«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2009-11-13 | #208, 2009-11-14 | #209, 2009-11-17


ԲԱՐԵԿԱ՞Մ, ԹԵ՞ ԹՇՆԱՄԻ, ՌՈՒՍԱՍՏԱ՞Ն, ԹԵ՞ ԹՈՒՐՔԻԱ

Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին` այսօր շատերը նշում են, որ այդ սահմանը վաղուց արդեն «բաց» է. Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ մեկնում են Թուրքիա` հանգստանալու, աշխատելու, ապրանք բերելու եւ այլն: Եվ երբ խոսում ենք սահմանների բացելուց հետո թուրքական ապրանքների կողմից հայկական շուկան «կլանելու» մասին, ապա պետք է նկատենք, որ այդ ապրանքներն արդեն վաղուց մեր շուկայում են. յուրաքանչյուր հայաստանցի իր զգեստապահարանում գոնե մի հագուստ ունի թուրքական ծագմամբ:

Թուրքական մամուլի տեղեկացմամբՙ ամեն ամառ Հայաստանից շուրջ 70-80 հազար մարդ է մեկնում Թուրքիա` հանգստանալու: Հայկական տուրիստական գործակալություններում անցկացրած մեր հարցումներն էլ տվեցին մոտավորապես այդ թվերը: Սակայն ոչ թուրքական, ոչ հայկական մամուլը, ոչ էլ երեւանյան տուրիստական գործակալությունները չեն նշում, թե տարեկան քանի թուրք է գալիս Հայաստան, ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ թուրքերի այցելությունները մեր երկիր չեն հասնում եւ չեն էլ հավակնում հասնել այն թվերին, որոնք գրանցվում են հայերի պարագայում: Նկատենք, որ սա փակ սահմանների դեպքում, թե ինչ կլինի սահմանների բացումից հետո, կտեսնենք:

  «Ազգ» -ը որոշեց պարզել, թե ի՞նչ խնդիրների են հանդիպում Հայաստանի քաղաքացիները Թուրքիայում, ի՞նչ վերաբերմունքի են արժանանում թուրքերի կողմից: Մյուս կողմից էլ, մենք փորձեցինք պարզել, թե մեր քաղաքացին ի՞նչ խնդիրներ ունի բարեկամ Ռոսաստանում, ինչպես է այնտեղ սովորական հայերի նկատմամբ վերաբերմունքը:

Տոնավաճառի վաճառող Ալինան 3-4 ամիսը մեկ մեկնում է Թուրքիա` ապրանքի: Նրա խոսքերով, ինքը որեւէ խնդրի առջեւ չի կանգնում ոչ այդ երկիր մեկնելուց, ոչ էլ հենց այնտեղ: «Սահմանում 15 դոլարով գնում եմ «հատուկ տալոն», որն ինձ իրավունք է տալիս մեկ ամիս մնալ Թուրքիայում, ընդ որում ոչ մի տեղ չգրանցվելով», «Ազգ» -ին պատմեց Ալինան :

Ռուսաստան մեկնելով` մեր քաղաքացին հենց ինքնաթիռում լրացնում է միգրացիոն քարտը, որից հետո դեռ պետք է հասցե գտնի այս երկրում գրանցվելու եւ ապրելու իրավունք ստանալու համար: Ինքնաթիռի տոմսով նա կարող է միայն երեք օր «ազատ շնչել» Ռուսաստանում:

Շարունակելով մեր զրույցը` Ալինան նշեց. «Ես այնտեղ մնում եմ ծանոթիս տանը, նա նույնպես հայ է: Սակայն եթե որոշեմ տուն կամ հյուրանոցում համար վարձել, ապա դրանք բավական էժան են. շաբաթական ընդամենը 30-40 դոլարով կարելի է հյուրանոցում սենյակ վարձել, որի մեջ մտնում է նաեւ սնունդը, տներն ավելի էժան են»:

Ռուսաստանում` կոնկրետ Մոսկվայում, 30-40 դոլարով ոչ միայն չես կարող հյուրանոց (էլ չենք ասումՙ տուն) վարձել, այլ նույնիսկ քեզ չեն ասի հյուրանոցի հասցեն:

«Ոստիկանական հետապնդումների մասին խոսք լինել անգամ չի կարող Թուրքիայում: Իսկ սովորական մարդկանց վերաբերմունքը, կոնկրետ ինձ համար, հրաշալի է: Շուկայում շատ թուրք առեւտրականներ նույնիսկ հայերեն են խոսում մեզ հետ, բազմաթիվ տեղեր, երբ իմանում են, որ հայ ենք, մեծ հյուրասիրություն են անում: Չգիտեմ, իմ զգացածով, հայերը Թուրքիայում ուշադրության կենտրոնում են. ես այնտեղ ինձ չեմ զգում ինչպես թշնամի երկրում», շեշտեց Ալինան:

Ռուսաստանում ոստիկանական հետապնդումների մասին խոսելու համար մեկ օրն էլ բավական չի լինի: «Կովկասյան արտաքինով անձ» արտահայտությունն այժմ էլ այնտեղ ընդունված է: Ռուս ոստիկանները ճնշում են, երբեմն նույնիսկ ստորացնում են մասնավորապես Կովկասի երկրների քաղաքացիներին` կլանելով հսկայական փողեր նրանցից: «Ամսական աշխատավարձս կազմում է մոտ 1000 դոլար, սակայն ամեն օր առնվազն 50-60 դոլար տալիս եմ միլիցեքին», «Ազգին» խոստովանեց շինարար Արտաշեսը Մոսկվայից:

Ռուս ժողովուրդի (ոչ ամբողջական, գիտակից մասը այդպես չի կարծում-Հ.Ա.) վերաբերմունքը կոնկրետ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ նույնն է, ինչ, ասենք, վրացու կամ ադրբեջանցու նկատմամբ` զգուշություն, վախ, թերագնահատում, երբեմն նույնիսկ ատելություն եւ այլն: Բոլոր կովկասյան ազգությունները, անկախ ազգային նկարագրից, պատմությունից, մշակույթից եւ կրոնից, այնտեղ մեկ ազգ են` կովկասցի:

Հայ զբոսաշրջիկներին Արեւմտյան Հայաստան տանող Վահեի խոսքերովՙ Թուրքիան, ավելի ճիշտՙ թուրքերը մեր նկատմամբ թշնամաբար չեն տրամադրված. «Վերաբերմունքը գերազանց է: Անշուշտ, այստեղ կարելի է խոսել նաեւ «թուրքական կեղծավորության» մասին, քանի որ նրանց շահերից չի բխում, որ հայերին վատ դիմավորեն, մանավանդ Արեւմտյան Հայաստանում,- ասաց Վահեն,- ի դեպ, վերջերս մի տարեց թուրք գյուղացի հարցրեց ինձ` հը՞, եկել եք ձեր հողերը տեսնեք: Կարծում եմ, որ նրանք բոլորն էլ գիտակցում են, որ դրանք մեր հողերն են, եւ մեր շփումներում ավելի հեշտ կլինի այդ գիտակցությունը դարձնել Թուրքիա պետության գիտակցություն»:

Թուրքիա մեկնող մի քանի այլ մեր համերկրացիներ մեզ հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է փոխվում թուրք մարդու մեջ, երբ իմանում է, որ դիմացինը հայ է, ասացին, որ թուրքերն ավելի են ոգեւորվում եւ տրամադրվում շփման. «Սովորական թուրքի համար հայը թշնամի չէ», նկատեցին նրանք:

Շինարար Վոլոդյան մի քանի տարի աշխատելով Ռուսաստանում, այս ամառ մեկնել էր Թուրքիա. «Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ աշխատանքի իրավունք ունենալու փաստաթուղթը շատ թանկ արժե (300-400 դոլար-Հ.Ա.), Թուրքիայում շատ ավելի էժան է: Ամռանը ես այնտեղ էի, աշխատում էի շինարարության մեջ, սեզոնը փակվելուց հետո եկա, բայց մյուս տարի նորից գնալու եմ: Ուզում եմ ընտանիքիս էլ տանեմ, բայց մի քիչ վախենում եմ` վերջին հաշվով թուրք են, ի՞նչ իմանաս»:

Բազմաթիվ լուրեր են հասնում Ռուսաստանից` մասնավորապես հայերի սպանությունների հետ կապված: Սակայն Թուրքիայում, որտեղ ապրում են 70-80 հազար հայեր, եւ ամեն տարի նույնքան հայաստանցիներ էլ մեկնում են, որեւէ նման դեպք հայտնի չէ: Ռուսաստանում այդ սպանությունների հեղինակները հիմնականում ծայրահեղ ազգայնամոլականներն են` «սափրագլուխները», սակայն մի՞թե Թուրքիայում նման ծայրահեղականներ չկան. մենք գործ ունենք «թուրքական կեղծավորությա՞ն», թե՞ այն գիտակցության առաջացման հետ, ըստ որի հայը Թուրքիայում այլեւս թշնամի չէ:

Երբեք չմոռանալով Ռուսաստանի եւ Թուրքիայի ծայրահեղ տարբեր դերերը հայոց պատմության մեջ` այնուամենայնիվ կրկնենք վերնագրով տրված հարցը` բարեկա՞մ, թե՞ թշնամի, Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա, եւ պատասխանենք` իհարկե Հայաստան, իհարկե հայկական շահ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4