հնարավորություններն ուներ չեմպիոն հռչակվելու նաեւ հունիսին կրկին Բուխարեստում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում: Ցավոք նա պոկում վարժությունում չկարողացավ բարձրացնել նախնական քաշը (152 կգ) ու 0 ստացավ: Այնպես որ Կորեայում Առաքելը պետք է ձգտի վերականգնել սասանված հեղինակությունը:
Պեկինի օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներ երկու Տիգրանների համար աշխարհի առաջնությունը մեկամյա ընդմիջումից հետո առաջին լուրջ մրցումն է: Իհարկե, նրանք եւս վճռականորեն են տրամադրված:
Հայաստանի կանանց հավաքականն Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքներ է անցկացրել Գյումրիում եւ Աբովյանում: Հավաքի վերջնական փուլը ծրագրված էր Թեոդոսիայում, սակայն Ուկրաինայում խոզի գրիպի համաճարակի պատճառով որոշվեց մնալ Հայաստանում: Կանանց հավաքականում ընդգրկված են մեր անվանի ծանրորդուհիներըՙ Մելինե Դալուզյանը (63 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ): Երեքն էլ մասնակցել են Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությանը: Մելինեի համար Եվրոպայի առաջնությունն առաջին մրցումն էր հիվանդությունից ապաքինվելուց հետո, ուստի նա չկարողացավ լիովին բացահայտել իր հնարավորությունները: Նա երկամարտի 228 կգ (100+128) արդյունքով գրավեց 4-րդ տեղըՙ արծաթե մեդալ նվաճելով հրում վարժությունում: Նազիկ Ավդալյանին էլ չհաջողվեց պահպանել 2008-ի Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը: Նա երկամարտի 245 կգ (110+135) արդյունքով գրավեց 2-րդ տեղըՙ արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճելով առանձին վարժություններում: Եվրոպայի փոխչեմպիոնուհի դարձավ նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանըՙ 253 կգ (116+137)ՙ հրում վարժությունում էլ արժանանալով արծաթե մեդալի: Հուսանք, որ աշխարհի առաջնությունում էլ հայ ծանրորդները մեդալների կարժանանան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ