Այսօր «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2011-ի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում կհյուրընկալի Էստոնիայի ֆուտբոլիստներին: Խաղը կսկսվի ժամը 15-ին: Հանդիպումը կսպասարկի ռուսաստանցի մրցավար Իգոր Եգորովը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի կարծիքով, այս անգամ հաջողվել է հանդիպմանը նախապատրաստվել օպտիմալ կազմով: Մարզիչը նկատի ունի այն, որ հավաքականում են Հենրիխ Մխիթարյանն ու Հովհաննես Գոհարյանը, որոնք ազգայինում զբաղված լինելու պատճառով վերջին շրջանում հնարավորություն չէին ունենում հանդես գալ երիտասարդականում: Ինչպես նախորդ հանդիպումներում, այս անգամ էլ գլխավոր մարզչին առաջին հերթին մտահոգում է պաշտպանական գծի խաղը:
Հայաստանի երիտասարդական հավաքականը շատ անհաջող է հանդես գալիս ընտրական մրցաշարումՙ պարտվելով անցկացրած չորս խաղերում էլ: Ընտրական մրցաշարը մեր ֆուտբոլիստները սկսեցին հունիսի 5-ին Շվեյցարիայի հավաքականի հետ արտագնա խաղով: Առաջին 20 րոպեներին դաշտի տերերը 2 անգամ գրավեցին մեր հավաքականի դարպասը: Միայն խաղավերջում Հենրիխ Մխիթարյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Չորս օր անց հյուրընկալելով Թուրքիայի իր հասակակիցներին, հայ ֆուտբոլիստները պարտվեցին 2-5 հաշվով: Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան Հենրիխ Մխիթարյանն ու Արտակ Դաշյանը: Անհաջող էր նաեւ սեպտեմբերի 4-ին սեփական հարկի տակ շվեյցարացիների հետ հանդիպումը, որում մեր ֆուտբոլիստները 3-րդ անընդմեջ պարտությունը կրեցին (1-3): Մեր թիմից աչքի ընկավ Հրաչ Յագանը: Ամենահաջողված խաղը թերեւս Թուրքիայի հավաքականի հետ արտագնա հանդիպումն էր, որում մեր ֆուտբոլիստները ցավալի պարտություն կրեցին: Թուրքերին միայն ավելացված ժամանակում հաջողվեց խփել միակ հաղթական գնդակը:
Հայաստանի երիտասարդական հավաքականը 4 տուրից հետո դեռեւս միավոր չի վաստակել եւ եզրափակում է 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Առաջատարը Շվեյցարիայի ընտրանին է, որը 5 խաղում վաստակել է 10 միավոր: 2-րդ տեղում թուրքերն են, որոնք 4 խաղից հետո ունեն 9 միավոր: Հայաստանի հավաքականի մրցակից էստոնացիները 4 խաղից հետո վաստակած 7 միավորով ընթանում են 3-րդ տեղում:
Էստոնացիները մեծ անակնկալ մատուցեցին հենց մեկնարկումՙ հյուրընկալվելիս 1-0 հաշվով պարտության մատնելով Շվեյցարիայի հավաքականին: Հաջորդ խաղում նրանք սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեցին վրացիների դարպասը: Փոխարենը նրանց չհաջողվեց սեփական դաշտում հաղթել իռլանդացիներինՙ խաղն ավարտելով ոչ-ոքի (1-1): Հոկտեմբերի 9-ին անցկացրած վերջին խաղում էստոնացիները պարզապես ջախջախիչ պարտություն կրեցին շվեյցարացիներից (1-4): Խմբում խաղարկվող երկու ուղեգրերից մեկին տիրելու համար էստոնացիներին Երեւանում հաղթանակ է անհրաժեշտ: Այնպես որ մեր ֆուտբոլիստներին հեշտ պայքար չի սպասվում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ