Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հերթական խոշոր հաշվով պարտությունը կրեց: Ինչպես եւ նախորդ խաղում, այս անգամ էլ Իտալիայի հավաքականը 7 անպատասխան գնդակ ուղարկեց մեր ընտրանու դարպասը: Իտալուհիները հաշիվը բացեցին արդեն 1-ին րոպեին, երբ Տոնան գրավեց ՀՀ հավաքականի դարպասը: Առաջին խաղակեսում դաշտի տերերը եւս մեկ գոլ խփեցին, իսկ 7-րդ գնդակն անցկացրին ավելացված ժամանակում:
Այսպիսով մեր ֆուտբոլիստուհիների հերթական տուրիստական արշավը Ֆինլանդիա եւ Իտալիա ավարտվեց 0-7 հաշվով կրած պարտություններով: ՈւԵՖԱ-ն մեր աղջիկներին հնարավորություն է ընձեռել ծանոթանալ մրցակից թիմերի երկրների տեսարժան վայրերին, ինչից մերոնք հաճույքով օգտվում են: Իսկ մարզական ցուցանիշների մասին մտածող չկա: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային էլ քիչ է հուզում հավաքականի անհաջողությունը, քանի որ ճանապարհածախսը հոգում են ՈւԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն: Մեր հավաքականն ընտրական 7-րդ խմբում 5 խաղերում էլ խոշոր հաշիվներով պարտվել էՙ ընդհանուր առմամբ բաց թողնելով 31 գոլ: Մեր ֆուտբոլիստուհիներին միայն մեկ անգամ է հաջողվել գրավել մրցակցի դարպասը: Ինչպես երեւում է, մերոնք առաջնորդվում են «գլխավորը մասնակցությունն է» սկզբունքով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ