«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2009-11-25 | #216, 2009-11-26 | #217, 2009-11-27


ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ. «ԿՈՒԶԵՆԱՅԻ ԶԳԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ...»

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ ճեպազրույցում «Ազգը» քննարկեց ՀՀԿ առաջիկա համագումարին մերձ թեմաներ: Բնականաբար` նախ հետաքրքրվեցինք մամուլում առկա այն լուրերի իսկությամբ, ըստ որոնց ՀՀԿ-ում բավականին հակասություններ կան, որոնք համագումարում արտածվելու են:

Ս. Ն. - Այդ համագումարը հերթական` սովորական, շարքային համագումար է, որը, համաձայն օրենքի, երկու տարին մեկ գումարվում է: Որեւէ անսովոր խնդիր չկա, համագումարը նպատակաուղղված է ներկուսակցական խնդիրների քննարկմանը, արված աշխատանքի հաշվետվությանը, կուսակցական մամինների ձեւավորմանը:

- Հատկապես ի՞նչ ներկուսակցական խնդիրներ են կուտակվել:

- Որեւէ հատուկ ներկուսակցական խնդիր չկա, որը զուտ լրագրողական առումով հետաքրքրական լինի, յուրաքանչյուր կուսակցություն իր համագումարն անում է ծրագրած աշխատանքները վերլուծելու, հաշվետու լինելու առումով:

- ՀՀԿ-ի ներսում հակասություններ չկա՞ն` համենայն դեպս մամուլը գրում է այդ մասին:

- 1998 թվականից այդ խոսակցությունները կան. կուսակցություն, որը վարում է զանգվածային կուսակցությանը հարիր կուսակցական շինարարության քաղաքականություն, դժվար չէ կուսակցության շարքերն ընդունվել, դժվար չէ կուսակցությունից հեռանալը` զանգվածային կուսակցություններին բնորոշ մոտեցումներով է ղեկավարվում եւ քանի որ միշտ պատրաստ է եղել նորանոր մարդկանց ընդունելու` 1998 թվականից այս խոսակցությունները կան: Բնական է, որ կուսակցությունը աշխատող, գործող օրգանիզմ է, իսկ յուրաքանչյուր գործող օրգանիզմում հնարավոր են նաեւ Ձեր ասած մտահոգությունները: Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, որտեղ կարող են լինել տարբեր կարծիքներ: Մենք մշտապես հայտնում ենք մեր տեսակետները, հանրապետականներին տրվում է ցանկացած հնարավորություն` սկսած խորհրդի, գործադիր մարմնի հետ դռնբաց հանդիպումներից, վերջացրած տարբեր քննարկումներով` տեսակետների ազատ արտահայտման հնարավորություն է տրվում: Խորհրդի նիստերի մթնոլորտն այնպիսին է, որ ամեն ոք կարողանում է իր տեսակետն արտահայտել: Քննարկումները բերում են տեսակետների մոտեցման: Այնպես որ արտահայտված հակասությունների մասին խոսք լինել չի կարող: Բայց նաեւ` ի սկզբանե մեզ մոտ ավանդույթ է եղել կուսակցության առաջնորդի կարծիքը կարեւորելը:

- Վերջին անգամ ի՞նչ հարցում են տարբեր մոտեցումներ եղել:

- Դա մեր կուսակցական ներքին կյանքն է` հիմա Դուք ուզում եք, որ մեր ներկուսակցական խնդիրները պարզե՞մ: Ես ասում եմ` ես գոնե որպես խորհրդի անդամ լիովին օգտագործում եմ իմ հնարավորությունները` խորհրդում հարց առաջ քաշելու եւ պատասխան ստանալու: Ավելին ասեմ` մենք գոնե օգտվում ենք նաեւ անձնական այցերի, հեռախոսով կապվելու ֆորմատից` տեսակետները հայտնելու համար:

- Իսկ անձամբ, որպես ոչ շարքային ՀՀԿ-ական, ի՞նչ սպասելիք ունեք համագումարից:

- Նորից ասեմ` համագումարում չեն հնչելու վերլուծականներ` կուսակցության, պետության արտաքին եւ ներքին քաղաքականության մասին, որոնցով մենք անցած չլինենք եւ որոնց մասին տեղյակ չլինենք: Այդ աշխատանքի մեջ ենք ամեն օր եւ համագումարին ընդամենն ամփոփելու ենք:

- Անակնկալ չսպասե՞նք: Օրինակ` երկրի նախագահի ելույթը կարող էր անսպասելի շեշտադրումներ պարունակել պետական կարեւորագույն խնդիրների վերաբերյալ:

- Ո՞ւմ համար անսպասելի: Իհարկե` վերլուծական կլինի, որովհետեւ անհնար է դրան չանդրադառնալ` մեր պետությունն այս երկու տարիներին անցել է փորձությունների միջով, իհարկե պետության զարգացման առաջիկա նախանշված ուղիների վերաբերյալ տեսակետներ կարտահայտի նախագահը, իհարկե անդրադարձ կլինի ղարաբաղյան, հայ-թուրքական հարցերին, բայց չեմ կարծում, թե ինչ-որ սենսացիոն բան կարող է լինել:

- Քաղաքական դաշտում իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

- Հայաստանի քաղաքական դաշտում բավականին անդորր վիճակ է` անկեղծ ասած, մեկ-մեկ տեսնում ենք հզոր պոռթկումներ, որոնք հաճախ, կարելի է ասել, դուրս են գալիս ցանկալիի տիրույթից` գործելաոճը նկատի ունեմ, բայց ընդհանրապես` ես կուզենայի, որ ընդդիմությունը լիներ իր դիրքերում, եւ մենք նրա շնչառությունը զգայինք...

- Ովքե՞ր են ընդդիմադիրները:

- 75 կուսակցություն կա, դրանցից երեքն իշխանական են` նրանց հանեք, մնացածն ընդդիմադիր դաշտն է:

- ՀՀԿ-ի կենտրոնանալու, մյուսներին դուրս մղելու նկրտումների մասին հարցնեմ` կարծես թե իշխանությունն այլեւս չեք ուզում կիսել ոչ մեկի հետ:

- Ես Ձեր տեսակետին համաձայն չեմ: Պառլամենտում կա 5 խմբակցություն, իշխանությունը 3 կուսակցությունների մեջ է կիսված, միայն հանրապետականինը չէ, «Բարգավաճինն» ու ՕԵԿ-ինն էլ է: Յուրաքանչյուր կուսակցության բնական ձգտումն է` ուժեղանալ: Ես հասկանում եմ, որ ՀՀԿ-ն հզորանում է, ու նրա հանդեպ խանդ կա, բայց դա բնական եմ ընդունում: Իսկ վարչապետի ու մի քանի նախարարի կուսակցություն գալը ոչ ուժեղացնում, ոչ թուլացնում է ՀՀԿ-ն, քանի որ նրանք մեծամասնությամբ ձեւավորված կառավարությունում են եւ իրականացնում են նախագահի եւ քաղաքական մեծամասնության ծրագրերը: Համագործակցությունը կար, հիմա էլ դրա տրամաբանական շարունակությունն է` կուսակցությունում նրանց ընդգրկվելը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4