«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2009-11-25 | #216, 2009-11-26 | #217, 2009-11-27


ՍԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՑ

«Այս ողբերգական պատմությունը սկսվել է 20 տարի առաջ, երբ Խորհրդային Միության ազգերի միջեւ տեղի ունեցավ բաժանում»: Այս խոսքերով է մեկնարկում ռուսական Ren TV հեռուստաընկերության նկարահանած «Արյունոտ հանգուցալուծում» հինգ մասից բաղկացած վավերագրական ֆիլմը: Ֆիլմի իրադարձությունները սկսվում են 1985-1989 թթ: Այն պատկերավոր ներկայացնում է վերակառուցման գաղափարը, Կրեմլում քաղաքական վերնախավի փոփոխությունը, Գորբաչովի բացթողումներն ու սխալները: Ֆիլմն անդրադառնում է նաեւ Ղարաբաղյան հակամարտությանը: Երկրորդ սերիանՙ «ԽՐՈւ» վերնագրով, անդրադառնում է 1990-1991-ի դրամատիկ իրադարձություններին, Բաքվում ու Սումգայիթում ադրբեջանցիների կազմակերպած հայերի զանգվածային ցեղասպանությանը: Ֆիլմի երրորդ սերիան` «Հայրենասերների խաղը» վերտառությամբ, անդրադառնում է Արցախյան գոյամարտին, ադրբեջանական ագրեսիային, «Կոլցո» օպերացիային եւ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրմանը:

Նոյեմբերի 22-ից ցուցադրվող վավերագրական Ֆիլմն արժանացել է ադրբեջանցիների զայրույթին: Ren TV հեռուստաալիքը ադրբեջանցիները հնարավորություն ունեն դիտելու մալուխային հեռուստատեսության շնորհիվ, սակայն ոլորտում մասնագիտացած KATV1 ընկերությունն իր բաժանորդներին զրկել է ֆիլմաշարը դիտելուց` դադարեցնելով հեռարձակումը: KATV1-ի մամուլի ծառայության ղեկավարը 1news.az էլեկտրոնային պարբերականին ասել է, որ իրենց ընկերության եւ բաժանորդների միջեւ կնքված պայմանագրի կետերից մեկի համաձայն, եթե տեղեկատվական հաղորդումները հակասում են իրենց երկրի ազգային շահերին, ապա ընկերությունը իրավունք ունի արգելափակելու հաղորդումը:

«Դա մեր ընկերության քաղաքականությունն է: Ֆիլմի սերիաներում խոսվում է Ադրբեջանում հայերի ցեղասպանության մասին»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4