Բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությունում «Հատիսի» նորամուտն անհաջող ստացվեց: «F» խմբի մեկնարկային խաղում «Հատիսն» Աթենքում 54-105 հաշվով պարտվեց տեղի «Աթինաիկոսին»: Ինչպես տեղեկացանք «Հատիսի» գործադիր տնօրեն Արթուր Նազարյանից, «Հատիսը» խաղը սկսել է Բոյանա Վուլիչ, Մաուրիտա Ռեյդ, Ջուլիանա Վիանի, Աննա Պոկոյովա, Իվա Սերդար կազմով: Հաշիվն էլ բացել են «Հատիսի» բասկետբոլիստուհիները Վուլիչի դիպուկ նետման շնորհիվ: Առաջին րոպեներին Վուլիչն իր թիմին 5 միավոր բերեց եւ «Հատիսը» հաշվի մեջ առջեւում էրՙ 5-2: Սակայն հույները շատ շուտ հաշվի մեջ առաջ անցան ու սկսեցին մեծացնել միավորների տարբերությունը:
Առաջին խաղափուլն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով (26-12): Երկրորդ խաղափուլից հետո «Աթինաիկոսն» առջեւում էր 54-25 հաշվով, իսկ 3-րդից հետո հաշիվն արդեն 72-42 էր: «Հատիսի» կազմում առավել արդյունավետ խաղ ցուցադրեց Աննա Պոկոյովան, որը 17 միավոր վաստակեց:
Այսպիսով, «Հատիսը» պարտությամբ սկսեց մրցաշարը: Հաջորդ խաղը «Հատիսը» կանցկացնի սեփական հարկի տակՙ «Միկա» մարզասրահում նոյեմբերի 19-ին հյուրընկալելով Ռուսաստանի «Չեւակատային»: Վերջինս առաջին խաղում սեփական հարկի տակ 62-80 հաշվով զիջել է թուրքական «Բեշիքթաշին»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ