«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2009-11-14 | #209, 2009-11-17 | #210, 2009-11-18


ԽՈԶԱԳՐԻՊԻ ԴԵՊՔԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ ՉԿԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ

ԼՂՀ վարչապետի ղեկավարությամբ H1N1 գրիպի հնարավոր համաճարակի դեմ միջոցառումների կազմակերպման հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստում քննարկվել են Արցախում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, հատուկ վտանգավոր վարակի ներթափանցման ու տարածման կանխարգելման հարցեր, տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստում ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը նշել է, որ նախարարությունը վտանգավոր գրիպի կանխման դեմ միջոցառումներն սկսել է դեռեւս ապրիլ ամսից` կազմակերպելով սեմինար-խորհրդակցություններ եւ տալով անհրաժեշտ մեթոդական ցուցումներ: Անցկացվում են դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների եւ բուժքույրերի մասնակցությամբ: Նախարարությունն ամեն օր տեղեկություններ է ստանում դպրոցներում եւ նախադպրոցական հիմնարկներում գրանցվող բացակայության պատճառների մասին: ԼՂՀ մուտքի արտոնագիր ունեցող քաղաքացիների նկատմամբ իրականացվում է պատշաճ վերահսկողություն:

Առողջապահության նախարարը միաժամանակ հանձնաժողովին է ներկայացրել գրիպի հնարավոր համավարակին պատրաստվածության ծրագիրը, համաձայն որի` կառավարությունը 4 մլն 500 հազար դրամ է հատկացրել հնարավոր վարակի կանխարգելման դեմ միջոցառումների իրականացման, մասնավորապես` պատվաստանյութի եւ «Տերաֆլյու» դեղամիջոցի ձեռքբերման համար: Առ այսօր Ղարաբաղում խոզագրիպի դեպք չի գրանցվել, իսկ վարակի հայտնաբերման դեպքում գերատեսչությունը կգործի մշակված ծրագրով:

Վարչապետը հանձնարարել է ուշադիր լինել ու վերահսկողությունն ուժեղացնել նաեւ հանրապետությունում գործող հյուրանոցներում, զուգահեռաբար` զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար պարզաբանումներ տալ, թե գրիպի կանխարգելման համար բնակչությունն ինչ կանոններով պիտի առաջնորդվի:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4