Անցած շաբաթ Արցախի պետհամալսարանը շուքով նշեց բուհի ստեղծման 40-ամյակը: Բարձրագույն այս կրթօջախի նշանակությունը, հատկապես անցյալ դարի 70-80-ական թվականներին, մեծ էր ինքնավար մարզի հայապահպանության առումով:
Մանկավարժական ինստիտուտի բացումը Ստեփանակերտում հեշտ չեղավ: 1960-ական թվականների վերջերին Ղարաբաղում ակնհայտ էր լարվածությունը էթնիկական հողի վրա, եւ թերեւս այդ լարվածությունը մեղմելու նպատակով` Մոսկվան համաձայնեց Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժինը տեղափոխել Ստեփանակերտ: Ադրբեջանական իշխանությունները լուրջ մտավախություն ունեին այս կապակցությամբ, քանզի վախենում էին, որ ԼՂԻՄ-ի մարզկենտրոնում կրթագիտական օջախի բացումը, որտեղ կհամախմբվի Արցախի մտավորականության սերուցքը, կնպաստի հայ ազգաբնակչության ինքնագիտակացության բարձրացմանը: Բաքվում կարողացան հասնել փոխզիջումային մի այնպիսի տարբերակի, որով լուծվում էին ե՛ւ «հայերի նկատմամբ հոգատարության», ե՛ւ էթնիկական քարտեզն իրենց օգտին ձեւավորելու խնդիրները: Նրանց պնդմամբ` ուսուցումը մտցվեց հայերեն եւ ադրբեջաներեն լեզուներով:
Ինչքան էլ նման լուծումը ցանկալի չէր կրթհաստատության ղեկավարության համար, այդուհանդերձ, Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը 1969 թվականի սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում սկսեց գործել, բնականաբարՙ Բաքվում հայկական բաժնի փակումով:
1973-ին բուհը տվեց իր առաջին շրջանավարտները, եւ հենց այդ տարվանից մասնաճուղը վերաձեւավորվեց առանձին բարձրագույն ուսումնական հաստատության: Մեկուկես տասնամյակ անց` արցախյան շարժման սկզբնատարում, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում արդեն սովորում էր 1900 ուսանող, որից 1225-ը հայեր էին: Կապված ինքնավար մարզում տեղի ունեցող հայտնի իրադարձությունների հետ, Բաքվի թելադրանքով եւ խորհրդային իշխանությունների որոշմամբ, ՍՄԻ-ում ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցվեց: Բուհի հայկական եւ ռուսական բաժինները տեղափոխվեցին Վանաձոր, իսկ ադրբեջանական բաժինը` Կիրովաբադ:
Բայց դա երկար չտեւեց, Սպիտակի մեծ երկրաշարժից հետո արցախցի ուսանողները կրկին վերադարձան Ղարաբաղ` ուսումը շարունակելու Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի նորաբաց մասնաճյուղում:
ՀՀ կառավարությունը 1992 թվականի հոկտեմբերի 13-ին որոշում ընդունեց Վանաձորի մանկավարժական եւ նույնպես Ստեփանակերտում գործող` Երեւանի ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղերը միավորելու եւ այդ բազայի վրա պետական համալսարան հիմնելու մասին: Չնայած Ղարաբաղում տեղի ունեցող պատերազմական գործողություններին` սկսվեց ու հետայդու հաջողությամբ իրականացվեց համալսարանի կայացումը: Այժմ ԱրՊՀ-ն հայկական պետականության տարածքում ճանաչում ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններից է, որտեղ սովորում են ոչ միայն տեղացի, այլեւ ՀՀ-ից եկած ուսումնատենչ երիտասարդները:
Իր 40-ամյա կենսագրության ընթացքում Արցախի պետհամալսարանը տվել է 12664 ուսանող` 57 մասնագիտությունների գծով: Ընդգծելին, սակայն, ոչ միայն թվերն են, այլեւ այս հաստատության ազգաքաղաքական դերակատարությունը. ԱրՊՀ-ն, փաստորեն, ժողովրդական ընդվզման ժամանակաշրջանում վերածվել էր ազատագրական շարժման կենտրոնի: Այս համատեքստում արժենշելի իրողություն է, որ փետրվարյան առաջին հանրահավաքը Ստեփանակերտւմ կազմակերպվել է նաեւ բուհի ուսանողների ու դասախոսների մասնակցությամբ:
ԱրՊՀ 40-ամյա հոբելյանի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ՙ շեշտելով նրա նշանակությունը, մասնավորապես ասել է. «Մեր նպատակն է ունենալ ժամանակակից, մրցունակ ու միջազգային չափանիշներին համապատասխան գիտակրթական կենտրոն, եւ համալսարանի ղեկավարությունը պետության աջակցությամբ պարտավոր է ամեն ինչ անել դրան հասնելու համար»:
Մնում է հավատալ, որ Արցախի պետհամալսարանը կհասնի դրան` հիմքում ունենալով իր հարուստ ու բովանդակալից անցյալը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ