ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վարչապետի` հանրապետական դառնալու ֆոնին, պիտի որ նրա թիմակից նախարարները հանրապետական դառնային: Սա հասկանալի էր անգամ քաղաքականությունից հեռու մարդուն: Այլապես` վարչապետի հանրապետական դառնալու հարցն էլ պիտի որ չծագեր: Բայց ծագել է, եւ դա պետք է եղել հենց երկրի առաջին դեմքին, որին 2008 թվականի մարտի 1-ից առաջ եւ հետո ով ասես կոչում էր միայնակ խաղացող: Վերջին անգամ նրան այդպես անվանեց Տեր-Պետրոսյանը: Բայց փաստն այն է, որ երկրի նախագահը, ով նախագահական ընտրություններից հետո երկար ժամանակ իրեն իքնավստահ չէր զգում, հանգրվան առ հանգրվան, դանդաղորեն ուժ հավաքեց, ինքնավստահություն կոփեց` սկզբում ոչ մեկին մոտ չթողնելով, հետո արդեն այնքան ուժեղանալով, որ հանրապետականների մեջ ավելի հանրապետականների կորիզ կարող է ստեղծել, կարող է իր ղեկավարած կուսակցությունը դարձնել առավել կենտրոնաձիգ` համենայնդեպս կոնկրետ իշխանություն ունեցողներին (վարչապետ, նախարարներ) հանրապետականացնելու այս ողջ գործընթացը մկանների ցուցադրման հետ նաեւ կոնկրետ խնդիրներ է լուծում ՀՀԿ-ի ներսում, ձեռքի հետ խեղճացնելով Հանրապետականի ներսում սեփական «դվիժենի» անելու հավակնություն ունեցողներին եւ առավել գլոբալ հեռանկարում` նախագահի սեփական հենարանը ձեւավորելով: Սա որպես մի ենթաշերտ:
Մյուս ենթաշերտն այն է, որ երբ ԲՀԿ-ն իր նախարարներն ունի, ՕԵԿ-ն իր նախարարները, ու եթե նրանք իրենց կուսակցական իշխանությունը բանեցնում են քվոտայով նախարարների վրա, հարց է ծագում, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն իր քվոտայով նախարարներին, ովքեր ժամանակին եկել են որպես Տիգրան Սարգսյանի թիմ, չի ուզենա հանրապետականացնել: Այս իմաստով` սովորական կոալիցիոն գործընթացի համատեքստում սա պիտի որ տարօրինակ չթվա: Բայց քանի որ այս բոլորը ոչ թե ի սկզբանե կոալիցիոն հուշագիրն ի գործ դնելու համապատկերում է եղել, երբ դեռ ե՛ւ կոալիցիայում, ե՛ւ կառավարություն կազմելու, եւ նախարարներ նշանակելու-փոխելու ընթացքի վրա ազդեցություն ունեին չերեւացող, բայց դեռեւս ուժեղ ուժեր եւ անձինք, այլ հիմա, երբ ՀՀԿ-ի հերթական եւ ըստ որոշ լուրերի, այնուամենայնիվ, ճամփաբաժան դառնալու հավակնություն ունեցող համագումարն է, եւ կարծես տարբեր նշմարներ ցույց են տալիս, թե Հայաստանի ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական դաշտում ուժերի եւ ռեսուրսների նոր վերաբաժանում է տեղի ունենում:
Ով` ո՞ւմ: Գուցե: Գուցե թե լավ է կենտրոնացված իշխանությունը, որ կարող է առանց երկմտելու կամ տատամսելու հարցեր լուծել, կկարողանա չփոշիացնել միջոցները, կամք դրսեւորել իրավական կամայականության եւ կոռուպցիայի դեմ գոնե մի քիչ պայքարելու ու վարչապետի ասած արդարությունը ռոմանտիկայից ռեալ կյանք գոնե մի փշուրով փոխադրելու: Թե չէ` ում խելքին փչի` թագավոր է, ով ուզենա` երկրի մասշտաբով հարց կլուծի, էլ կառավարությունս ո՞րն է, ինստիտուցիոնալ կառույցները մեր ինչին են պետք: Սակայն արդյո՞ք կենտրոնացված չէր կոմունիստական կամ ՀՀՇ-ական իշխանությունը, իսկ այդ երկուսի բացասական կողմերը մինչեւ հիմա էլ իրենց ստվերներն ունեն երկրի կյանքում եւ մարդկային հոգիներում: Այսինքն` ուժեղ ձեռքի դրական սպասման հետ նաեւ բացասական սպասումներ եւս կան այդ կենտոնացումից, որոնք կարող են ամեն ինչ շուռ տալ այդ խիստ կենտրոնացված իշխանության դեմ:
Ինչպե՞ս կարողացավ թափ հավաքել եւ ուժեղանալ իշխող մեծամասնությունը. որքան էլ տարօրինակ թվա` հենց այն պատճառով, որ սկզբնապես կարողացավ կիսել իշխանությունն ուրիշների հետ: Պարադոքս է, բայց իշխանությունների դեմ բողոքող զանգվածի մի շատ զգալի հատված, միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, տարիուկես առաջ որոշեց կոալիցիա ստեղծել եւ այն իշխանությունը, որ կարող էր միայնակ տնօրինել, կիսեց ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ, իշխանության հանդեպ մեղմացավ: Այդպես մեղմվեց ընդհանրապես բավական սրված մթնոլորտը երկրում, բողոքողների շերտերը նոսրացան. դաշնակցականների, բարգավաճականների համակիր բավական ստվար զանգվածներ հանդուրժողականությամբ համակվեցին` հանդեպ ՀՀԿ-ն եւ նրան ղեկավարող նախագահը: Հիմա կարծես հակառակ գործընթաց է սկսվել, իսկ այդ զանգվածները կան` թեեւ քնած են, բայց ամենեւին չեն անէացել: Ուղղագիծ հանրապետականացման թափ հավաքող գործընթացների համակրանքների եւ հակակրանքների վերակառուցում կարող է առաջացնել հասարակության մեջ` վախենամ առավել հակակրանքն ավելացնելով ամեն ինչ իրենով անելու ՀՀԿ-ական ձգտումների դեմ: Կստացվիՙ ՀՀԿ-ն կենտրոնացնողի ցանկություններին հակառակ պրոցես, որ քաղաքական դաշտում կառաջացնեի մի նոր շարժում` բոլորն ընդդեմ մեկի: Այդպիսով նաեւ պատասխան կստանա այն հարցը, թե ո՞վ է, վերջապես, զբաղեցնելու ընդդիմության կիսադատարկ տարածքը. բոլոր նրանք, ովքեր ՀՀԿ-ից չեն լինի, կդառնան ՀՀԿ-ի դեմ, մի՛ կասկածեք: Այսինքն իշխանությունը կենտրոնաձիգ եւ միակուսակցական դարձնելու գործընթացը կարող է շուռ գալ այն նախաձեռնողի դեմ: Մնացյալը տեխնիկայի խնդիր է: Մեկ գիշերում երկրապահացման, հանրապետականացման կամ այլ կուսակցությունների շարքերն անցնելու հայերիս վատ սովորույթը ձեզ օրինակ:
Չնայած` հիմա այլընտրանքի հնարավորություն չի մնացել: Հայ-թուրքական գործընթացներն ու ղարաբաղյան կարգավորման շուրջ նկատվող շարժն այլընտրանքի տեղ չեն թողնում: Այն ուժը, ով պետք է այս կամ այն կերպ լուծի այս երկու խնդիրները, պետք է չափազանց ուժեղ լինի: Այլընտրանքի տեղ չի մնում: Ուժեղ պետք է լինի ե՛ւ իշխող ուժը, ե՛ւ նրա դիմաց կանգնած ընդդիմախոսը: Այնպես որ, իշխանության կենտրոնացումը լավ օրից չէ` մարտահրավերներն են թելադրում:
Իսկ մնացյալը կլինի ժանրի կանոններով եւ իսկապես կգործի «ով`ում» մեխանիզմը. տարբերակ չկա` իշխանության ընդդիմախոսները ստիպված պետք է ձեւավորեն նոր եւ ուժեղ ընդդիմադիր ֆորմատ, իսկ իշխանությունն էլ ավելի կենտրոնանա: Իսկ մնացյալը կվճռվի խելքի եւ ուժի պատերազմում: