Ադրբեջանում վերջերս իրականացված ընդդիմադիր բլոգերների ձերբակալությունը առիթ է դարձել, որ Եվրոմիությունը կշտամբանքներով հանդես գա Ադրբեջանի հասցեին: Այս ամենն անշուշտ պատահական չէ, քանի որ Ադրբեջանում տիրող խոսքի ազատության սահմանափակումները, նրանց հետեւանքով իրականացված բռնությունները վաղուց են հայտնի միջազգային հանրությանը: Ազատ խոսք Ադրբեջանում բոլորովին չկա. իշխանությունները կարողացել են իրենց ենթարկել լրատվամիջոցների մեծ մասը, իսկ «անհնազանդ» լրատվամիջոցների նկատմամբ իրականացվել են բռնություններ:
Այսպեսՙ Բաքվի դատարաններից մեկն ընդդիմադիր բլոգերներ Էմինա Միլլիին եւ Ադնանա Հաջիզադեին նոյեմբերի 11-ին դատապարտեց համապատասխանաբար 2,5 եւ 2 տարվա ազատազրկման: Նրանց ձերբակալել են հունիսի 8-ին խուլիգանության եւ առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով: «Պարզվում» է, որ երիտասարդ բլոգերները Բաքվի ռեստորաններից մեկում ծանր մարմնական վնասվածքներ են հասցրել երկու այլ հաճախորդի, ինչի համար էլ ձերբակալվել են: Տեղեկացնենք, որ Միլլին ղեկավարում էր երիտասարդական ցանցերից մեկը. իսկ Հաջիզադեն երիտասարդական ընդդիմադիր «ՕԼ» շարժման համանախագահն էր:
Այս գործի հենց սկզբից ադրբեջանական իշխանություններին իրենց դժգոհությունը հայտնեցին եվրոպական որոշ երկրներ եւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: Սակայն այս «նկատողությունները» Բաքվի վրա թողնում են հակառակ ազդեցությունը, քանի որ Ադրբեջանն ինքը սկսում է մեղադրել Եվրոպային: Ադրբեջանական Միլի մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովը մեղադրել է միջազգային կազմակերպություններին` Ադրբեջանում բլոգերների ձերբակալման կապակցությամբ բողոքելու համար. «Միջազգային կազմակերպությունները խառնվում են Ադրբեջանի ներքին գործերին. նրանք պատկերացում անգամ չունեն, թե ինչու են ձերբակալվել այդ երիտասարդները», հայտարարել է Ասադովը:
Մի քանի օր առաջ Ադրբեջանում Գերմանիայի ու Նորվեգիայի դեսպաններն էին կասկած հայտնել դատարանի որոշման կապակցությամբ, որին, իհարկե, հետեւել է Ադրբեջանի արտգործնախարարության բողոքի նոտան այդ երկրների դեսպաններին:
Նոյեմբերի 13-ին էլ ադրբեջանական դատարանի որոշման դեմ հանդես էր եկել Եվրոմիության նախագահությունը. «Եվրոմիության նախագահությունը հայտնում է իր անհանգստությունը երկու բլոգերների նկատմամբ իրականացված վճռի կապակցությամբ: Դատարանի որոշումը կարող է հետագայում խանգարել Ադրբեջանում ազատ խոսքի արտահայտմանը», ասված էր Եվրոմիության հայտարարության մեջ: ԵՄ-ը հիշեցրել է մեր հարեւաններին, որ վերջիններս պարտականություններ ունեն Եվրոպայի առջեւ, որոնց թվում են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը եւ այլն:
Արձագանքելով ԵՄ-ի հայտարարությանը` ադրբեջանական «Սոցիալական հետազոտությունների ֆոնդի» ղեկավար Ռաշադ Ռզակուլեւը նշել է, որ միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանի իշխանություններին նման «ծիծաղելի» ձեւով ճնշելը հակառակ ազդեցությունն է թողնում. «Ցավում եմ, որ այդ երկու երիտասարդներին, տարօրինակ կերպով, մի շարք միջազգային կառույցներ անվանում են «քաղաքական բանտարկյալներ»», նշել է Ռզակուլեւը:
Որքան էլ նենգորեն հնչի, բայց ցավալին այս ամենի մեջ այն է, որ ադրբեջանական պատասխանները միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններին, առավել եւսՙ ադրբեջանական իշխանությունների «բեսպրեդելը», չեն պատժվում նույն այդ կազմակերպությունների կողմից, այլ միայն ուղեկցվում են բողոքի հայտարարություններով, որոնք էլ, ինչպես պարզ դարձավ, հակառակ ազդեցությունն են թողնում: Սա կարող է բերել նրան, որ մեր հարեւանությամբ կամրապնդվի բռնապետական պետություն, որի հետ շփվելու «քաղցրությունը» առաջին հերթին զգալու են երկու հայկական պետությունները:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ