«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2009-11-17 | #210, 2009-11-18 | #211, 2009-11-19


ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ 1-2 ՏՈԿՈՍ ԱՃ

Հայաստանի խորհրդարանը սկսել է 2010 թ. պետական բյուջեի օրինագծի քննարկումները: Ներկայացնելով փաստաթուղթըՙ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե կառավարությունը շեշտը դնում է կենսաթոշակային հիմնադրամի ու ապահովագրության ոլորտի բարեփոխումների վրա, ինչը թույլ կտա մեծացնել հայկական տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը:

«Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու կենսաթոշակային եւ ապահովագրական ոլորտներին», նշեց վարչապետը: Նրա խոսքով, փոփոխություններ են նախատեսվում նաեւ պետական կառավարման ոլորտում: 9 միջոցառումներ կանցկացվեն առողջապահության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: Բարեփոխումները կշարունակվեն նաեւ սոցիալական եւ կրթական ոլորտներում: Նա նաեւ հայտնեց, որ 2010-ին Հայաստանը միջոցներ կստանա «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից, ինչը թույլ կտա պահպանել բյուջետային ծախսերի ծավալըՙ 2009-ի մակարդակի վրա:

Տիգրան Սարգսյանը նաեւ նշեց, որ տնտեսական աճը 2010-ին կկազմի 1,2 տոկոս: «Մենք մտադիր ենք նաեւ 2009-ի մակարդակի վրա պահպանել սոցիալական ոլորտի ֆինանսավորումների ծավալները, եւ ես համոզված եմ, որ դա մեզ կհաջողվի», նկատեց նաՙ ավելացնելով, որ 2009-ի հետ համեմատածՙ աննշան կերպով կարող է իջնել ՀՆԱ-ի ցուցանիշը:

2010-ի բյուջեի նախագծով կանխատեսված 500 մլրդ դրամի փոխարեն 533 մլրդ դրամի ծախսեր են նախատեսվում: Եթե տնտեսական իրավիճակը բարեհաջող լինի, ապա ցուցիչները կավելացվեն, եթե ոչՙ ծախսերը կիրականացվեն պահուստային ֆոնդի հաշվին: 2010-ին տեղական ինքնակառավաման ոլորտի ֆինանսավորումը 17 տոկոսով կգերազանցի 2009-ի ցուցանիշըՙ կազմելով 32,5 մլրդ դրամ: Առանձին մաս է նախատեսված նաեւ Լեռնային Ղարաբաղի համարՙ 31 մլրդ դրամ: Վարչապետի խոսքով, դա թույլ կտա ապահովել ԼՂՀ ազգաբնակչության անվտանգությունը: Նա նաեւ նշեց, որ 2010-ին կառավարությունը կշարունակի աջակցել փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը: Պայմաններ կստեղծվեն նաեւ հայրենական արտադրանքի արտահանման համար, կշարունակվեն հարկային եւ մաքսային ոլորտների բարեփոխումները:

Ավելի վաղ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել էր, թե 2010 թվականին Հայաստանը կմտնի տնտեսական կայունացման փուլ, կնկատվի 1,2 տոկոսանոց տնտեսական աճ:

Դավթյանի խոսքերով, դոլարի հաշվարկային փոխարժեքը կլինի 376 դրամՙ մեկ դոլարի դիմաց:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4