Նման կարծիք երեկ հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը : Խոսելով միության եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ՏՏ վարչության համագործակցության մասին` Վարդանյանն ասաց, որ իրենց նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական երկիր. «Ուզում ենք Երեւանից տարածվել դեպի մարզեր, որպեսզի մեր շրջանների, գյուղերի բնակիչները օգտվեն բարձր տեխնոլոգիաներից: Կարծում եմ, որ սա կօգնի կոնկրետ գյուղերում լուծելու սոցիալական խնդիրները, օրինակ, եթե գյուղացին ուզում է որեւէ գործ անել, ապա նա կարող է ինտերնետով հավաքել իրեն անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, այլ ոչ թե, ասենք, վազի ագրոնումի հետեւից եւ այլն», ասաց Վարդանյանը:
Տարածքային կառավարման նախարարության ՏՏ վարչության պետ` Սուրեն Կոշեցյանը , նույնպես կարեւորելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությունը, առանձնացրեց մարզերի հետ աշխատանքների մի քանի ուղղություններ. «Նախ դա կառավարությունում ներդրված գործառույթների համակարգն է, որը գործում է բոլոր նախարարություններում, այժմ էլ ներմուծվում է մարզպետարաններ: Այս ուղղությամբ մարզպետարանների հետ մենք տանում ենք ուսուցողական գործընթացներ` Համաշխարհային բանկի աջակցությամբ»: Բանախոսն ավելացրեց նաեւ, որ արդեն ստացվել է տեխնիկա, որը կբաժանվի 5 մարզերի. «Սակայն ունենք դժվարություններ մարզպետարաններին համակարգիչներով ապահովելու մեջ, չնայած, կարծում եմ, այս հարցն էլ մոտ ապագայում կլուծենք», ասաց Կոշեցյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն 225 համայնքներ ապահովված են տեղեկատվական տեխնոլոգիաներովՙ Արտաշատը, Արամուսը եւ այլն: Բացի այդ, ըստ Կոշեցյանի, ամեն մարզում մի համայնք է վերցված, որը պետք է տվյալ մարզի ողջ գործընթացները համակարգի:
Կարեն Վարդանյանն էլ ավելացրեց, որ եթե որեւէ քաղաքապետ ցանկանում է իր համայնքը մարզի համար դարձնել այդպիսի կենտրոն, բայց անհրաժեշտ գիտելիքները չունի, ապա կարող է դիմել իրենց միություն` ուսուցում կազմակերպելու համար:
«Պարոն Վարդանյանի գլխավորած միության հետ մեր համագործակցության շրջանակներում նախատեսում ենք կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների «շարժական ցուցահանդես», որի նպատակն է մարզերում մարդկանց ծանոթացնել այդ տեխնոլոգիաներին: Ինչպես նաեւ աշխատում ենք այս ոլորտը Հայաստանում դարձնել լուրջ բիզնես», ասաց Կոշեցյանը: «Ընդ որում ամեն մարզերից մեկ-երկու հոգի արդեն արձագանքել են այս ծրագրին», հավելեց պարոն Վարդանյանը:
Վերջինս մի շարք խնդիրներ առանձնացրեց, որոնք պետք է լուծում ստանան մոտ ապագայում: Ըստ Վարդանյանիՙ դրանցից մեկը համացանցի ֆիզիկական հասանելիության խնդիրն է, թե որքանով է համացանցը մտնում մեր բնակիչների տները: «Երկրորդը կարել է նշել տնտեսական հասանելիությունը, այսինքն որքանո՞վ է ինտերնետը մատչելի մեր հասարակությանը,- ասաց Վարդանյանը,- երրորդը հմտության հարցն է, որքանո՞վ մեր բնակիչը կարող է օգտվել ինտերնետից եւ չորրորդ խնդիրն այն է, թե որքա՞ն ունենք այսօր հայալեզու ինտերնետային բովանդակություն, քանի որ մեր բնակիչներից շատերը չգիտեն անգլերեն, իսկ ոմանք էլ նույնիսկ չեն տիրապետում ռուսերենին»: Բանախոսը կարեւոր համարեց նաեւ Հայաստանի համակարգչայնության խնդիրը, որի լուծման ձեւ նշեց կառավարության «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը:
Վարդանյանը կարեւոր համարեց նաեւ յուրաքանչյուր համայնքում իրենց ծրագրերին առաջնորդողի առկայությունը: Ըստ բանախոսի, եթե նման մարդիկ չլինեն, ապա իրենց ջանքերը կհավասարվեն զրոյի. «Այդ պատճառով էլ մենք պետք է այդ մարդկանց պատրաստենք` տալով համապատասխան կրթություն», նշեց պարոն Վարդանյանը:
Բանախոսը կարծիք հայտնեց, որ լավ ապրելու, աշխատելու գիտակցության պայմաններում հնարավոր է մեծ հաջողությունների հասնել Հայաստանում. «Տեսեք, Սինգապուրի օրինակը. մի քանի տասնամյակ առաջ այդ երկիրն ընդամենը ձկնորսական ավան էր, սակայն մարդիկ ցանկացան ավելի լավ ապրել, քան ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, եւ, զարկ տալով տեղեկատվական տեխնոլոգիաներին, այսօր գերզարգացած երկիր են, ի՞նչ է խանգարում Հայաստանին նման կերպ վարվելու: Կարծում եմ մի տասը տարի հետո մարդիկ կերազեն ապրել Հայստանում», եզրափակեց պարոն Վարդանյանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ