Հայաստանի չեմպիոն «Փյունիկն», այնուամենայնիվ, որոշել է մասնակցել ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» մրցաշարին, որ կայանալու է 2010-ի հունվարին: Ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ էլ «Փյունիկը» սկզբում հրաժարվել էր մրցաշարի մասնակցությունից: Սակայն Ռուսաստանի ֆուտբոլային միությունը, որը ժամանակավորապես գլխավորում է խորհրդային հանրահայտ ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, խստացրել է պահանջները մասնակիցների նկատմամբՙ պահանջելով, որ Մոսկվա ժամանեն միայն ԱՊՀ երկրների չեմպիոնները: Հակառակ դեպքում տվյալ երկիրը կզրկվի մասնակցությունից եւ չեմպիոնի փոխարեն այլ թիմ չի հայտավորվի:
Ահա ելնելով հենց այդ հանգամանքից, նաեւ կարծում ենք հաշվի առնելով Նիկիտա Սիմոնյանի գործոնը, «Փյունիկը» որոշել է մասնակցել «Համագործակցության գավաթի» խաղարկությանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ