«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2009-11-25 | #216, 2009-11-26 | #217, 2009-11-27


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՀԱՊԿ-Ի ՎՐԱ

Նոյեմբերի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել էր, որ Մինսկի խմբի ձգձգվող աշխատանքների պատճառով այսօր Ադրբեջանին մնում է միայն ռազմական ճանապարհով հետ բերել «ադրբեջանական հողերը»:

Առհասարակ ադրբեջանական ռազմաշունչ հայտարարությունները` ամենաբարձր մակարդակներով, նորություն չեն: Ողջ իշխանությունը, նախագահ Ալիեւի «գլխավորությամբ», ներքին թե արտաքին լսարաններին պարբերաբար «ներարկում» է պատերազմ սկսելու կոչեր: Ընդ որում, այդ կոչերը դատապարտվում են ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ միջազգային հանրության կողմից: Եվ ահա, այս ֆոնի վրա, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նոյեմբերի 25-ին Բելառուսում հայտարարել է. «ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ արտաքին ագրեսիային կհետեւի ՀԱՊԿ անդամ մյուս երկրների աջակցությունը, այդ թվում` ռազմական»: Առաջին հայացքից այս «անմեղ» հայտարարությունը, իր, թերեւս, հիմնական իմաստն է ստանում, երբ նկատում ենք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը` ոչ:

Ռուսաստանի նախագահը շեշտել է նաեւ, որ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ստեղծվել են անդամ բոլոր երկրներում. «Առաջ եկող դժվարին իրավիճակներին համատեղ հակազդելու նպատակով,- շարունակելով` Մեդվեդեւը նշել է,- այդ ուժերը, անհրաժեշտության դեպքում, կարող են իրականացնել նաեւ ռազմական գործողություններ: Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ անվտանգության պայմանագրի համաձայն գործում է այն նույն կանոնը, ինչն առկա է ՆԱՏՕ-ում, ըստ որի`անդամ երկրներից մեկի նկատմամբ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում դաշինքի, պայմանագրի վրա: Սա անչափ լուրջ ձեւակերպում է, իրականում դրա մասին մեզանից շատերը հաճախ մոռանում են, մինչդեռ գործընկերային պարտավորությունը հենց դա է, այդ թվում` ռազմական պարտավորությունը»:

Հիշեցնենք նաեւ, որ բացի Հայաստանից, ՀԱՊԿ անդամ երկրներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը:

Փաստորեն, ՌԴ նախագահը «տեղեկացնում» է Ադրբեջանին, որ Հայաստանի հետ պատերազմը վերսկսելու դեպքում հայկական բանակին իրենց ռազմական օգնությունն են ցուցաբերելու այս երկրները:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4