Հարավային Կովկասի 6-րդ մեդիա-համաժողովը, որը նվիրված է լրագրողական կրթության բարելավմանն ու նոր մարտահրավերներին, մեկնարկել է Թբիլիսիում: Այնտեղ քննարկվել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի լրատվամիջոցների ազատության հարցերը:
Համաժողովի բացմանը հանդես եկած ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին հայտարարել է, որ տարածաշրջանի երեք երկրներում ժողովրդավարությունը տարբեր մակարդակների վրա է. «Վրաստանին անհրաժեշտ է բազմակարծություն: Այժմ այդ ուղղությամբ բարեփոխումներ են կատարվում այդ երկրի օրենսդրությունում: Վրաստանը նաեւ պետք է լուծի հանրային հեռարձակողի ֆինանսավորման հարցը: Հանրային հեռարձակողի ֆինանսավորումը ինքնավար պետք է լինի, որը կապահովի ազատություն», նշել է Հարաշտին:
Նա ասել է նաեւ, որ Վրաստանում լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկությունները թափանցիկ չեն: «Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին, ապա Հայաստանում արձանագրվել են լրագրողների հետապնդման փաստեր, որը շատ ցավալի է: Ադրբեջանի պարագայում` հետապնդմանը գումարվել են նաեւ ձերբակալությունները», տեղեկացրել է պարոն Հարաշտին: Պաշտոնյայի խոսքերովՙ անհնար է խոսել երկրում լրագրողական ազատության մասին, եթե տվյալ երկրում չկա համապատասխան կրթություն. «Անգամ լավագույն օրենքները չեն կարող ապահովել լրատվամիջոցների ազատությունը, եթե չկա բազմակարծություն», եզրափակել է Միլոշ Հարաշտին:
Հ. Ա.