«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2009-11-21 | #214, 2009-11-24 | #215, 2009-11-25


«ՎՐԱՍՏԱՆ, ԴՈՒ ՔՐԻՍՏՈՆՅԱ՞ ԵՍ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեկ մայրաքաղաքի բուհերում սովորող բազմաթիվ ուսանողներների , գրեթե բոլոր բուհերի ուսանողական խորհուրդների անդամները, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների ուղեկցությամբ Հանրապետության հրապարակից բողոքի երթով շարժվեցին դեպի Վրաստանի դեսպանատուն: «Մեր պահանջն է, որ վրացական իշխանություններն ու վրաց ուղղափառ եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին տան իրավական կարգավիճակ, վերադարձնեն հայերին հայ եկեղեցիներն ու պահպանեն հայ ժողովրդի մշակույթային արժեքները», հայտարարեցին երթի մասնակից ու նախաձեռնող ուսանողները: Երիտասարդների ձեռքերին հայկական եռագույնից զատ, կային նաեւ պաստառներ` «Ջավախքն իմ հայրենիքն է», «Վրաստան. դու քրիստոնյա՞ ես», «Ձեռքերդ հեռու հայ եկեղեցուց» եւ այլ գրություններով: «Ես ինքս Ջավախքից եմ, - «Ազգին» ասաց Մանկավարժական համալսարանի ուսանող Կարենը,- ամեն անգամ լինելով այտնեղ` ես զգում եմ վրացական իշխանությունների, մեղմ ասած, սառը վերաբերմունքը ոչ միայն տեղի հայ եկեղեցիների, այլ նաեւ հենց հայերի նկատմամբ. հայ եկեղեցին ու առհասարակ մշակույթային նմուշները Վրաստանում մատնված են անտերության»:

Ուսանողները Վրաստանի դեսպանի համար նախապատրաստել էին նամակ, որտեղ նշված էին իրենց պահանջները: Վրաստանից պահանջվում է անհապաղ գործընթացներ ձեռնարկել վերջերս փլուզված Մուղնեցուց Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին վերականգնելու եւ այլեւս նման պատահարներ թույլ չտալու համար, ինչպես նաեւ Հայ եկեղեցուն Վրաստանում տալ իրավական կարգավիճակ եւ այլն: «Վերջ տվեք սպիտակ եղեռնին» կոչերով հայ երիտասարդությունը մտավ Վրաստանի դեսպանատան տարածք: Նրանք նախկինում եղբայրակից երկրի հասցեին անդադար վանկարկում էին` «ամո՛թ», «ամո՛թ»:

Երիտասարդներին միացած պատանի թմբկահարների բարձրացրած աղմուկը վերջապես ստիպեց վրաց դեսպանին արձագանքել հավաքվածներին: Դեսպանը, սակայն, համաձայնեց հանդիպել հայ ուսանողության երեք ներկայացուցիչների հետ` առանց լրագրողների: Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում ցուցարարները շարունակում էին իրենց վանկարկումները` արդեն նույնիսկ անգլերենով. «Դե, Վրաստանի դեսպանն է, ռուսերեն չի հասկանա կամ չի ուզենա հասկանալ», «Ազգ» -ի հետ զրույցում նշեց ուսանող Էրիկը : «Ուզում եմ ասել, որ մեզ ոչ ոք այստեղ ստիպողաբար չի բերել,-խոստովանեց ապագա բժշկուհի Մերին,- մենք եկել ենք մեր կամքով: Հավաքվածներից շատերի արմատները հենց Ջավախքից են. նրանք իրենց հայրենիքն են պաշտպանում «սպիտակ եղեռնից»»:

  «Ազգի» հետ զրույցում Հայ եկեղեցու քահանաներից շատերը նշեցին, որ այս ակցիան ընդունվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից, եւ քրիստոնեական եկեղեցին ոչնչացնելը կամ դրան նպաստելը «բնավ քրիստոնեական արարք չէ»:

Դեսպանատնից դուրս գալով` Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը հայտարարեց դեսպանի հետ իրենց պայմանավորվածությունների մասին. «Դեսպանը մեզ տեղեկացրեց, որ կոնկրետ Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման ուղղությամբ իրենք ունեն պայմանավորվածություններ ՀՀ մշակույթի նախարարության հետ: Իսկ իրավական կարգավիճակի մասին նա ասաց, որ այդ խնդրով այսօր ջանասիրաբար աշխատում է վրացական իշխանությունը, խնդիրը անպայման լուծվելու է, ասաց դեսպանը եւ ավելացրեց, որ մենք իր հետ դեռ գինի ենք խմելու նորակառույց Սուրբ Գեւորգ եկեղեցում: Մենք նրան փոխանցեցինք մեր նամակ-պահանջը, որը նա խոստացավ փոխանցել վրացական բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին ու որոշ ժամանակ անց մեզ կփոխանցի նրանց պատասխանը, չնայած չնշվեց, թե որքան ժամանակ անց»:

Ուսանողները հաստատակամություն հայտնեցին, որ նամակի պատասխանը ուշացնելու կամ, առավել եւս, չտալու դեպքում իրենք շատ ավելի խոշոր չափերով երթ կկազմակերպեն: Այս երթին մասնակցում էին շուրջ 500 հոգի, որոնց զգալի մասը, ինչպես արդեն նշեցինք, ուսանողներ էին մայրաքաղաքի բուհերից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4