«Մարտիրոս Սարյանի 130-ամյակը եկող տարի կնշվի մի շարք միջոցառումներով», «Ազգի» թղթակցին տեղեկացրեց մեծահամբավ նկարչի տուն-թանգարանի տնօրեն Սոֆյա Սարյանը : Նա նաեւ հավաստեց, որ Սարյանի ծննդյան օրըՙ փետրվարի 28-ին երեւանյան տուն-թանգարանում ցուցահանդես կբացվի, որտեղ կներկայացվեն նկարչի լուսանկարները, որոնք հեղինակել են Անդրանիկ Քոչարն ու Գավուքը:
«Սարյանի հոբելյանը հենց նրա ծննդյան օրը կնշեն նաեւ Տրետյակովյան պատկերասրահումՙ ցուցադրելով պատկերասրահի ֆոնդերում պահվող նկարչի գործերը, որոնք վաղուց չեն ցուցադրվել», տեղեկացրեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենը:
Նրա հավաստմամբ, հոբելյանական միջոցառումների կազմակերպման հարցում անմասն չի մնացել նաեւ Հայաստանի մշակույթի նախարարությունը, որի աջակցությամբ 2010-ի սեպտեմբերին կբացվի Սարյանի 30 գործերը ներառող «Ծառը որպես խորհրդանիշ Սարյանի գործերում» ցուցահանդեսը: Հոբելյանական միջոցառումները կեզրափակվեն Մարտիրոս Սարյանին նվիրված գիտաժողովով եւ նրա գործերի ալբոմի հրատարակմամբ:
Ն. ՊԵՏՐՈՍՅԱՆ