Այսօր Երեւանի «Հատիսը» Եվրոպայի գավաթի խաղարկության 3-րդ տուրում Թուրքիայում կմրցի տեղի «Բեշիքթաշի» հետ, որը «F» խմբի առաջատարն է: Թուրքերը հաղթել են նախորդ երկու խաղերում էլ: Պատասխանատու խաղից առաջ «Հատիսի» կազմը համալրել է սերբ բասկետբոլիստուհի Միլիցա Դաբովիչը, որը միանգամից ժամանելու է Թուրքիա, ուր երեկ առավոտյան ուղեւորվեց մեր թիմը:
Միլիցա Դաբովիչը պաշտպան է, 175 սմ հասակ ունի: Դաբովիչը հանդես է եկել սերբական «Բեոպետբոլ», «Ցրվենա Զվեզդա», «Վոյվոդինա», ռուսական «Եկատերինբուրգ», «Մոսկվա», «Սպարտակ», թուրքական «Բեշիքթաշ» եւ հունական «Պալեո Ֆալիրո» թիմերում: Դաբովիչը ներկայումս ելույթ է ունենում նաեւ Սերբիայի ազգային հավաքականում:
Ակումբի պաշտոնական կայքէջում «Հատիսի» գլխավոր մարզչի օգնական Արեգ Վաթյանը հետեւյալն է նշել. «Նրա խաղին մենք շատ լավ ծանոթ ենք, քանի որ Միլիցան հայտնի բասկետբոլիստուհի է: Երբ Աթենքում «Հատիսը» խաղում էր «Աթինաիկոսի» հետ, նա եկել էր դիտելու խաղը, քանի որ թիմի ավագ Բոյանա Վուլիչի մոտ ընկերուհին է: Քանի որ մենք պաշտպանությունում խնդիրներ ունենք, առաջարկեցինք նրան հանդես գալ հայկական թիմում: Դաբովիչը սիրով համաձայնվեց: Նա վերջերս է խզել պայմանագիրը հունական «Պալեո Ֆալիրո» թիմի հետ եւ ցանկանում էր ուժերը փորձել եվրոգավաթներում»:
Հարկ է նշել, որ այս համալրումը ժամանակին էր, քանի որ «Հատիսի» պահեստայինների նստարանը շատ կարճ է: Թեեւ թիմում 13 բասկետբոլիստուհիներ են հայտավորված, սակայն հիմնականում խաղահրապարակ են դուրս գալիս 6 մարզուհիներ: Հուսանք, որ Միլիցան կնպաստի «Հատիսի» հաջող մրցելույթներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ