«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2009-11-21 | #214, 2009-11-24 | #215, 2009-11-25


ԷԴՎԱՐԴ, ԷԴՈՒԱՐԴ ՈՒ ԷԴԻԿ: ԵՎՙ ԼՈՒԱՐԱ

Կարելի է բավականությամբ ենթադրել, որ «Եվրոտեսիլում» սիրունատես հայ աղջնակին տրված «ռուսաստանյան» միավորների առյուծի բաժինն ապահովել են տեղի հայերը, եւ նրանք եւս սրտանց ուրախանում են դեռատի երգչուհու հիրավի հաղթական ելույթով: Ի վերջո առաջին եւ երկրորդ տեղերի տարբերությունը այդքան էլ էական չէր: Նույնիսկ ոչինչ, որ երգը հայկական չէր. դե՜, տարածաշրջանում մենք ենք եվրոպական ցեղ, անտարակույս, վրացիներից հետո միայն:

Սակայն այսօր արժե ուշադրություն հրավիրել առաջին հայացքից կարեւոր չհամարվող մի պարագայի վրա: Խոսքը վերաբերում է հայտնիության ճամփան բռնած մեր հայրենակցուհու անվանըՙ Լուարա: Առիթներ են եղել գրելու, որ անվանախեղկատակության, էժանագին օտարամոլության առումով հայերս երեւի զբաղեցնում ենք առաջին տեղը աշխարհում: Հատկապես Հայաստանում վերջիվերջո պիտի հասկանա՞ն, որ պետք է ուշադրություն դարձնել համազգային եւ, առավել եւս, միջազգային ասպարեզ դուրս եկող անձանց անուններին: Ահա եւ Ալիկը դառնում է նախարար, Կովալենկոնՙ մարզպետ: Ցուցակը կարելի է շարունակել շատ ավելի բարձր մակարդակով: Պարզ է, որ դա նրանց մեղքը չէ, այլ ծնողների: Բայց ինչո՞ւ, կրկնում ենք, նման մակարդակի բարձրանալու դեպքում նրանց չի պարտադրվում ուղղել ծնողների սխալը եւ ասպարեզ դուրս գալ շտկված կամ պարզապես նորացված հայ անունով: Զավեշտական ու արհամարհական չի՞ լինի, եթե ոմն Համլետ նվազագույնս դառնա նախարար, եթե նույնիսկ նա ծնվել է ոչ թե Դանիայում, այլ հեռավոր Տավուշի մարզի Իծաքար գյուղում: Հայաստանում նկատե՞լ են, որ երկրի կառավարության կազմում կա մեկ Էդուարդ, մեկ Էդվարդ եւ մեկ Էդիկ: Եվ ինչո՞ւ մաքրամաքուր հայկական անուն ունեցող վարչապետը ծուռանուն ենթականերին «կարգի» չի հրավիրում բարձր պաշտոնին նշանակելուց առաջ:

Աշխարհի, Եվրոպայի առաջնության մրցումներ են, եւ տարբեր մարզաձեւերում ո՜վ ասես չի ներկայացնում Հայաստանըՙ Վոլոդյան, Սերյոժան, Միշիկը... Գոնե գլխավոր մարզիչներն աչառու լինեն, եթե դա իրենց թույլ չի տալիս սպորտի նախարարը:

Չենք ասում, թե «Եվրոտեսիլում» պիտի հառներ դժվար արտաբերվող Հոռոմսիմը կամ Շողակաթը: Բայց ինչո՞ւ Լուարան: Ի՞նչ ենք ուզում ասել դրանով: Որ չկա՞ն համարժեք հայկական անուններ, թե՞ դրանք ցածրակարգ են, նվաստացուցիչ:

Ճանաչված հեռուստառադիոհաղորդավար Վարուժան Օլքինյանը մի անգամ սեղանի շուրջը ողբերգազավեշտական տոնով պատմեց, որ շրջաններից մեկում իրեն ծանոթացրել են մի կնոջ հետ, որը, ձեռքը մեկնելով, լուրջ տեսքով ներկայացել էՙ Ելվրես: Ներկաների, պարզ էՙ տղամարդկանց, խարդավանքային-պարզաբանիչ այն հարցին, թե գոնե «ելնելու» բա՞ն էր, հումորաշատ մեր ընկերը խորին դառնությամբ ու սրտի հոգոցով պատասխանեցՙ ո՞ւր էր, ջանըմ:

Սակայն շեղվեցինք: Ինչն է նաեւ ցավալին. մեր հարեւան ժողովուրդներից եւ ոչ մեկը չի ուզում փոխառնել մեր այս «առաջադիմական» փորձը եւ մրցակցություն ստեղծել գոնե համաշխարհային ասպարեզումՙ մեղմելով մեր անվանատխրաբանության ողբալի համբավը:

Առաջարկում ենքՙ մեր անմար Հայաստանում ստեղծել հայտնիության մի սանդղակ եւ նրա առաջին իսկ աստիճանում պարտադիր մերժել անունների ոչ հայկական, աղավաղված, կրտած եւ բոլոր մյուս վարկաբեկիչ, անգրագետ ու թիթիզ դրսեւորումները:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4