«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2009-11-21 | #214, 2009-11-24 | #215, 2009-11-25


ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁՙ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Վանաձորի թիվ 11 դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, հանրապետական դպրոցական օլիմպիադաների ժյուրի անդամ Աշոտ Թունյանի հետ օրերս այցելեցինք Վրաստանի Մառնեուլի շրջանի Գյուլիբաղ եւ Խոժոռնի գյուղերի դպրոցներՙ գրենական պիտույք, մանկական գրքեր նվիրելու մեր հարազատ կրթօջախներին, ծանոթանալու նրանց հուզող հրատապ հիմնահարցերին:

Գյուլիբաղի հիմնական դպրոցում 1994-ին 80 աշակերտ կար, այս տարի նրանց թիվը 32 է: Տնօրեն Գառնիկ Թունյանի հետ զրուցեցինք ուսուցչանոցում, քանզի իր առանձնասենյակում այդ օրը վառարանը չէր վառել: Մանկավարժական աշխատանքի 42 տարվա փորձ ունեցող տնօրենն այս դպրոցը ղեկավարում է 1995-ից, տնօրեն է եղել նաեւ հարեւան Ծոփ գյուղում:

Մեր ուշադրությունը գրավեցին «Մանկավարժ» ամսագրի վրացերեն եւ ադրբեջաներեն հրատարակությունները, որոնք պարտադրված բաժանորդագրում են կրթօջախներում (այս գյուղում իր գոյության ողջ ընթացքում երբեւէ ադրբեջանցի չի բնակվել):

Միակ հայատառ պարբերականը, որը դրված էր սեղանին, «Վրաստան» թերթն էր:

- Հայաստանից մասնագիտական որեւէ թերթ կամ ամսագիր չենք ստանում,- ասաց Գ. Թունյանը: - Պատրաստ ենք բաժանորդագրվել, սակայն առաքման հետ կապված դժվարություններ կան:

«Երկունք» թերթի այս տարվա համարները նա սիրով ընդունեց եւ խոստացավ տալ ընթերցելու նաեւ ուսուցիչներին:

Կրթօջախը բազմաթիվ դժվարություններ եւ խնդիրներ ունի: Գործավարությունն ինչպես այս, այնպես էլ մյուս հայկական դպրոցներում կատարվում է վրացերեն լեզվով: Բոլոր դասագրքերը, բացառությամբ հայոց լեզվի եւ գրականության, տպագրվում են Թբիլիսիում: Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ մյուս դասագրքերը վրացերենից են թարգմանված:

Ա. Թունյանը, թերթելով մաթեմատիկայի 9-րդ դասարանի դասագիրքը, նկատեց, որ տպագրված է բազմաթիվ սխալներով եւ բավականին պարզեցված (նույն սկզբունքով եւ սխալներով էին տպագրված Խոժոռնու միջնակարգ դպրոցում առկա ավարտական դասարանների դասագրքերը, որոնցով սովորող նույնիսկ ամենաընդունակ աշակերտը չի կարող բուհ ընդունվել Հայաստանում):

Երկու դպրոցներում էլ մեզ տեղեկացրին, որ խստիվ արգելված է դասավանդել Հայաստանից բերված դասագրքերով:

Դասագրքերի արժեքը բավականին թանկ է, միջինըՙ 15 լարի (շուրջ 3000 դրամ) եւ երեխաներն ստիպված են լինում մի քանի հոգով օգտվել նույն դասագրքից, որովհետեւ տարեկան շուրջ 150 լարի է անհրաժեշտ բոլոր գրքերը գնելու համար: Միայն առաջին դասարանի դասագրքերն են անվճար, որոնց վրա գրված է. «Երկրի նախագահի կողմից»: Մեր այցելությունից մի քանի օր առաջ Գյուլիբաղի դպրոցը Վրաստանի հայկական համայնքի ղեկավարության միջնորդությամբ Հայաստանից որպես օգնություն մեկտեղանոց 30 նստարան եւ 6 գրատախտակ էր ստացել:

Այս կրթօջախում 14 ուսուցիչներից միայն 3-ն են տղամարդՙ տնօրենը, իր որդին եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Մնացածների մեծ մասը Հայաստանից այդ գյուղը հարս եկած կանայք են: Չկան տեղացի ուսանողներ, ովքեր բուհն ավարտելուց հետո կվերադառնան հայրենի գյուղ: Դպրոցի շենքը կառուցվել է 1934-ին եւ վերանորոգման խիստ կարիք ունի, կրթօջախում նույնիսկ խմելու ջուր չկա:

- Բազմաթիվ անգամ դիմել եմ շրջանի ղեկավարությանը, սակայն դպրոցի նորոգման հարցն այդպես էլ չի լուծվում,- ասաց Գ. Թունյանը: - Հատկապես դժվար է ձմռանը, երբ փայտի վառարաններով ենք տաքացնում խարխլված պատերով դասասենյակները:

Չնայած այստեղ 9-րդ դասարանը ավարտական է, բայց որեւէ անգամ քննություններ չեն լինում:

Ժամանակին Գյուլիբաղը 107 տնտեսություն է ունեցել, այժմ մնացել են 80-ը, որոնց մի մասում միայն թոշակառուներ են ապրում: Դժվար չէ հասկանալ գյուղի երիտասարդությանը. խորթ զավակի կարգավիճակում ապրելն այնքան էլ հեշտ չէ:

Նույն զգացողությունն ունեցանք, երբ հերթական անգամ այցելեցինք Խոժոռնի գյուղի միջնակարգ դպրոց: Այս տարի արդեն չորրորդ անգամ եմ լինում հայրենի գյուղում, սակայն դպրոց այցելել էի երկու տարի առաջ: 1978-ին, երբ ավարտեցի դպրոցը, 46 հայ շրջանավարտ ուներ: Միայն մեր դասարանի 20 շրջանավարտներից 14-ը բուհ ընդունվեցին: Հայկական բաժնի աշակերտների թիվը 460-ից ավելի էր: Կրթօջախի երկու մասնաշենքերը շահագործման են հանձնվել 1973-ին եւ համեմատաբար բարվոք վիճակում են: Դպրոցի նախկին տնօրեն, ազգությամբ հույն Իվան Չոթուլիդիի եւ ներկայիս տնօրեն Էդիկ Ղարիբյանի համառ ջանքերով նորմալ վիճակում պահպանվել են ե՛ւ դասասենյակները, ե՛ւ մարզադահլիճը, որոնք ժամանակին պարբերաբար ընթացիկ վերանորոգման են ենթարկվել:

1978-ից մեր դասարանը վերածվել է ուսուցչանոցիՙ առաջին հարկից տեղափոխվելով երկրորդ: Իմ ուսուցիչներին փոխարինելու են եկել երիտասարդները, հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում նաեւ իմ համադասարանցի Ռիմա Ղարիբյանը: Կրթօջախում չէր զգացվում նախկին աշխուժությունը, նույնիսկ դասամիջոցն էր անաղմուկ եւ հանգիստ: Կտրվելով հիշողություններից եւ ծանր զգացողություններից, զրուցեցի դպրոցի տնօրեն Էդիկ Ղարիբյանի հետ: Դպրոցի հայկական բաժինը միջնակարգ է, ադրբեջանականըՙ հիմնական (կամ ինչպես Վրաստանում են ասումՙ բազային): Հայ աշակերտների թիվն այս տարի 128 է, ադրբեջանցիներինըՙ 15:

- Իմ տնօրենության տարիներին, սկսած 2004-ից, աշակերտների թիվը նվազել է 30-ով,- ասաց Է.Ղարիբյանը:- Նվազում է ե՛ւ հայերի, ե՛ւ ադրբեջանցիների քանակը: Վերջիններս ժամանակին 60-ից ավելի էին: Այժմ նրանք աշակերտներ ունեն առաջին, 6-րդ, 9-րդ եւ 10-րդ դասարաններում:

Դպրոցն այս տարվանից անցել է 12-ամյա կրթության, սակայն 12-րդ դասարանի դասագրքեր չկան:

- Ստիպված ենք նախորդ տարիների անցած թեմաների կրկնությամբ զբաղվել, մինչեւ Թբիլիսիում տպագրվեն դասագրքերը,- ասաց տնօրենը: - Չնայած դեռեւս հայտնի չէ, թե այս ուսումնական տարում դրանք կլինե՞ն արդյոք: Օգտագործում ենք նաեւ ինտերնետից վերցրած որոշ նյութեր:

Դասագրքերի վիճակը, ինչպես նշեցինք, նույնն է նաեւ այս կրթօջախում: Տնօրենը վերջին տարիներին դպրոցն ավարտած երեխաներից հավաքում է դասագրքերը, տրամադրում նոր սովորող աշակերտներին, այս կերպ փորձելով նվազեցնել այդ նպատակով արվող ծախսերը, քանզի ծնողների համար դժվար է տարեկան շուրջ 150 լարի տրամադրել միայն դասագիրք գնելուն:

Քանի որ Հայաստանի հետ սահմանամերձ գյուղերում դեռեւս բնական գազ չկա, այստեղ նույնպես դասասենյակները ջեռուցվում են վառելափայտով, որի գումարը հատկացնում է Մառնեուլի վարչակազմը:

Մեր այցելության օրը տնօրենը մտահոգված էր, քանզի աշխատավարձն այս ամսվանից բարձրացել է, իսկ գումարը հատկացրել էին նախկին դրույքաչափերով:

- Պետք է փորձեմ շտկել թյուրիմացությունը,- ասաց նա:- Առանց այդ էլ ուսուցիչներն աշխատում են դժվարին պայմաններում, եւ ոչ մեկը մտադիր չէ լքել հայրենի գյուղը:

Իրոք, հազարամյակի պատմություն ունեցող գյուղում դպրոց պահպանելը, աշակերտներին հայեցի կրթելն ու դաստիարակելը յուրօրինակ հայրենասիրություն է եւ արժանի ամենայն դրվատանքի:

Էդիկ Ղարիբյանը դպրոցում պատմության միակ մասնագետն է եւ կրթօջախը կարիք ունի այդ առարկայի, ինչպես նաեւ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, օտար լեզվի ուսուցիչների:

- Աշխատավարձը Հայաստանի դրույքաչափից պակաս չէ,- ասաց նա:- Եթե ցանկացող լինի, սիրով կընդունենք աշխատանքի:

Տնօրենը ցավով նշեց, որ դպրոցի շրջանավարտներից շատ քչերն են Հայաստանի բուհեր ընդունվում: Փոխարենը, Վրաստանի կառավարության որոշմամբ, այս տարվանից հայերին եւ այլազգիներին թույլատրվում է քննություններ հանձնել մայրենի լեզվով եւ ընդունվել վրացական որեւէ բուհ: Ընդունվողներին մեկ տարի անվճար վրացերեն են սովորեցնում, որպեսզի հետագայում կարողանան ուսումը շարունակել: Կարծում ենքՙ Հայաստանի իշխանությունները եւս պետք է հատուկ պայմաններ ստեղծեն այլ պետություններից, հատկապես Վրաստանից եկած դիմորդների համար: Ժամանակին դպրոցը հարուստ գրադարան է ունեցել, որը պահպանվում է նաեւ այսօր: Է. Ղարիբյանը գոհունակությամբ տեղեկացրեց, որ Հայաստանից սփյուռքի նախարարությունը վերջերս գրատախտակներ է տրամադրել դպրոցին:

- Հուսով ենք, որ հետագայում նույնպես մեր նկատմամբ ուշադրությունը կշարունակվի,- ասաց նա:

Զրուցեցինք նաեւ Խոժոռնու գյուղապետ Մանվել Ղարիբյանի հետ: Նա տեղեկացրեց, որ այժմ գյուղում մի քանի տարի առաջվա հայկական 220 ընտանիքներից 195-ն են ապրում (ադրբեջանցիներն ավելի շատ են լքում գյուղը, մնացել են 40-ից էլ պակաս ընտանիքներ): Վերջին տարիներին 25 տուն է դատարկվել: Գյուղի անտառները Հայաստանի տարածքում են, ինչը խոչընդոտներ է առաջացնում ապրուստի միջոցներ հայթայթելիս:

- Ցավալի է, որ երիտասարդությունը, բացի գյուղատնտեսական սեզոնային աշխատանքից, այլ զբաղմունք չունի,- ասաց նա:- Եթե Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ կիրառվող անձնագրային խիստ ռեժիմը չլիներ, երիտասարդների մեծամասնությունը վաղուց լքած կլինեին գյուղը:

Շուրջօրյա էլեկտրամատակարարումը, թոշակառուներին պարբերաբար հատկացվող օգնությունները բավական չեն գյուղը պահպանելու համար: Հայաստանի հետ սահմանամերձ Բրդաձոր եւ Խոխմել գյուղերում վաղուց արդեն փակվել են դպրոցները, Չանախչիում եւ Ծոփում դեռեւս գործում են հիմնական դպրոցներ, իսկ Ախքյորփի գյուղումՙ միջնակարգ:

Նախորդ հրապարակումներում նշել էինք, որ Վրաստանի իշխանություններն անձնագրային ռեժիմի խախտման պատրվակով Լոռու մարզին սահմանամերձ գյուղերից բազմաթիվ հայերի են ձերբակալում, պահում անազատության մեջ, արհեստական լարվածություն ստեղծում: Վերջին տեղեկություններովՙ նրանցից մի քանիսը հրաժարվել են Վրաստանի քաղաքացիությունից:

Հնամյա հայկական եկեղեցիներով, պատմական բազմաթիվ հուշարձաններով հարուստ Խոժոռնին, Գյուլիբաղը, Բրդաձորը եւ մյուս գյուղերը հատուկ ուշադրության կարիք ունեն եւ պահպանում են իրենց ռազմավարական նշանակությունը: Հարկավոր է փրկել այն, ինչ մնացել է այդ գյուղերից:

Շուրջ մեկ ամիս առաջ հանրապետական մամուլում հրապարակում եղավ, որ Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները քննարկում են Խոժոռնի գյուղըՙ Բավրայի հայկական որոշ տարածքների հետ փոխանակելու հարցը, որոշ չափով շտկելու համար 1921 թվականներին կատարված անարդարությունը: Հարցն ավելի խոր ուսումնասիրելու դեպքում պարզ կդառնա, որ մյուս մի քանի գյուղերի խնդիրը նույնպես պետք է ընդգրկել բանակցություններում, թեկուզ Բավրայից զիջվող հողատարածքներն «ընդլայնելու» հաշվին:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4