ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Մյունխենյան հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանցի մի քաղաքագետ կարծիք էր հայտնել, որ բանակցությունների մասին ինչ- որ բան պարզ կդառնա միայն երկու- երեք շաբաթ անց: Սա միակ բանական արձագանքն էր տեղեկատվական այն հեղեղի մեջ, որ կազմակերպել էր պաշտոնական Բաքուն` տպավորություն ստեղծելու, թե «խիստ վախեցած լինելով Իլհամ Ալիեւի վերջնագրային հայտարարությունիցՙ Հայաստանը Մյունխենում կառուցոողական էր տրամադրված», բայց նույնիսկ այս դեպքում էլ արժե ասել, որ ադրբեջանցի քաղաքագետն իր հոռետեսության մեջ բավական լավատես էր գտնվել` նշելով «երկու-երեք շաբաթ» ժամանակահատվածը: Շատ բան հասկանալի դարձավ ավելի արագ: Ամենաէականը, կարծես թե, այն է, որ Ադրբեջանում Մյունխենից հետո սկսել են գրեթե պարզ գիտակցել, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Բաքվի իրավազորության հարցը բանակցություններում առհասարակ չի քննարկվում: Կոպիտ ասած, ադրբեջանցիների համար ակնհայտ է, որ խնդրի կարգավորումը «տարածքային ամբողջականության շրջանակներում» պարզապես քարոզչություն է, որ անում են իրենց իշխանությունները եւ` որ Լեռնային Ղարաբաղը երբեք այլեւս Ադրբեջանի ենթակայությանը չի վերադարձվելու: Բաքվի վերլուծաբանական «միտքը» ներկայում կենտրոնացած է մի հարցի շուրջըՙ «ի՞նչ սահմաններում է միջազգայնացվելու Լեռնային Ղարաբաղի նախ միջանկյալ, ապա վերջնական` ոչ Ադրբեջանին ենթակայություն ենթադրող կարգավիճակը»: Իսկ ավելի պարզ ձեւակերպմամբ` ադրբեջանցիներին հուզում է այն խնդիրը, թե հնարավո՞ր է արդյոք խաղաղ բանակցությունների միջոցով ինչ- որ բան հետ ստանալ այն տարածքներից, որ ներկայում գտնվում են ԼՂՀ իրավազորության ներքո:
Բավական է կողք կողքի դնել Ադրբեջանի արտգործնախարարության տարածած` Մյունխենին նախորդած եւ հաջորդած պաշտոնական հայտարարությունները, համոզվելու համար, որ դա իրոք այդպես է: Եթե Մյունխենից առաջ փոխարտգործնախարար Ազիմովը պնդում էր, որ հարցը պիտի կարգավորվի բացառապես «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ընդ որում` «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշեն Ադրբեջանի կառավարությունը եւ ԼՂ ադրբեջանական եւ հայկական համայնքները», ապա Մյունխենից հետո նույն գերատեսչության մամլո խոսնակի մեկնաբանություններում շեշտը դրված է «ԼՂ միջանկյալ, ապա եւ` վերջնական կարգավիճակի որոշման» վրա` առանց այն պնդման, որն իբրեւ «նախապայման» ներկայացրել էր Ազիմովը:
Ճիշտ է, մամլո խոսնակը նույնպես նշում է «գրավյալ տարածքների եւ տեղահանվածների վերադարձը», «ենթակառուցվածքների վերականգնումը» եւ այլն, բայց բուն խնդրի իմաստով այդ ընդգծումները կարելի է նաեւ չկարեւորել: Կրկնում եմ` խնդրի էության իմաստով է, որ դրանք այս պահին վերլուծաբանական հետաքրքրություն չեն ներկայացնում, մի բան, որ քաղաքական հարթությունում կարող է այլ հնչեղություն ստանալ:
Բանակցային գործընթացի գոնե վերջին մի քանի տարիներին եղել են նաեւ այլ «վճռորոշ» պահեր, բայց առաջին անգամ է, որ Ադրբեջանում վերլուծաբանները հստակ կասկածանքով են վերաբերվում սեփական երկրի արտաքին քաղաքականության արդյունավետությանը: Սովորաբար ադրբեջանական կողմը փորձ է արել ամեն ինչ բարդել «Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման» եւ «միջնորդների անվճռականության» վրա: Իհարկե, ադրբեջանական կողմի մեկնաբանություններում այսօր էլ նման ձեւակերպումների պակաս չկա: Իհարկե, այդ երկրի ընդհանուր անազատականությունն իր անխուսափելի հետքն է թողնում նաեւ վերլուծաբանների վրա, եւ շատ բան ասվում է տողատակերում, բայց միայն այն, որ «ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքն անընդունելի է» մոտեցումը դառնում է հրապարակման խորագիր, արդեն իսկ խոսում է ադրբեջանական կողմի հանրային գիտակցության մեջ իշխանությունների հանդեպ ձեւավորված խոր անվստահության մասին: Եվ այստեղ Իլհամ Ալիեւին չի օգնում նույնիսկ ՌԴ նախագահի ցուցաբերած սիրահոժարությունը: Իրոք, դժվար է լինել մի երկրի նախագահ, որի անկախության մասին սահմանադրական ակտը Ռուսաստանը որակում է որպես «օկուպանտ», եւ քաղաքացիներին համոզել, որ ներկայում երկու երկրների հարաբերությունները բարձրացել են «ստրատեգիական համագործակցության մակարդակի»: Եվ նույնիսկ զառամախտով ակնհայտորեն տառապող Վաֆա Գուլուզադեն է հասկանում, որ դա «ընդամենը բլեֆ է», իսկ ավելի խորքային մտածողություն ունեցողները համարում են, որ «չի կարելի անկախությունը սահմանափակելու գնով մերձավոր հեռանկարի հարցեր լուծել»:
Ամեն ինչ «մակերեսի վրա է». Ադրբեջանում գրեթե հաշտվել են այն իրողության հետ, որ Լեռնային Ղարաբաղն իրենց համար առհավետ կորած է, ուստի իմաստ չունի հավիտենապես կառչած մնալ «ամեն ինչ կամ ոչինչ» կարծրատիպին: Մանավանդ որ դա կարող է բերել ամեն ինչի կորստի: Հասկանալը հասկանում են, հաշտվելը` հաշտվում, բայց այդ մասին հստակ բարձրաձայնելու ձեւը դեռ չեն գտել: Նման իրավիճակներում, երեւի, ժողովրդական իմաստնությունը կարող է օգտակար լինել: Ադրբեջանցիները մի պրագմատիկ խոսք ունեն` «թող սոխ լինի, բայց` նաղդ»: Այս պահին եւ առհասարակ «նաղդը» խաղաղությունն է: Հնարավոր է` այն դառն է, բայց չէ՞ որ դառն է նաեւ սոխը: Ի՞նչ արած: Ավելի լա՞վ չէ խաղաղության դառնությանը հաշտվել, քան, ինչպես ադրբեջանական մեկ այլ առած է զգուշացնում` «տանն աքլոր դառնալ, դուրսը` ճուտիկ»: