Եվրոպացի գիտնականները զուգահեռներ են տարել Փարիզի եւ Լոնդոնի միջեւ` պարզելու, թե այս քաղաքներից որն է ավելի հարմար զբոսաշրջիկների համար: Պարզվել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքն ավելի հարմար է զբոսաշրջիկների տեղափոխությունների համար, քան Լոնդոնը:
Մեր մայրաքաղաք Երեւանը, հավակնելով դառնալ տարածաշրջանային զբոսաշրջության կենտրոն-քաղաք, այսօր տեղափոխությունների համար հարմար չէ մեր քաղաքացիներին, ուր մնաց արտասահմանցի զբոսաշրջիկներին. քիչ թե շատ կանոնավոր երթեւեկություն, զուգարան դարձած գետնանցումներ, եւ այլն:
Գիտնականները ուսումնասիրել են նաեւ, թե Փարիզի ու Լոնդոնի մի փողոցից մյուսը տրանսպորտով հասնելու համար որքան ժամանակ կվատնի եւ դժվարություններ կկրի զբոսաշրջիկը: Այստեղ կրկին «հաղթել» է Փարիզը, որի տրանսպորտային համակարգը ավելի կատարյալ է համարվել բրիտանական մայրաքաղաքից :
Հայաստանի մայրաքաղաք Երեւանը, կարծում ենք, այստեղ «մրցակցությունից դուրս» է` իր «Գազելներով»` ծխող ու գոռգոռացող վարորդների հետ, ինչպես նաեւ ամբողջ ճանապարհի երկայնքով կանգնած ամեն օր «ծնվող» տաքսիներով եւ այլն, եւ այլն:
Գիտնականները նույնիսկ համեմատել են լոնդոնյան Թեմզայի ու փարիզյան Սենի լայնությունները. այստեղ էլ Թեմզան է դարձել անգլիացիների «պարտության» պատճառը. Սենի վրայով երթեւեկությունը ե՛ւ ավելի հարմարավետ է, ե՛ւ ավելի կարճ:
Ֆրանսիական ու բրիտանական մայրաքաղաքների համեմատության մեջ անդրադարձ է եղել նաեւ այդ քաղաքների մետրոպոլիտենին: Նշվել է, որ ե՛ւ Լոնդոնում, ե՛ւ Փարիզում մետրոն զգալիորեն արագացնում եւ հեշտացնում է զբոսաշրջիկների շարժը, սակայն, ուսումնասիրող գիտնականների կարծիքով, փարիզյան մետրոն ավելի լավ է դա անում:
Երեւանի մետրոն նախ չի ապահովում ամբողջ քաղաքին, երկրորդը` մայրաքաղաք ժամանած զբոսաշրջիկները դժվար թե իմանան նրա կայարանների տեղը, երրորդ` կայարանների դիմաց, ներսում (կոնկրետ «Հանրապետության հրապարակ» կայարանի դիմաց) «բուրավետ» զուգարանների առկայությունը ստիպում է գերադասել` թեկուզ «Գազելով» շարունակել ճանապարհդ միայն թե չմտնել այնտեղ: Այս ցուցակը դեռ կարելի է շարունակել:
Ուսումնասիրությունները կատարած գիտնականները հայտարարել են, որ այս նյութերը օգտակար կարող են լինել քաղաքների զարգացմամբ, բարեկարգմամբ զբաղվող պետական գործիչների համար: Մենք էլ ընհամենը հույս ենք հայտնում, որ եվրոպական երկու խոշոր մայրաքաղաների համեմատությանը միացրած մեր մայրաքաղաքի պատկերը կհիշեցնի քաղաքապետարանին գոնե վերոհիշյալ խնդիրների մասին. չէ՞ որ Երեւանը հավակնում է դառնալ տարածաշրջանի զբոսաշրջության կենտրոն երկրի մայրաքաղաք:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ