Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում չորս հայ շախմատիստներից պայքարը շարունակում է միայն Միացյալ Նահանգները ներկայացնող Վարուժան Հակոբյանը: Աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովի հետ անցկացրած երկու պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Այնպես որ 3-րդ փուլի ուղեգրի համար այսօր Հակոբյանն ու Պոնոմարյովը լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն: Սկզբում նրանք չորս պարտիայից բաղկացած արագ շախմատի (25 րոպե յուրաքանչյուրին) մրցախաղ կանցկացնեն: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի կայծակնային մրցախաղում:
3-րդ փուլ են մտել Վուգար Հաշիմովը, Բորիս Գելֆանդը, Վիկտոր Լազնիչկան, Վեսլի Սոն, Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Յակովենկոն, Շահրիյար Մամեդյարովը, Վանգ Յուն, Հաո Վանգը, Էթիեն Բաքրոն, Բայադուր Ջոբավան, Գատա Կամսկին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ