«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2009-11-25 | #216, 2009-11-26 | #217, 2009-11-27


ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Թեպետ ՍԴՀԿ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը պնդում է, որ Վարդան Խաչատրյանը ՍԴՀԿ կենտրոնական վարչության քաղաքական դիվանի անդամ է, համահնչակյան կենտրոնական վարչության ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն էլ պնդում է, որ նախկին ժառանգականը ո՛չ ՍԴՀԿ, ո՛չ էլ համահնչակյան ընտանիքի անդամ է: «Վարդան Խաչատրյանը գուցե Լեսոտոյի ինչ-որ կուսակցության անդա՞մ է կամ Հռոմի պա՞պն է` չլինելով կաթոլիկ: Նա հեռացվել է կուսակցությունից: Այն մարդը, ով կազմակերպել էր Վարդան Խաչատրյանի անդամակցությունը, միգուցե նպատակ ուներ, որ ի վերջո մենք կգնանք խախտումների, եւ ՀՀ-ում կկասեցնեն ՍԴՀԿ-ի գործունեությունը», այսպես մեկնաբանեց Խաչատրյանի ոդիսականը Գուրգեն Եղիազարյանը:

«Վարդան Շիրխանյա՞նն է այդ մարդը» հարցին էլ Եղիազարյանը պատասխանեց. «Ես չեմ իմանում` ում մասին է խոսքը», հետո էլ ավելացրեց, թե հետո կասի:

Սակայն մինչ կուսակցությունից հեռացվելը Վարդան Խաչատրյանը հասցրել է նաեւ երդվել: «Երբ «Ժառանգությունից» դուրս եկավ, հանկարծ հասկացավ, որ սոցիալիստ է եւ դիմում գրեց Լյուդմիլա Սարգսյանին, որ ընդունվի կուսակցության շարքերը», ասաց Գ. Եղիազարյանը: Դիմումից հետո հնչակյանները սկսել են պատրաստվել Վարդան Խաչատրյանի երդման արարողությանը: Երեւի պահանջատիրությունն է պատճառը, որ մինչեւ այսօր հնչակյանները երդվում են դաշույնի վրա: Եղիազարյանն էլ անձամբ ներկա է եղել Վարդան Խաչատրյանի երդման արարողությանը: Այդ սուրբ արարողության ժամանակ հանկարծ Եղիազարյանի դիպուկ աչքը նկատել է, որ դաշույնը սիպուկո է, դա խարակիրիի դաշույն է, բայց նախատեսված կանանց համար: Եղիազարյանը կարծել է, որ Խաչատրյանը գուցե չիմանա այդ նրբության մասին ու հարցրել է.

- Վարդա՛ն, սա ի՞նչ է:

- Սիպուկո,- հնչել է պատասխանը:

- Պատրաստվում ես քաղաքական խարակիրիի՞,- հարցրել է Եղիազարյանը:

Թե ինչ է պատասխանել Խաչատրյանը, հայտնի չէ, սակայն երդման արարողությունը տեղի է ունեցել: Հետո հնչակյանները հիշել են կուսակցությունների մասին մի շարք օրենքներ, հասկացել, որ օրենք են խախտում, Վարդան Խաչատրյանին հեռացրել են կուսակցության շարքերից ու «կրկին փորձիր» տարբերակով բացատրել, որ կարող է կուսակցության շարքերը համալրել մեկ տարի անց:

Ավելի ուշ պարզվեց, որ Վարդան Խաչատրյանը Գուրգեն Եղիազարյանի «թեթեւ ձեռքով» կուսակցությունից հեռացված միակ մարդը չէ: «Ազգ» -ի հարցին, թե արդյոք առաջիկա համագումարում քննարկվելո՞ւ է ՍԴՀԿ հայաստանյան կառույցի հիմնադիրներից ԱԺ պատգամավոր էռնեստ Սողոմոնյանի հարցը, Եղիազարյանը հայտարարեց, որ Սողոմոնյանը ոչ միայն ՍԴՀԿ հայաստանյան կառույցի հետ կապ չունի, այլեւ համահնչակյան ընտանիքի անդամ չէ: «Նա կուսակցության անդամ չէ, որ իր հարցը քննարկենք»:

Ավելի ուշ պրն Սողոմոնյանը «Ազգի» հետ հեռախոսազրույցում մեկնաբանեց հայտարարությունըՙ այն անվանելով տրամաբանությունից զուրկ: «Համահնչակյան ընտանիքի անդամ ենք ու միշտ բարձր ենք պահել այդ ընտանիքի պատիվը` ի տարբերություն ոմանց», ասաց նա:

Գուրգեն Եղիազարյանը նաեւ հավելեց, որ Լյուդմիլա Սարգսյանը որեւէ բան չի արել, որ առաջիկա համագումարում վերընտրվելու հնարավորություն չունենա: Ինչ վերաբերում է քաղաքական կուրսի փոփոխությանը, ապա Եղիազարյանը հավելեց, որ փոփոխություն չի լինի:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4