«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2009-11-24 | #215, 2009-11-25 | #216, 2009-11-26


ՏԱՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ ՆՓԱԿ-Ի ՊԱՏԵՐԻՆ

Հերթական անսովոր մտահղացման իրականացման դաշտ երիտասարդ ստեղծագործողների համար դարձյալ ստեղծել է ՆՓԱԿ-ը: Այս անգամ ցուցասրահներում, ավելի շուտ հենց պատերին արված «Տառը որպես պատկեր» թեմայի տարբեր դրսեւորումներ են: Ընդունել-չընդունելու (որպես արվեստ), ինչ-որ բան պատկերացնել-մտածելու, կամ զուտ դիտելու առումով երեւակայությունդ ազատ է. ոչինչ չի պարտադրվում:

Ներս մտնելիս, առաջին հարկի պատին մի քանի այբուբեններից (հայկական, հունական, ճապոնական, արաբական, պարսկական) ընտրված տառատեսակները հուշում են տառարվեստի, գեղագրության (կալիգրաֆիա) հնամենի ավանդույթների եւ դրա ժամանակակից դրսեւորումների մասինՙ կալիգրաֆիտի կոչված ձեւի մեջ:

Կալիգրաֆիանՙ գրի (տառի) գեղարվեստականացումը, միջնադարյան արմատներ ունի եւ աղերսվում է հեռավոր արեւելյան քաղաքակրթությանը, որտեղ այն հետաքրքրական դրսեւորումներ ունեցավ. հիերոգլիֆներն արդեն իսկ պատկերային արտահայտություններ են: Ծայրագույն արեւելքում, ապա եւ իսլամական երկրներում գեղագրությունը գեղանկարչության տարր էր կազմում, մասնավորապես Իրանում այն զարգացման բարձր մակարդակի էր հասել եւ դիտվում էր որպես արվեստ: (Վերջին տարիներին Ազգային պատկերասրահում խազարական արվեստի ցուցանմուշների մեջ բավականին տեղ զբաղեցնում էր կալիգրաֆիական արվեստը):

Իր կառուցվածքով ոչ պատկերային, այլ գծային բնույթով հայոց այբուբենը նույնպես ենթարկվել է գրիՙ նախնական ձեւի զանազան փոփոխությունների: Տառի գեղարվեստական պատկերումը հայկական ձեռագրարվեստի անքակտելի մասն է կազմել. հատուկ ուշադրություն էին դարձվում տեքստի սկզբնատառերին: Ձեռագիր մատյանները զարդարվում էին ոչ միայն նախշապատկերներով, նաեւ կենդանագիր, թռչնագիր տառատեսակներով. միջնադարյան գրազարդարման այս արվեստի ավանդույթները լայնորեն կիրառվել են գրեթե բոլոր, նաեւՙ մեր ժամանակներում:

Կալիգրաֆիտին նորություն է իր ներառական ձեւով, այն հնագույն ավանդույթներով հարուստ գեղագրության եւ համեմատաբար ուշ ձեւավորված գրաֆիտիի զուգադրումն էՙ տառարվեստի ավանգարդ մոտեցման մի տարբերակ, որ քաղաքային միջավայրի անբաժան մաս է այլեւսՙ որեւէ տեղ:

ՆՓԱԿ-ի տնօրեն Էդվարդ Պալասանյանը գտնում է, որ այսօրինակ ձեւավորումները ինքնաբուխ, արտահայտիչ, բայց ժամանակավոր բնույթ ունեն: «Ինչպես էին հայ միջնադարյան ծաղկողները թռչնագիր տառերով մատյանները զարդարում, կամ մուսուլման կալիգրաֆիստները արաբեսկով զարդարում: Նրանք էլ պատերին տարբեր տառատեսակներով պատկերներ են ստանում: Հետաքրքրական է, թե դարեր շարունակ այս արվեստը հիմա ինչպես է իր արտահայտությունը գտնում քաղաքի բացարձակապես անսպասելի միջավայրում»:

ՆՓԱԿ-ի պատերին զանազան տառապատկերները (հայկական, ռուսական, լատինատառ, արաբական)ՙ հայերի եւ օտարների մասնակցությամբ են արվածՙ Բեռլինից, Մոսկվայից, Նյու Յորքից, Թեհրանից եւ այլն:

Նմանատիպ տառազարդարումներով լեցուն է մեր քաղաքային միջավայրը, փողոցի ամեն անկյան ամեն պատին, գետնուղիներում, ցավոք, նաեւ հնավայր-հուշարձանների, եկեղեցիների պատերին, անգամ ծառաբներին փորագրված ինչ-որ տառեր, պատկերներՙ որքան ասես: Բայց մտքովդ չի անցնի դրանք ցուցահանդեսային նյութեր սարքել: Ըստ ցուցահանդեսը համակարգող Արփա Հակոբյանի , սա արտերկրում բավականին տարածում գտած ինքնարտահայտման ակտուալ միջոց է, երբ տառը, պատերաարտահայտության մեջ գեղարվեստական արժեք է ձեռք բերում, ինչպես է տառը պատկերային ձեւեր ստանում, ինչպես է կերպարափոխվում, մեզ ինչ-որ բան փոխանցում: Նրա ասելով, ցուցահանդեսը ի հայտ բերեց տառապատկերման հայ մասնակիցների կարողությունները, որոնք արտերկրի այս նույնՙ կալիգրաֆիտի արվեստով զբաղվողներին չեն զիջում:

Ներկայացված են նաեւ լուսանկարներ, որոնց հեղինակները չեն զբաղվում այս արվեստով, սակայն լուսանկարչական սարքը արձանագրել է հասարակական միջավայրում տարածված այս երեւույթի տարբեր դրսեւորումներ:

ՆՓԱԿ-ի պատերի այս տառապատկերումները 3-ամսյա ցուցադրություն եւ նույնքան էլ կյանք կունենան:

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4