«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2009-11-14 | #209, 2009-11-17 | #210, 2009-11-18


«ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ 25-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸՙ ՎՏԱՆԳՎԱԾ

Չնայած 2009 թվականը «Ալան Հովհաննես» կամերային նվագախմբի համար հոբելյանական տարեթիվ է, սակայն այսօրվա մեր անդրադարձը նվագախմբի 25-ամյա ստեղծագործական ճանապարհը ներկայացնել-արժեւորելուց զատ, ներկայիս ցավալի իրողության առիթով է. նվագախումբը կանգնած է լինել-չլինելու խնդրի առաջ:

Վերաբերմունքՙ արտերկրում փառատոնային հաջողությունից հետո

Անգամ ներկայիս ծանրագույն պայմաններում նվագախումբը հունիս ամսին հայ ունկնդրի դատին ներկայացրեց ալեատորիկ երաժշտության գլուխգործոցներից մեկըՙ Վիտոլդ Լյուտոսլավսկու «Պրելյուդները եւ ֆուգան»: Ծավալուն, բազմաշերտ մի ստեղծագործություն, որը Երեւանում հնչում էր առաջին անգամ: Եվ, մասնագետների կարծիքով, հնչեց գեղարվեստական արժանիքների մի այնպիսի գունապնակով, որ պատիվ կբերեր յուրաքանչյուր հայտնի նվագախմբի: Եվ նույն համերգի երկրորդ բաժնումՙ մեկ այլ գլուխգործոցՙ Շուբերտ-Մալերի «Աղջիկը եւ մահը» թիվ 6 կվարտետը:

«21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում մասնակցեց մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկիՙ Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված համերգաշարին, իրականացնելով հոբոյի եւ տասնմեկ լարայինների համար գրված «Կապրիչիոն» (մենակատարՙ Հ. Պապիկյան): Եվ ընդունելությունը այս անգամ էլ հիացական եղավ:

Արդեն նոյեմբերի 19-ին նվագախումբը մասնակցելու է Կոմպոզիտորների միության աշնանային փառատոնին, ուր առաջին անգամ հնչելու են Էդուարդ Սադոյանի վերամշակած «Հայկական սյուիտը», երիտասարդ կոմպոզիտոր Կարեն Անանյանի «Կարնո շորորը», Մելիք Մավիսակալյանի «Կոնցերտ-ռապսոդիան»: Երկրորդ բաժնում հնչելու է Երվանդ Երկանյանի «Քրոնիկոն» մեծածավալ ստեղծագործությունը: Պարզապես նշենքՙ այս ստեղծագործության առաջին կատարողը նույնպես եղել է «Ալան Հովհաննես» կամերային նվագախումբը. ստեղծագործությունը ներկայացված է ՀՀ պետական մրցանակի: Եվ հավելենքՙ այս ամենն արվել եւ արվում է կարգավիճակի եւ ֆինանսների բացակայության պայմաններում:

Իր քառորդդարյա գոյության ճանապարհին նվագախումբը ունեցել է ինչպես ստեղծագործական հաջողություններ, այնպես էլ ադմինիստրատիվ դժվարությունների տարբեր հանգրվաններ: 1984-ին հիմնադրված համեստ կարողությունների նվագախումբն իր զարգացման ընթացքում դարձավ հայաստանյան երաժշտական կյանքում կարեւոր նշանակություն ունեցող մի այնպիսի կոլեկտիվ, որն իր ֆունկցիոնալ, գեղագիտական արժանիքների առումով ամենափնտրվածներից է այսօր:

1995-ից գործել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ, կոչվելով Երեւանի քաղաքապետարանի կամերային նվագախումբ: 2000-ը նշանակալի եղավ նվագախմբի համար նրա կենսագրությանՙ միմյանց հակասող զուգադիր էջերով: Գերմանիայում կայացած «Բախ-2000» միջազգային փառատոնը ստեղծագործական նոր լիցք հաղորդեց նվագախմբին: Փառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբ նվագախումբն իրականացրեց շուրջ 63 րոպե տեւողության բարձրարժեք լազերային ձայնասկավառակի թողարկումը: Այս հաջողությանը սակայն հաջորդեց հայաստանյան անակնկալի խոր հուսահատությունը. տունդարձից հետո ժամանակ անց նվագախումբն իրեն գտավ քաղաքապետարանի պատկանելության իր նախկին կարգավիճակից զրկվածՙ խմբի եւ ղեկավարի համար անհայտ պատճառներով: 2001-ից գործեց Աջափնյակ համայնքի թաղապետարանի հովանավորությամբ, նույն թվականին էլ անվանակոչվեց Ալան Հովհաննեսի անունովՙ գեղագիտական կողմնորոշումներով համահունչ ամերիկահայ կոմպոզիտորի ստեղծագործության ձեռագրին ու մտածողության կերպինՙ նորագույն երաժշտության ընկալման ու մեկնաբանության, արեւելք-արեւմուտք մշակութային կամրջումի, երաժշտության նոր ակունքներ գտնելու փորձարարական մոտեցումների առումներով:

Կարգավիճակի բացակայության հետեւանքները

Նվագախմբի 2008-2009-ի գործունեությունը ֆինանսավորեց Երեւանի քաղաքապետարանը: Երաժիշտների հետ կնքված պայմանագրային պարտավորություններն ավարտվեցին այս տարվա մայիսին, եւ նվագախումբը կրկին հայտնվեց փակուղու առաջՙ սպասելով ֆինանսավորող որեւէ օղակի բարեհաճությանը, իսկ ավելի ստույգՙ հայտնվեց այդ օղակի բացակայության դեմ հանդիման: Նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Մերուժան Սիմոնյանի վկայությամբ Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, կարեւորելով նվագախմբի եզակի նշանակությունը ժամանակակից հայ երաժշտության ներկայացման գործում, մշտապես աջակցել է նվագախմբին, բայց եւ այնպես պարզվում է, որ այդ ջանքերը կարող են եւ չբավարարել վերջնական լուծումների հասնելու ճանապարհին: Ֆինանսավորման խնդիրը, այս պարագայում, սակայն, ածանցյալ է. 25-ամյա երաժշտական փորձով եւ ֆունկցիոնալ կարեւորությամբ նվագախումբն առայժմ որեւէ կարգավիճակ չունի. այն, ցավոք, չընդգրկվեց վերջին տարիներին պետական կարգավիճակ ստացած մի շարք նվագախմբերի, երգչախմբերի ցանկում: Այսպիսի անհավասար պայմանները, անկասկած, ամենամեծ խոչընդոտող հանգամանքն են թե՛ ստեղծագործական, թե՛ ֆինանսական (աշխատավարձային), թե՛ ադմինիստրատիվ (դահլիճների վարձակալություն, գովազդային տեսագրումներ, ազդագրեր, բուկլետներ եւ այլն) առումներով: «Քսանհինգ տարիների աշխատանքային փորձ եւ կարգավիճակի բացակայությունՙ անհասկանալի է, եթե չասեմՙ վիրավորական: Ես ապրել եմ Սովետական Միությունում եւ գիտեմ, թե ինչու կործանվեց այդ երկիրը: Եվ հիմա ինձ համար կարեւոր է, որ ճանապարհ հարթի տաղանդը, ճշմարիտ վաստակը, եւ ոչ թե վերստին ապավինենք ինչ-ինչ հարաբերությունների մոգական զորությանը» , - այսպես է մտածում նվագախմբի ղեկավարըՙ ապավինած պարկեշտ, սակայն մերօրյա պայմաններում հազվադեպ իրականանալի եղանակին: Ի պաշտպանություն նվագախմբիՙ ստորագրությունների պատկառելի ցանկը, հարակից գրությամբՙ ուղղված մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, եւս ազդեցիկ գործոն կարող է լինել: Մանավանդ, երբ «Ալան Հովհաննես» կամերային նվագախմբին պետական կարգավիճակ շնորհելու անհրաժեշտության համար իրենց ստորագրություններն են դրել հայ երաժշտական, մշակութային աշխարհին հայտնի այնպիսի անուններ, որպիսիք են Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Տիգրան Մանսուրյանը, Արաքս Սարյանը, Մեդեա Աբրահամյանը, Գեղունի Չթչյանը, Վլադիլեն Բալյանը, Դավիթ Ղազարյանը, Կարպիս Սուրենյանը, Իրինա Տիգրանովա-Տերտերյանը, Զառա Տեր-Ղազարյանը, Լեւոն Չաուշյանը, Աննա Արեւշատյանը, Մելիք Մավիսակալյանը, Փարավոն Միրզոյանը, Սարգիս Խաչենցը, Ստեփան Ռոստոմյանը, Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը, Դավիթ Գասպարյանը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, Աստղիկ Գեւորգյանը, Արթուր Մեսչյանը եւ ուրիշներՙ շուրջ 60 անվանի մտավորականներ: Հետաքրքրական է, որ հանուն ընդհանուր մեկ գաղափարիՙ այս ստորագրահավաք-դիմումը Էդվարդ Միրզոյանը համարել է աննախադեպ երեւույթ մեր երաժշտական կյանքում:

«Ապրելու իմիտացիան ընդհանրապես վատ բան է, իսկ արվեստումՙ պարզապես անհնարին»

Նվագախմբի ճակատագրի հանդեպ երաժշտական աշխարհի այս միահամուռ վերաբերմունքը նույնքան օրինաչափ է, որքան նաեւ շահագրգիռ, թերեւս: Նվագախմբի երկացանկում ժամանակակից հայ կոմպոզիտորների շուրջ 80 ստեղծագործություններ են ընդգրկված, որոնցից զգալի մասն առաջին կատարումներ են եղել: Մասնագետների կարծիքովՙ բարձրարվեստ կատարումներ: «Մեր նվագախումբը պետք է ժամանակակից կոմպոզիտորի կողքին լինի, քանի որ ինքն է կնքահայրը բազմաթիվ նոր ստեղծագործությունների: Երաժշտական աշխարհում առաջին կատարումը կարեւորագույն եւ ինչ-որ տեղ բախտորոշ է յուրաքանչյուր ստեղծագործության համար: Իհարկե, առանձնակի խնդիր է կատարման նախօրինակի բացակայության պայմաններում առաջինը հնչեցնել ստեղծագործությունը բնագրի ճշգրտությամբ, ոչ միայն տեխնիկական վարպետությամբ եւ ոչ միայն հնչյունը, այլեւՙ էությունը :

  Կատարողական արվեստի հիմնական առաքելությունըՙ ստեղծագործությունը հայտնի դարձնելու, ներկայացնելու ֆունկցիոնալ նշանակությունն աստիճանաբար նվազում է, շեղվում իր ակունքներից: Շատերն անտեղյակ են նոր ժամանակի կոմպոզիտորական մտքի զարգացումներին, մինչդեռ ժամանակակից կյանքը պահանջում է աշխարհին ներկայանալ մշակութային այսօրվա դիմագծով» :

Հարցադրում-պահանջն այսպիսին էՙ ունե՞նք մենք այսօր նոր միտք որոնող կոմպոզիտոր, եւ ունե՞նք այդ նոր միտքը ներկայացնող կատարումներ: «Նոր երաժշտությունը մեզ համար սկզբունքային հարց է: Ես ինքս գրող եմ եւ գիտեմՙ ինչ ասել է ապրումի իմիտացիա: Այսինքնՙ դու ես եւ դու չես: Այսպես ապրելն ընդհանրապես վատ բան է, իսկ արվեստումՙ այս կերպ «լինել» պարզապես անհնարին է: Ջանքեր են պետքՙ կարողանալու առողջ, ինքնուրույն, բնական անհրաժեշտության երակից գալ: Առավել ստույգՙ խնդիրն ինձ համար նույնիսկ երաժշտությունը չէ, այլ մարդու գոյության կերպը, նրա անվերջ նորոգվելով ապրելու սքանչելի կիրքը: Գոնե ես այդպես եմ փորձում խուսափել կատարողական արվեստը հեղեղած ամենավտանգավոր վարակիցՙ իմիտացիայից: Չէ՞ որ ասված էՙ տրադիցիաներն անտեսելը անգիտություն է, իսկ դրանց հետ մնալըՙ մահ»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձներ եղան երաժշտական աշխարհի ամենատարբեր շերտերինՙ կոմպոզիտորական, կատարողական, դիրիժորական արվեստից մինչեւ փառատոնա-միջոցառումային համերգատեսակներ, որոնցում առկա խնդիրների հանդեպ Մերուժան Սիմոնյանն ունի իր անհատական, ուրույն տեսակետները: Դրանցից, սակայն, չեմ կարող չառանձնացնել նվագախմբի հանդեպ նրաՙ ղեկավարի մարդկայնորեն բացառիկ վերաբերմունք-գնահատանքը. «Ես խոնարհվում եմ իմ նվագախմբի երաժիշտների առաջ: Մենք միասին հավատի մեծ պաշար ունենք կուտակած: Երաժիշտներն անում են հնարավոր եւ անհնարին ամեն ինչՙ պահպանելու մեր օջախը: Հասկանալի պատճառներով նրանցից ոմանք տեղափոխվում են այլ նվագախմբեր, քանի որ մշտապես առկա է գործազրկության վտանգը: Լավ երաժշտի հեռանալու դառնության պահին ինձ զորավիգ մնում են իմ ընկերները, բոլոր նրանք, ում կողքին ես ապրում եմ, եւ ովքեր դեռ հավատում են ինձ :

  «Ալան Հովհաննես» նվագախումբն իր միջուկն ունի: Նվիրված, հավատարիմ մարդիկ կան, որ ոչ մի տեղ չեն գնում, եւ նրանք էլ պահում են նվագախումբը: Երբեմն ինձ բարոյապես ճնշված եմ զգում: Փորձել եմ բացատրել վիճակը, գումար չկաՙ ասել եմ: Նորից «նույն տաշտակի առաջ» պետք է սպասել: Ասել եմՙ մի իրավիճակ է, երբ իրավունք չունեմ անգամ ոչինչ խորհուրդ տալու: Խոսքերիս ի պատասխան միայն մեկ հարց եղավՙ փորձը ե՞րբ է, դուք օրը ասեք երբ ենք սկսում» :

Այսպիսի փոխադարձ վերաբերմունքն, անկասկած, պայմանավորված է ստեղծագործական մթնոլորտով, փոխըմբռնմամբ, մարդկային ազնիվ վերաբերմունքով եւ ընդհանուր հետաքրքրություններով: «Երբեմն փորձերից առաջ պոեզիա, գրականություն (էսսեներ, հուշեր) ենք ընթերցում: Կատարողական արվեստը միայն երաժշտություն հնչեցնելը չէ: Իմաստային ճիշտ շեշտադրումով նվագելու, ճիշտ մշակութային պատկանելություն ունենալու խնդիր կա: Իմ աշխատանքը դարձել է մարդկային խորը կապվածություն եւ դա ինձ համար շատ թանկ է :

  Հիշենք Կոստան Զարյանի պատգամը. «Եթէ ուրիշ ժողովրդների համար բանաստեղծութիւնը գեղեցկութեան նուաճման բարդ եւ խորիմաստ միջոց է, եթէ նա կոչուած է հարստացնելու արդէն շատ երեւոյթներով պերճացած եւ զուարթացած կեանքը, եթէ նա սնունդ է «քիչերի եւ ընտրեալների» համար եւ նրբաճաշակ պրպտումների առարկայ, հայու համար նա անհրաժեշտ հոգեկան հաց է եւ իր էութիւնը պատճառաբանող եւ արդարացնող աստղակերտ ցոլացում» :

  Հայ ժամանակակից երաժշտությունը օտարին հետաքրքիր կարող է լինել, երբ իր ասելիքով եւ իրականացման կերպով դիտվի որպես իր ստեղծողի եւ կրողի ոգեղեն նեցուկ: Ասել է, երբ մեծ բեմերի անհրաժեշտությունը դառնա: Շատ եմ ուզում հավատալ, որ ինձ ու իմ նվագախմբին կտրվի այս կարեւոր խնդրի իրականացմանը մասնակցելու հնարավորությունը...

վագախմբի ստեղծագործական կենսագրության մասին

Համերգային հյուրախաղեր է ունեցել Վրաստանում (1985, 1987), Լատվիայում (1989), Արաբական Միացյալ Էմիրություններում (1998): Մասնակցել է Գերմանիայում կայացած «Բախ-2000» միջազգային փառատոնին, իսպանական Սեւիլյա քաղաքում տեղի ունեցած Բարոկկո օպերաների փառատոնին (2001), Հայաստանում կազմակերպած Բրիտտենի 90-ամյակին նվիրված փառատոնին, Մարտուն Իսրայելյանի ծննդյան 65 եւ Աշոտ Զոհրաբյանի ծննդյան 60-ամյակներին նվիրված հեղինակային համերգներին, Ավետ Տերտերյանի 75-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնին, ՀՀ կոմպոզիտորների միության կազմակերպած գարնանային եւ աշնանային փառատոնային ծրագրերին եւ այլն :

Նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Մերուժան Սիմոնյանը որպես դիրիժոր ելույթներ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Երեւանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի, Երեւանի կամերային, Թեհրանի «Parsian» կամերային նվագախմբերի հետ: Իրականացրել է Մասկանյիի «Գեղջկական ասպետություն» օպերայի բեմադրությունը, Ռոսինիի «Սեւիլյացի սափրիչը» օպերայի համերգային կատարումը:

Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ է: Մ. Սիմոնյանը արձակագիր է, էսսեիստ: Նրա «Հուր-Հուր մեծ թիթեռի պատմությունը» (1993) գրքի մոտիվներով գրվել է Էդուարդ Հայրապետյանի թիվ 3 սիմֆոնիան: Հեղինակ է նաեւ «Սեւ աքլորականչի համաստեղությունը» (2007) պատմվածքների ժողովածուի, «Երիցյան վինագործներ» (2007) մեծածավալ աշխատության: Արժանացել է «Նարցիս» գրական-մշակութային հանդեսի 2008-2009թ. լավագույն էսսեի համար սահմանված մրցանակին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4