«Երկքաղաքացիության մասին» օրենքում կառավարության հավանությանն արժանացած փոփոխությունները երեկ լրագրողներին ներկայացրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես անդրադարձավ անուն-ազգանուններիՙ անգլերենից հայերեն թարգմանելու ժամանակ առաջ եկող խնդրին, որը սփյուռքի մեր հայրենակիցների դժգոհություններն էր առաջացնում: Ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ հատուկ կացության կարգավիճակ ստացող մեր հայրենակիցների անուն-ազգանուններն ուղղակիորեն անգլերենից տառադարձվում էին հայերեն: Շատ հաճախ հայերենում ստացվում էր բոլորովին այլ անուն-ազգանուն: Երկար քննարկումներից հետո որոշվել է, որ այսուհետեւ հայկական անձնագրերում անուն-ազգանունները անգլերեն կգրվեն նույնությամբ, իսկ հայերենՙ գրական հայերենով եւ այն տարբերակով, որը ցանկանում է տվյալ անձը: Սփյուռքի նախարարն ավելացրեց, որ եթե լինեն այնպիսի բարդ անուն-ազգանուններ, որոնց հայերեն դարձնելը դժվարություններ կարող է առաջացնել, ապա դա կքննարկվի լեզվի տեսչության հետ, եւ որոշում ընդունվելիս դարձյալ պետք է արժանանա տվյալ անձի հավանությունը:
Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ «Երկքաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո, 2008-ի 7-8 ամիսների ընթացքում, Հայաստանի քաղաքացիություն են ստացել 1350 սփյուռքահայեր, իսկ 2009-ի 10 ամիսներին այդ թիվը գրեթե եռապատկվել է եւ կազմել 3514: Նրա տեղեկացմամբ, դրանք հիմնականում այն սփյուռքահայերն են, որոնք հաճախակի են առնչվում Հայաստանի հետ, սփյուռքում ակտիվ ազգային հասարակական գործունեություն ծավալող մարդիկ, քահանայական դասը եւ ուրիշներ: Քաղաքացիություն ստացողները հիմնականում միջին եւ բարձր տարիքի անձինք են, հավասարապես կանայք եւ տղամարդիկ:
Ա. Մ.