«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2009-11-27 | #218, 2009-11-28 | #219, 2009-12-01


«ԱԶԱՏՈՐԵՆ ՓՈԽԵԼՈՒ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏԱԲԱՐ ՓՈԽՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»

Ըստ Հայաստանի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀԿ 12-րդ համագումարի արտաքին երեւույթին նայելով` մի քանի նոր բան (չենք ասում` լա՞վ, թե վատ) կարելի էր նկատել: Նախ լրագրողներին տարանջատել էին հանրապետականներից` նրանք ներս էին մտնում ծառայողական մուտքից. դահլիճում ներկա 2 հազարից ավելի մարդու եւ մի 100 լրագրողի տարանջատելը հաստատ կազմակերպչական կամ անվտանգության խնդիր հազիվ թե լուծեր, այլ ամենքին ցույց էին տվել իրենց տեղը: Մյուս կողմիցՙ հիշողներն իրենց կարող էին զգալ կոմունիստական «սյեզդների» մասնակից` ե՛ւ «բուռն եւ երկարատեւ» ծափերն էին տեղը, ե՛ւ դիֆերամբներ հնչեցին առ ՀՀԿ եւ երկրի նախագահ Սարգսյան, եւ ամեն ինչ միաձայն-միաձայն էր, նախօրոք նախապատրաստած-արդուկած:

Երկրորդ, խախտված էր համագումարը ողջունող քաղաքական դաշտի ելույթների` ըստ իրենց ազդեցության հիերարխիան, որը հազիվ թե պատահականություն լիներ, այլ որոշակի մեսիջ էր պարունակում իշխանական քաղաքական դաշտին` սկզբում ողջունեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը , ապա ԲՀԿ-ն ներկայացնող Արամ Սաֆարյանը , եւ դրանից հետո... «Ազգային միաբանության» Արտաշես Գեղամյանը (իր ասելով` անսպասելի), սա, կարելի է ասել, ՀՀԿ նախագահի նախընտրությունների հերթականությունն է: Գումարած դրան` վարչապետն իր նախարարների հետ դահլիճի բավական հետ ընկած մասում էր նստած` որպես նշան, որ նա առայժմ էլիտար հանրապետական չէ:

Դե լավ, սնոբ չլինենք, եւ առավել կարեւոր դիտարկումների անցնենք, որոնք հատկապես ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում առկա ուղիղ եւ ենթատեքստային հատվածներին են վերաբերելու: Բայց նախ մի հարակից դիտարկում էլ անենք` չնայած իր խոսքում Սերժ Սարգսյանը խոսում էր ներքին եւ դրսի ընդդիմությանը չխեղդելու անհրաժեշտության մասին, սակայն ՀՀԿ-ն ականջալուր չէր իր առաջնորդին եւ համագումար չէր հրավիրել ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը», այլ` ՀՅԴ-ին, Արմենական-ՌԱԿ-ին եւ մի շարք ուրիշ կուսակցությունների:

Նախապես ասենք, որ շատ հարցերի պատասխաններ, որ այնուամենայնիվ հասարակության քաղաքականացված հատվածը սպասում էր, նախագահ Սարգսյանն այդպես էլ օդում թողեց, հավանաբար տեղ թողնելով մինչեւ Նոր տարի մեկ այլ ելույթի (գուցե ԱԺ ամբիոնից ժողովրդին դիմելու) համար, սակայն, մյուս կողմից էլ, գուցե հենց թերասացությունը եւս քաղաքական մոտեցում է, շատ բան է թողնվում տարընթերցումներին` մանեւրելու տեղ եւ գործողությունների ազատություն թողնելով: Ու թեեւ նախագահ Սարգսյանն ասաց, թե «Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանինը չէ, Սերժ Սարգսյանն ուղղակի հանրապետական է», սակայն բոլորովին հակառակն էր թվում` Ս. Սարգսյանն արդեն ՀՀԿ-ի հետ կարող է անել այն, ինչ ինքն է ցանկանում: Մի դիտարկում էլ. չնայած մամուլի ակտիվ տուրեւառին, թե ՀՀԿ-ում կան իրար հետ շահեր կիսող եւ հակադրվող Հովիկ Աբրահամյանի եւ Սերժ Սարգսյանի թեւեր, սակայն թե՛ երկրի ղեկավարը, թե՛ ԱԺ նախագահը իրար հետ ակտիվորեն հաղորդակցվում էին` ՀՀԿ 12-րդ համագումարի նախագահությունում նստած, անգամ Հ. Աբրահամյանը ելույթ ունեցավ եւ այդ ելույթում մի քանի թափանցիկ ակնարկ արեց, մեկնՙ այսպիսի. «Մենք պետք է զերծ մնանք նրանցից, ովքեր կուսակցությունում որոնում են անձնական օգուտներ կամ քաղաքական առաջխաղացման հնարավորություն»:

Ի դեպ, ՀՀԿ համագումարին մասնակցում էր եւ ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը :

Երկրի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձ արեց Հայաստանի արտաքին եւ ներքին մի քանի կարեւոր մարտահրավերների: Խոսելով ճգնաժամի մասին` նա նշեց, որ Հայաստանի տնտեսական անկման ցուցանիշն անցավ 18 տոկոսի սահմանագիծը. «Բայց նույնիսկ այդ իրավիճակում մեզ հաջողվեց զերծ մնալ համարժեք բացասական զարգացումներից սոցիալական ոլորտում», ասաց նա` ավելացնելով. «Փառք ու պատիվ մեր բոլոր այն գործարարներին, խոշոր եւ համակարգաստեղծ ընկերություններին, որոնք ճիշտ ընկալեցին մեր հորդորը. համագործակցելով կառավարության հետ` երբեմն գործեցին դասական բիզնես- նպատակադրումներին հակառակ, եւ մենք համատեղ կարողացանք շրջանցել հնարավոր շատ ավելի անցանկալի զարգացումները»: Անդրադառնալով անցած նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին` նա «դրանք անընդունելի եւ վտանգավոր զարգացումներ» անվանեց. «Ամենասարսափելին, թերեւս, պառակտումն էր ժողովրդի մեջ: Ծանր ժամանակներ էին բոլորիս համար: Այսօր մենք արձանագրում ենք, որ միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը` վերջնականապես չանցանք պառակտման գիծը», ասաց` կարեւորագույն անելիքը հասարակությունը միավորելը, մեկ բռունցք դարձնելը, երկխոսելու, լսելու ու հանդուրժելու մշակույթ ձեւավորելը համարելով: Նախագահ Սարգսյանի հետընտրական դիտարկումները հանգեցրել են այն համոզման, որ ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, հավաքների ազատության, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացվածությունն է, որ հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնելու չարությանն ու անհանդուրժողականությանը, հանգեցնում հասարակական-քաղաքական ճգնաժամերի. «Եթե ավելի զարգացած լինեին քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ավելի պատասխանատու լինեին քաղաքական ուժերը, ավելի պրոֆեսիոնալ եւ տեխնիկապես հագեցած լիներ իրավապահ համակարգը, հնարավոր կլիներ կանխարգելել տեղի ունեցած իրադարձությունները եւ արժանապատվորեն դուրս գալ սանձազերծված սադրանքների որոգայթից»: Նա վստահ է, որ այս իրադարձությունների մեծագույն դասը եւ մեր ներքին քաղաքական առաջնային մարտահրավերը հենց սա է:

ՀՀԿ-ն` փոփոխությունների շեմին

Խոսելով ՀՀԿ-ի մասին` նախագահը նկատեց. «Մենք քաղաքական ուժ ենք, որը հեռու է շաբաթը մեկ տեսակետ ու դիրքորոշում փոխելու` հաճախ առկա գործելաոճից: Մեր «այո»-ն «այո» է, եւ «ոչ»-ը` «ոչ»: Մենք կանխատեսելի եւ հուսալի ուժ ենք, որին կարող են հենվել եւ ծրագրեր կառուցել մեր գործընկերներն ու համակիրները... Մենք մեր գործունեությունն այսօր կառուցում ենք որպես 21-րդ դարի կուսակցություն: Միայն մեզ հետաքրքրող հարցեր այսօր գրեթե չկան: Մեզ հուզող բոլոր լուրջ հարցերը գլոբալ հետաքրքրությունների համատեքստում են: Պետք է քաջատեղյակ լինել բուն համատեքստին: Վրձնահարվածը կարող է ճիշտ լինել միայն ամբողջական նկարի համատեքստում»: Դիմելով հանրապետականներին «Եկել է ազատորեն փոխելու ու անհրաժեշտաբար փոխվելու ժամանակը» կոչով` նա նկատեց, թե փոփոխությունները, որ կարձանագրվեն կուսակցության ներսում, հեշտությամբ կընդօրինակվեն ու տարածում կստանան ողջ հասարակության մեջ:

Նա խոսեց ներկուսակցական որոշումներ կայացնելու գործում ժողովրդավարական սկզբունքների անհրաժեշտությունից. «Հանրապետականը առաջնորդի կուսակցություն չէ: Հանրապետականը Սերժ Սարգսյանինը չէ, Սերժ Սարգսյանը պարզապես հանրապետական է»` նշելով, որ փոփոխվելով` կուսակցությունը պետք է դառնա այն Հայաստանի մոդելը, որն ուզում ենք կառուցել. «Կուսակցությունը ոչ միայն այսօրվա ու երեկվա կուսակցականներինն է, այլ վաղվա կուսակցությանը», թափանցիկ ակնարկ արեց նա: Ըստ նրա` ժամանակին համաքայլ եւ արդիական խնդիրները լուծելու համար եկել է նաեւ արդիական քաղաքական մշակույթի ամրապնդումը խթանելու ժամանակը, իսկ քաղաքական առողջացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր կուսակցության ներսում կուսակցականների լայն զանգվածները, թե՛ նրանք, ովքեր առանձին հարցերի վերաբերյալ տարբերվող կարծիք ունեն, իրենց զգան կուսակցության հավասար անդամներ, այսինքն` հավասարապես մասնակցեն որոշումների կայացմանն ու հավասար պատասխանատվություն զգան դրանց իրականացման համար. «Եթե կուսակցական մակարդակում այս խնդիրը չի լուծվում, եթե կուսակցությունների ներսում ցանկացած ներքին ընդդիմություն խեղդվում է, ինչի օրինակներ մեր քաղաքական դաշտում տեսել ենք, ուրեմն իշխանության ղեկին կանգնելով էլ` նման կուսակցությունը խեղդելու է ցանկացած ընդդիմություն»: Նախագահը պատկերավոր արտահայտություններով էր խոսում. «Չսխալվելու երաշխիքն ու հոմանիշը դեռ երեկ ոչինչ չանելն էր: Այսօր ոչինչ չանելը հավասարազոր է սխալվելուն: Եվ այդ սխալին, ցավոք սրտի, շատերը սպասում են շունչները պահած», «Իմաստունը ականջ է դնում հարյուր խելոքի ու սկսում աշխատել հարյուր լավ մտքի հետ: Մենք պետք է կարողանանք լսել միմյանց եւ ուրիշներին»: Ըստ նախագահի` արագ փոփոխվող աշխարհում արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար մեր երկիրն առաջին հերթին պետք է ունենա ներքին կայուն քաղաքական համակարգ: Ավելի ուշ նա պարզեց միտքը` Հանրապետական կուսակցությունը քաղաքական հարթության մեջ պետք է ստանձնի իրական երկխոսության մշակույթի ամրապնդման առաջամարտիկի դերը. «Եկե՛ք արդիական իշխող կուսակցության օրինակելի մոդելի հիմքը դնենք, որ հիմնօրինակ դառնա նաեւ ապագայի համար»: Արդյո՞ք սա նշանակում է ՀՀԿ-ի էլ ավելի մեծացում եւ ամրապնդում, որն իր մեջ կներծծի շատ ուրիշ փոքր միավորների եւ անգամ իր կոալիցիոն գործընկերներին, սա ավելի ուշ վերլուծելու նյութ է:

Հայ-թուրքական եւ ղարաբաղյան հարցեր

Նշելով, որ հասել ենք մեր երկրների խորհրդարաններում արձանագրությունները վավերացնելու փուլին` նախագահ Սարգսյանը նկատեց. «Հայաստանն իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները հարգող եւ պատշաճ կատարող երկիր է: Հուսով եմ` Թուրքիան էլ է առաջնորդվում այդ սկզբունքով: Միաժամանակ կցանկանայի շեշտել, որ այստեղ գործում է «խելամիտ ժամկետներում» կոչվող սկզբունքը: Եթե Թուրքիան ձգձգի վավերացման գործընթացը, ապա, ինչպես արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր»: Նախագահը, միեւնույն ժամանակ, չմոռացավ շեշտել, որ Հայաստանը պատրաստ է արդյունավետորեն շարունակել սկսված գործընթացը. «Համաձայն եմ` մենք երբեք չենք ունեցել Թուրքիայի հետ որպես հավասարը հավասարի հարաբերվելու քաղաքական մշակույթ եւ դիվանագիտական փորձ: Համաձայն եմ` Թուրքիան հզոր երկիր է` դիվանագիտական ուրույն ձեռագրով: Այս դիտարկումներին ես, անշուշտ, համաձայն եմ: Բայց կտրականապես համաձայն չեմ այն եզրակացությանը, որ ոմանք կատարում են այս դիտարկումների հիման վրա. այն է` պետք է հեռու մնալ Թուրքիայից, որովհետեւ նա կարող է խաբել: Սխալ եզրակացություն է սա: Այո՛, մենք չունենք թուրքերի հետ հարաբերվելու փորձ, բայց չէ՞ որ մի օր պետք է ի վերջո սկսել: Եվ ես հավատացնում եմ ձեզ` մենք արագ ենք սովորում... Եվ մենք այսօր ամենեւին էլ նույնը չենք, ինչ մեկ տարի առաջ»:

Իսկ Ղարաբաղյան հակամարտության թեմայով էլ վերահաստատեց. «Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, սակայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որեւէ ոտնձգություն մենք թույլ չենք տա եւ ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով»: Հակամարտության կարգավորման այսօրվա հանգրվանը Ս. Սարգսյանին հույս է ներշնչում, որ կարող ենք ողջամիտ ժամկետներում այն իր տրամաբանական ավարտին հասցնել. «Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում մենք լինելու ենք մեր ազգային ու պետական շահերը ամեն ինչից բարձր դասող եւ վճռական` գործը մինչեւ վերջ հասցնելու հարցում... Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջեւ համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու միջազգայնորեն ամրագրված այն մեխանիզմները, որոնք կապահովեն այդ լուծումների իրականացումը»:

2010-ի բյուջե

Նախագահ Սարգսյանի խոսքով` վերջին ամիսների մակրոտնտեսական զարգացումները եւ տնտեսության կայունացման հստակ նկատվող միտումները մեզ հիմք են տալիս ավելի վստահ կանխատեսել 2010 թվականի երկրի տնտեսության զարգացման հեռանկարները: Դա նաեւ հնարավորություն է ընձեռում վերանայելու 2010 թվականի բյուջեի նախագծի մի շարք ցուցանիշներ` նախատեսելով հաջորդ տարվա պետական բյուջեի ծավալների ավելացում թե՛ եկամտային եւ թե՛ ծախսային մասով. «Արդեն այսօր վստահ կարելի է պնդել, որ 2010 թվականին բյուջեն իր ծախսերով կգերազանցի 2009 թվականին սպասվող փաստացի ծավալները: Ավելին, 2010 թվականի բյուջեն կգերազանցի անգամ 2009 թվականի համար ընդունվածը: Մենք Եվրոպական միությունից արտոնյալ միջոցներ ներգրավելու հնարավորություն ենք ստացել, ինչը թույլ կտա հետագայում մոտ 60 միլիարդ դրամով եւս ավելացնել 2010 թ. բյուջետային ծախսերը: Արդյունքում գալիք տարվա պետական բյուջեն իր ծախսային մասով ընդհուպ կմոտենա 1 տրիլիոն դրամի սահմանագծին»:

Պետական պարտքի չափերի ու այդ մասին խոսողների վերաբերյալ էլ ասաց, թե պարտք տալիս են նրան, ով ունի պարտքը մարելու վստահության պաշար. կգան լավ ժամանակներ` կաճի մեր պետական բյուջեն, մեր համախառն ներքին արդյունքը, նորից կգանք այն վիճակին, ինչ վիճակի որ եղել ենք:

Մի շարք առույգացնող կարգախոսներ հնչեցնելովՙ նախագահն ավարտեց «Ի գո՛րծ», «Առա՛ջ, Հայաստան» կարգախոսներով:

Հ.Գ. Ինչպես եւ հայտնի էր նախապես` ՀՀԿ գործադիր մարմինը կանոնադրական փոփոխությամբ 12 անդամից հասցվեց 14-ի` վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին ներառելով, իսկ խորհուրդը, որը պարզապես ներկայացուցչական մարմին է, ունեցավ 103 անդամ: Բնականաբար, ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4