ԼՂՀ Ազգային ժողովը նոյեմբերի 25-ի լիագումար նիստում ընդունել է հայտարարություն Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումների կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները անթաքույց կերպով ժամանակ են ձգումՙ հետագայում Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը հօգուտ իրենց փոխելու նպատակով:
Այս իրավիճակում Արցախի խորհրդարանը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային արտահայտությունները որակում է որպես անհուսալի բանակցային կողմի դիրքորոշում, ինչը հղի է խաղաղ կարգավորման հանդեպ ղարաբաղյան կողմի վստահության կորստի հեռանկարով:
ԼՂՀ Ազգային Ժողովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջնորդ երկրների խորհրդարանների, ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովների, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ միտումների վտանգավորության վրա: Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի եւ բանակցությունների էությունը նենգափոխելու համառ քայլերը կասկածի տակ են դնում միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման նպատակով գործադրվող բոլոր ջանքերի արդյունավետությունը:
Ելնելով վերոնշյալից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը, հաշվի առնելով Արցախի ժողովրդի կամքը, իրեն է վերապահում համարժեք նախաձեռնություններով հանդես գալու իրավունքը:
Ազգային Ժողովը ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությանը առաջարկում է սույն հայտարարության մասին իրազեկել ԵԱՀԿ Նախարարների խորհրդիՙ առաջիկայում Աթենքում կայանալիք նիստին:
Ն. Մ.