Երեկ լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագիտության պրոֆեսոր, ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը , ամփոփելով տնտեսական տարին, նշեց, որ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում նկատվում է աշխուժացում, բայց ճգնաժամը կրկին իրեն զգալ է տալիս. «Ճգնաժամի լրջագույն պատճառներից մեկն էլ այն է, որ տարեցտարի կատարելագործելով տեղական, ազգային տնտեսության կառավարման մեթոդներն, անգամ զարգացած պետությունները չկարողացան միջազգային մասշտաբով համաշխարհային տնտեսությունն առաջ տանելու մեթոդներ մշակել»:
Խոսելով տարածաշրջանում Հայաստանի հնարավոր դերակատարության վերաբերյալ`բանախոսը հիշեցրեց, որ այս տարվա սկզբին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Թուրքիայի հետ` մեզ համար ամենակարեւոր եւ մրցունակ ճյուղի`էներգետիկայի ոլորտում`արտահանել 4.5 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը բավական կարեւոր ցուցանիշ է սկզբի համար:
Ըստ Թաթուլ Մանասերյանի, սա մեր ամբողջ հնարավորությունը չէ. էներգետիկայում Հայաստանն օգտագործում է իր ռեսուրսների ընդամենը 1/3 մասը, եւ Թուրքիան մեր արտահանման շուկաներից միայն մեկը կարող է լինել, քանի որ մեր բոլոր հարեւանները էլեկտրաէներգիայի մեծ կարիք ունեն: Տնտեսագետի խոսքով` հետընթացները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, ընդհանրական են բոլոր այն ԱՊՀ երկրների համար, որոնք անդամակցել են ԱՀԿ-ին, այստեղ հսկայական հարցեր կան լուծելու` «Չհաշված էպիզոդիկ քայլերը, գրեթե ոչինչ չի արվել մրցունակության բավարար մակարդակ ձեռք բերելու համար»: Մանասերյանը գտնում է նաեւ, որ շինարարության ոլորտում վաղուց ժամանակն է բնակարանաշինությունից անցում կատարելու արտադրական շինություններին, որոնց կարիքը Հայաստանում կա:
Ինչ վերաբերում է օլիգարխներին` Թ. Մանասերյանն ասաց. «Օլիգարխների վերաբերյալ վարչապետը նոր գաղտնիք չի բացահայտել: Ես կասեի, որ Հայաստանում մենք ոչ միայն օլիգարխիայի խնդիր ունենք, այլ նաեւ ունենք ստվերային տնտեսության խնդիրը, որը ոչ միայն օլիգարխներին է վերաբերում, այլեւ փոքր ու միջին կոչվող բիզնեսին»:
Անդրադառնալով տնտեսության վիճակին, տնտեսագետն ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցված տնտեսական աճը եղել է վերականգնողական, ինչպես, օրինակ, հետպատերազմյան Գերմանիայում` տարեկան գրանցվում էր 30 տոկոսից ավելի աճ, իսկ հիմա 3-4 տոկոս է: Ինչ վերաբերում է կառավարությանը, որ այս տարվա 18 տոկոս անկումից հետո 2010-ին Հայաստանում գրանցվելու է 1.2 տոկոսի տնտեսական աճ, նա նշեց. «Ես ավելի լավատես եմ, եւ եթե ճիշտ տնտեսական քաղաքականություն վարվի եւ ռեսուրսներն արդյունավետ օգտագործվեն, ապա աճը ավելի մեծ կլինի»:
Ն. Մ.