«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2009-11-25 | #216, 2009-11-26 | #217, 2009-11-27


ԼՂՀ-Ն ԻՐԱՎԱՍՈՒ Է ՀԱՄԱՐԺԵՔ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼՈՒ

Նոյեմբերի 25-ին ԼՂՀ Ազգային ժողովը ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումների կապակցությամբ հայտարարություն է ընդունել: Փաստաթուղթը բովանդակային առումով որեւէ նորություն չէր պարունակի, եթե չլիներ մի էական ընդգծում. «Ազգային ժողովը, արտահայտելով Արցախի ժողովրդի կամքը, իրեն է վերապահում համարժեք նախաձեռնություններով հանդես գալու իրավունքը»: Սա կարեւորվում է, եթե նկատի ենք ունենում, որ հայտարարության նախորդող ձեւակերպումների առանցքում Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հավակնությունների եւ դրանց հանդեպ միջազգային հանրության, միջնորդ երկրների կրավորական պահվածքի մասին շեշտադրումներն են: Արցախի խորհրդարանականները նույնիսկ կարծիք են հայտնել, որ ղարաբաղյան կողմը կարող է կորցնել խաղաղ կարգավորման հանդեպ վստահությունը:

Ի՞նչ է նշանակում դա:

  «Ազգ» -ի խնդրանքով հայտարարության վերոնշյալ առանցքային մոտեցումները մեկնաբանել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը . «Մյունխենյան հանդիպումից առաջ Ադրբեջանը, կարելի է ասել, քարոզչական «հրետանային նախապատրաստություն» անցկացրեց: Այդ կերպ Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ փորձ արեց նենգափոխել բանակցությունների առարկան եւ կարգավորման մեթոդաբանությունը: Անկախ այն բանից` դա նրան հաջողվեց կամ ոչ, ես կարծում եմ` չի հաջողվել, բանակցությունների շուրջը ստեղծվում է տեղեկատվական անցանկալի պատկեր: Մեր խնդիրն է` հնարավորինս չեզոքացնել դա, շեշտել, որ խնդիրը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի հակասությունների, այլ` Ադրբեջանի եւ ԼՂՀ միջեւ չկարգավորված հարցերի հարթությունում է: Մենք ընդգծել ենք, որ Ադրբեջանը քաղաքակիրթ երկիր չէ, չի հարգում իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Այդ կերպ ԼՂՀ Ազգային ժողովը Ադրբեջանի դիրքորոշումը որակել է որպես անհուսալի բանակցողի կեցվածք: Այսինքնՙ մենք ասել ենք այն, ինչ կա իրականում. Ադրբեջանը ոչ թե խնդիր է ուզում լուծել, այլ փորձում է պարտադրել «լուծումներ»: Սա անընդունելի պիտի լինի, կարծում եմ, ամենից առաջ միջազգային հանրության համար: Եվ եթե միջնորդները շարունակեն «տրվել» Ադրբեջանի կամ այլ շահագրգիռ երկրի հավակնություններին, ապա, բնականաբար, ԼՂՀ Ազգային ժողովը գործադիր իշխանությանը կներկայացնի իրավիճակին համարժեք քայլեր ձեռնարկելու առաջարկություններ», ասել է նա:

  «Ազգի» այն հարցին, թե որո՞նք կարող են լինել համարժեք քայլերը, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանեց.

«Կարծում եմ, որ փակագծերը բացելու ժամանակը չէ: Նկատեմ միայն, որ ԼՂՀ-ն, որպես հրադադարի հաստատման պայմանավորվածության լիարժեք, բոլորի, այդ թվում եւ Ադրբեջանի կողմից ճանաչված իրավահավասար կողմ, իրավասու է համարժեք քայլեր անելու, եթե պաշտոնական Բաքուն չհարգի հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին ստանձնած պարտավորությունը կամ շարունակի հիմնախնդրի եւ բանակցությունների էությանը նենգափոխելուն ուղղված քայլերը»:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4