«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2009-11-20 | #213, 2009-11-21 | #214, 2009-11-24


ՆԱՏՕ- Ի ՍԵՄԻՆԱՐԸ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էր նաեւ պատվիրակության անդամ, պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Ըստ Կարեն Ավագյանի ՙ սովորական դարձած հակամարտությունը հայ եւ ադրբեջանցի պատվիրակների միջեւ այս անգամ ունեցավ ուշագրավ զարգացումներ: Ադրբեջանցի պատվիրակները հերթական անգամ հայտարարություններ են արել: Հայաստանի պատվիրակներից բացի, «ուշագրավ էր, որ ադրբեջանցիներին պատասխանեց նաեւ Լիտվայի պատգամավորը` հօգուտ մեզ»:

ՆԱՏՕ- ի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2010- ի մարտի 11-13-ը ՆԱՏՕ-ի սեմինարը անցկացվելու է Երեւանում:

Էդինբուրգում տեղի ունեցած աշխատանքների ժամանակ հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ` հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանին հետաքրքրել է Վրաստան-ՆԱՏՕ հարաբերություններին նվիրված զեկույցը:

Պատգամավոր Արտակ Զաքարյանի տեղեկացմամբ` քննարկումների առանցքում է եղել նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարության հայեցակարգը: Դաշինքի նախորդ ռազմավարությունը հաստատվել էր դեռեւս 1999 թ, բայց անվտանգության միջավայրի ու աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված` կառույցի համար նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն է առաջ եկել: Մշակված նոր փաստաթուղթը կներկայացվի նախ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների նախագահներին, իսկ հավանության արժանանալուց հետո 2010 թ. վերջին կընդունվի: Քննարկվել է նաեւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի կանոնադրության մեջ որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Տեղի է ունեցել նաեւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ղեկավար կազմի ընտրություն, կանոնակարգվել է կառույցի անդամ եւ գործընկեր երկրների պատվիրակությունների` ԽՎ հանձնաժողովների աշխատանքներին մասնակցության կարգը: Մեր երկիրը հնարավորություն ունի մեկական անդամով մասնակցելու բոլոր հինգ հանձնաժողովների աշխատանքներին:

«ՆԱՏՕ-ն դեռեւս հրատապ չի համարում Վրաստանի անդամությունը ՆԱՏՕ-ին: Եվ միաժամանակՙ ՆԱՏՕ-ի «Նոր դռներ, բաց դռներ» քաղաքականության մասին զեկույցում նշվում էր 4 հիմնական երկիրՙ Վրաստան, Ուկրաինա, Բոսնիա-Հերցեգովինա եւ Մոնտենեգրո, որոնց անդամության վերաբերյալ հրատապ մոտեցումներ դեռ չկան», ասաց Արտակ Զաքարյանը:

«Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում. մարտահրավերներ, հնարավորություններ, հեռանկարներ ու ապագայի պլաններ» թեմայով կոնֆերանսին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր բոլոր երկրները, զեկուցումներով հանդես կգան տարածաշրջանային փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` Պիտեր Սեմնեբին, Ռոբերտ Սիմոնսը, Բեռնար Ֆասիեն եւ այլք: Անդրադարձ կլինի էներգետիկ անվտանգության, տարածաշրջանի հակամարտությունների, համագործակցության խնդիրներին:

Հայկական պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարեն Ավագյանը եւ Արտակ Զաքարյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Ստեփան Սաֆարյանը: Ադրբեջանական պատվիրակությունն այս անգամ էլ զերծ չի մնացել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ սեփական մոտեցումների ներկայացումից, ինչին ի պատասխան հանդես են եկել մեր խորհրդարանի պատվիրակները եւ լիտվացի խորհրդարանականներից մեկը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4