«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2009-11-19 | #212, 2009-11-20 | #213, 2009-11-21


ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՕՐԻՆԱԳԾԵՐԻՆ

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է ԱՄՆ Սենատում քաղաքական մեծամասնության ղեկավար, դեմոկրատ սենատոր Հարի Ռիդի` Հայոց ցեղասպանության թիվ 316 օրինագիծը պաշտպանելու որոշումը:

Սենատորին ուղղված նամակում ԱՀՀ-ի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Հարի Ռիդի նախկինում ունեցած ավանդի, ինչպես նաեւ այժմ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Ջոն Էնսայնի կողմից շրջանառության մեջ դրված օրինագծին սատարելու համար:

Մեկ այլ հաղորդագրության համաձայն` Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Ներկայացուցիչների պալատի երկու անդամների` Քրիս Մերֆիի եւ Զաք Ուոմփի պաշտոնական հայտարարությունը` հայկական հարցերին աջակցող կոնգրեսական խմբի (Հայաստանի հետ բարեկամության խումբ) մեջ ներգրավվելու մասին:

ԱՀՀ-ից տեղեկացնում են, որ այսպիսով հիշյալ խմբի անդամների թիվը հասել է 148-ի:

Կոնգրեսմեն Մերֆին, ըստ աղբյուրի, Ներկայացուցիչների պալատում վերընտրվել է երկրորդ անգամ` Քոնեքթիքութ նահանգի 5-րդ օկրուգից: Նա նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի սատարողների թվում է: Քրիս Մերֆին անդամակցում է պալատի Էներգետիկայի եւ առեւտրի հանձնաժողովին եւ առողջապահության ու հեռահաղորդակցության ենթահանձնաժողովին: Նա միաժամանակ անդամակցում է վերահսկողության եւ կառավարման բարեփոխումների հանձնաժողովին եւ Ազգային անվտանգության ու արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովին:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4