Թուրքիայում ավարտվեց շախմատի պատանեկան առաջնությունը, որն անցկացվեց տարիքային վեց խմբով: Ցավոք, Հայաստանի 24 ներկայացուցիչներից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Մինչդեռ մինչեւ 10 տարեկանների մրցաշարում հիանալի հանդես եկող Միքայել Մկրտչյանը լավ հնարավորություն ուներ մեդալ նվաճել: 8 տուրից հետո նա 7 միավորով չին շախմատիստ Ջինշի Բայի հետ գլխավորում էր աղյուսակը: Բայց ավարտական երեք տուրերում չգիտես թե ինչ պատահեց Միքայելին: Ջինշի Բայի, Սեմյոն Խարինի եւ Արիան Տարիի հետ ավարտական 3 պարտիաներում էլ Մկրտչյանը պարտվեց ու ոչ միայն զրկվեց մեդալից, այլեւ նահանջեց 18-րդ հորիզոնական: Իսկ չեմպիոն հռչակվեց չին շախմատիստ Ջինշի Բայը, որը վաստակեց 9 միավոր: Մինչեւ 10 տարեկանների մրցաշարի մասնակիցներ Արման Պետրոսյանը 6,5 միավորով գրավեց 32-րդ տեղը, Արման Հարությունյանն ու Արտյոմ Մանուկյանն էլ 6-ական միավորով հանգրվանեցին 45-րդ եւ 46-րդ հորիզոնականներում:
Հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկան Հովհաննես Գաբուզյանը (14 տ.), Կարեն Գրիգորյանը (14 տ.) եւ Սամվել Տեր-Սահակյանը (18 տ.), որոնք վաստակեցին 7,5-ական միավոր: Գաբուզյանն ու Գրիգորյանը գրավեցին համապատասխանաբար 7-րդ եւ 8-րդ տեղերը, իսկ Տեր-Սահակյանն իր խմբում
13-րդն էր: Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքի հասավ մինչեւ 16 տարեկանների մրցաշարի մասնակից Մարիա Գեւորգյանը, որը 6,5 միավորով գրավեց 27-րդ տեղը:
Աշխարհի առաջնությանը մասնակցում էին նաեւ հայազգի այլ շախմատիստներ, որոնցից լավագույն արդյունքի հասավ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկած Դավիթ Պառավյանը: Նա մինչեւ 12 տարեկանների մրցաշարում 8,5 միավորով գրավեց 4-րդ տեղը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ