«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2009-11-24 | #215, 2009-11-25 | #216, 2009-11-26


ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ ՁԱԽՈՂՎԵՑ

Չինացի ծանրորդն առաջին անգամ մնաց առանց մեդալի

Ծանրամարտի աշխարհի առաջնության հերթական օրն անհաջող էր Հայաստանի համար: Մինչեւ 63 կգ քաշային կարգում Մելինե Դալուզյանին չհաջողվեց մեդալ նվաճել: Մեր մարզուհին երկամարտի 235 կգ (105+130) արդյունքով գրավեց 6-րդ տեղը: Հայ մարզուհին անվստահ հանդես եկավՙ 6 փորձերից միայն երկուսում հաջողությամբ բարձրացնելով ծանրաձողը: Պոկում վարժությունը Մելինեն սկսեց 105 կգ-իցՙ հաջողությամբ բարձրացնելով ծանրաձողը: Սակայն հաջորդ երկու փորձերի ժամանակ նա չկարողացավ իրեն ենթարկել 108 կգ-անոց ծանրաձողը: Այս արդյունքը պոկում վարժությունում ընդամենը 7-րդն էր, ինչը բավական դժվարին կացության մեջ էր դրել Մելինեին մեդալների համար մղվող պայքարում:

Լավագույն արդյունքի հասան ռուսաստանցի Վիկտորիա Սավենկոն եւ բելառուսցի Հաննա Բատյուշկան, որոնք բարձրացրին 112 կգ: Սավենկոն 30 գրամով թեթեւ էր Բատյուշկայից, ուստի պոկում վարժության ոսկե մեդալը բաժին հասավ նրան: 111 կգ-ով բրոնզե մեդալը նվաճեց ռուսաստանցի Սվետլանա Ծառուկաեւան: Որքան էլ որ զարմանալի էր, թույլ հանդես եկավ չինացի մարզուհի Քսիյան Գուոն, որը միայն 3-րդ մոտեցմամբ հաղթահարեց նախնական 105 կգ քաշը:

Հրում վարժության համար Մելինե Դալուզյանը նախապես պատվիրել էր ամենածանր քաշըՙ 133 կգ: Սակայն մրցման ժամանակ մարզիչները որոշեցին 3 կգ-ով նվազեցնել ծանրաձողի քաշը: Մելինեն թեեւ դժվարությամբ, սակայն բարձրացրեց ծանրաձողը: Բայց այդ արդյունքով նա չէր կարող պայքարել մեդալի համար, ուստի հաջորդ մոտեցման համար պատվիրեց 137 կգ: Ցավոք, երկու անգամ էլ նա չկարողացավ բարձրացնել ծանրաձողը:

Մելինեն իրոք պատրաստ չէր նման ծանրություն բարձրացնելուն: 130 կգ արդյունքով հրում վարժությունում հայ մարզուհին գրավեց 6-րդ տեղը: Այստեղ ոսկե մեդալի արժանացավ ղազախստանցի Մայա Մանեզան, որը հրելով 141 կգ, իր համար ապահովեց աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը: Ղազախստանցի մարզուհին երկամարտում ցույց տվեց 246 կգ (105+141): Նույնպիսի արդյունքի հասավ նաեւ ռուսաստանցի Սվետլանա Ծառուկաեւան (111+135), սակայն նա 290 գրամով ծանր էր Մանեզայից, ուստի ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Բրոնզե մրցանակակիր դարձավ թուրք Սիբել Շիմսեկըՙ 243 կգ (108+135):

Նշենք, որ սա քաշային առաջին կարգն էր, որում Չինաստանի ներկայացուցիչներին չհաջողվեց մեդալ նվաճել: Մինչ այդ չինացի ծանրորդները նվաճել էին 6 ոսկե,

2-ական արծաթե եւ բրոնզե մեդալներ: Այսօր մրցահարթակ դուրս կգան մինչեւ 85 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշում երկու ներկայացուցիչ ունիՙ օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը եւ Գեւորգ Պողոսյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4