«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2009-11-13 | #208, 2009-11-14 | #209, 2009-11-17


ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂ. «ՄԵՆՔ ՍԽԱԼՎԵԼ ԵՆՔ, ՂԱՐԱԲԱՂԸ ԲՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ Է»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Ստամբուլի «Ակշամ» թերթի լրագրող Նեգեհամ Ալչեն նշել է, որ իրենք Թուրքիայում սխալվել են, քանի որ. «Ղարաբաղը հարյուր տոկոսանոց հայկական տարածք է, եւ մենք հասկացանք, որ դուք (նկատի ունի հայերին) երբեք չեք զիջի այն», հայտարարել է թուրք լրագրողը: Ալչեն ավելացրել է նաեւ, որ միշտ ցանկացել է սեփական աչքերով տեսնել Ղարաբաղը, ծանոթանալ նրա բնակչության պահանջներին ու կարիքներին. «Ղարաբաղի շուրջը տարածքային վեճը հետաքրքրում է նաեւ մեր երկրին` Թուրքիային, սակայն այն, ինչ ես տեսա այստեղ, ցրեց իմ բոլոր կասկածները Ղարաբաղի անցյալի ու ապագայի վերաբերյալ: Դրանում հատկապես օգտակար եղավ, որ մենք այստեղ մի քանի հանդիպումներ ունեցանք պաշտոնատար անձանց ու սովորական քաղաքացիների հետ: Մենք տպավորված ենք Ստեփանակերտով եւ պատրաստ ենք կրկին վերադառնալ այստեղ», հույս է հայտնել Ալչեն:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ու դրանցում թուրքական կողմի առաջ քաշած «ղարաբաղյան նախապայմանին»` թուրք լրագրողը ասել է, որ թեեւ Ղարաբաղը խոչընդոտ է Հայաստան-Թուրքիան հարաբերություններում, եւ թուրքական քաղաքական վերնախավը բազմիցս է նշել, որ մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, սահմանները չեն բացվելու, բայց. «Կապրենք կտեսնենք, թե ինչպես կլինի, կրկնում եմՙ Ղարաբաղը ես համարում են հայկական տարածք», շեշտել է թուրք լրագրողը:

Իսկ հարցին, թե չի՞ վախենում արդյոք նա Ադրբեջանի հիստերիայից, որ Ղարաբաղ է մտել Հայաստանի տարածքով, Ալչեն պատասխանել է. «Իհարկե, մենք գիտենք, որ Ադրբեջանը դժգոհություն կհայտնի, որ մենք այստեղ ենք: Հնարավոր էՙ Ադրբեջանում մեզ կհայտարարեն «անցանկալի անձինք», սակայն մենք լինելու ենք օբյեկտիվ մեր աշխատանքի մեջ: Սա ընդամենը մեր աշխատանքն է, մենք լրագրող ենք եւ պարտավոր ենք լինել ամենուր»:

Ալչեն հայտնել է նաեւ, որ լուսանկարչի հետ նախատեսում է այցելել Շուշի` այնտեղից ռեպորտաժ տալու համար:

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի միջոցով փորձում է պարզաբանումներ ստանալ թուրք լրագրողների, ինչպես նշված է նախարարության հայտարարության մեջ, «օկուպացված տարածքներ» այցելության փաստի հետ կապված:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4