«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2009-11-26 | #217, 2009-11-27 | #218, 2009-11-28


«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐԸ ՊԵՏՔ Է ՋՆՋՎԵՆ»

Նման կարծիք երեկ «Հայացք» մամուլի ակումբում հայտնեցին «Ժառանգություն» կուսակցության երիտասարդների եւ ուսանողների «Հայք» միության ներկայացուցիչները: Ներկայացնելով իրենց հայտարարությունը` կապված Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի ռազմատենչ արտահայտությունների հետ` վճռական ու խիստ տաքարյուն երիտասարդները կոչով դիմեցին հանրությանը` պատրաստ լինելու պատերազմին, քանի որ. «Պատերազմում հաղթելու միակ միջոցը նրան պատրաստ լինելն է»:

«Հայք» միությունը պահանջեց ՀՀ ԱԺ-ից, որ վերջինս անհապաղ ճանաչի ԼՂՀ անկախությունը, ՀՀ կառավարությունիցՙ որ նա վերանայի 2010-ի բյուջեի նախագիծը` առնվազն վերականգնելով ՀՀ ռազմական ծախսերի 2009-ի մակարդակը, իսկ ՀՀ ԱԳՆ-ից երիտասարդները պահանջեցին, որ նա պաշտոնական նոտա ուղարկի ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի դաշնակից ու ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, որպեսզի վերջինս դադարեցնի Ադրբեջանին մատակարարել զենք ու զինամթերք:

  «Ազգ» -ի հարցին, թե չե՞ք կարծում արդյոք, որ վերջերս ՌԴ նախագահ Մեդվեդեւի Բելառուսում արած հայտարարությունը, թե ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի դեմ հարձակումը դիտվելու է որպես ընհանրապես ՀԱՊԿ-ի դեմ հարձակում, եւ որ դա ուղղված է հենց այդ կառույցին չանդամագրված Ադրբեջանին, բանախոսները պատասխանեցին. «Խնդիրը իրավական հարթության մեջ է. ԼՂՀ-ն ՀԱՊԿ անդամ չէ, չէ՞ որ Ադրբեջանը հարձակվելու է հենց ԼՂՀ-ի վրա, այլ ոչՙ Հայաստանի»: «Ազգ» -ի երկրորդ հարցին, թե արդյո՞ք աշխարհը ԼՂՀ-ի դեմ հարձակումը ընդունելու է հենց որպես ԼՂՀ-ի դեմ հարձակում (որպես անկախ երկիր, փաստորեն), երիտասարդ ժառանգականները պատասխանեցին` այո:

Ըստ երիտասարդների, եթե նույնիսկ Ադրբեջանի իշխանությունների ռազմաշունչ հայտարարություններն ուղղված են ադրբեջանական ներքին լսարանին, միեւնույնն է. «Մենք փորձելու ենք համախմբել Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի երիտասարդությանը` Ադրբեջանի դեմ, թեկուզ զենքը ձեռքին պայքարելու համար», խրոխտ կոչերով հանդես եկան երիտասարդ ժառանգականները: Նրանք նաեւ տեղեկացրին, որ մոտ ապագայում հրավերներ են ուղարկելու բոլոր կուսակցությունների երիտասարդական թեւերին, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ ներկայացուցիչներին` միասին քննարկելու Ադրբեջանի դեմ պայքարելու ձեւերն ու հնարավորությունները:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4