«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2009-11-27 | #218, 2009-11-28 | #219, 2009-12-01


ՆՈՐ ՈՒՂԵԿԱԼԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՏԵՂԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԱՐՏԱՔԻՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Հայ-վրացական սահմանագծում` Լոռու մարզի Ջիլիզա գյուղի մոտակայքում նոյեմբերի 27-ին բացվել է սահմանապահ ուղեկալի նորակերտ համալիրը: Ուղեկալը հագեցած է զինծառայության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, սպաների եւ նրանց ընտանիքների համար նախատեսված բնակարաններով:

Լոռու մարզի Ջիլիզա գյուղը Հայաստանի ամենահյուսիսային բնակավայրերից է եւ, ի տարբերություն մյուսների, հայկական մյուս բնակավայրերից գրեթե կտրված է: Ջիլիզային ամենամոտը Ալավերդի քաղաքն է. ուղիղ գծով հեռավորությունը 15 կիլոմետր է: Վրաստանի եւ Հայաստանի միջեւ «Ջիլիզա» պետական սահմանի տեղամասը տարիներ շարունակ, ճանապարհների բացակայության եւ վատ տեղանքի պատճառով եղել է դժվար հսկվող: Մեկ տարվա ընթացքում կառուցված «Ջիլիզա» սահմանապահ ուղեկալը եւ կառուցված ճանապարհը, ըստ ԱԱԾ զորքերի հրամանատար Արմեն Աբրահամյանի , մեծ ներգործություն կունենան «Ջիլիզա» համայնքի կայուն զարգացման, տնտեսության եւ տեղի գյուղական համայնքներն արտաքին ոտնձգություններից պաշտպանելու գործում:

«Ջիլիզայի սահմանային գոտում` վրացական կողմի գյուղերում, բնակվում են մոտ կես միլիոն ադրբեջանցիներ, ովքեր անտառահատումների եւ հողատարածքների յուրացման հեղինակներն էին: Համոզված եմ, որ այս սահմանապահ ուղեկալի հրամանատարությունը բարձր պատասխանատվությամբ ու ռազմահայրենասիրական դաստիարակության զգացումով կպահի մեր երկրի սահմանը», ասում է Արմեն Աբրահամյանը:

Նախկինում ուղեկալը գտնվել է Ջիլիզա գյուղում` հարմարեցված փոքր տնակում, որտեղ հնարավորություն չի եղել մեծ անձնակազմ պահելու, ազդանշանային համակարգ տեղադրելու համար:

Մեկ շաբաթ հետո Լոռու մարզում շահագործման կհանձնվի եւս մեկ ուղեկալ, որը գտնվում է Ապավեն գյուղի մոտ, կկառուցվեն նաեւ երկու փոքր անցագրային կետեր` Ջիլիզայի եւ Պրիվոլնոյի ուղեկալների տարածքում` այդ սահմանագծի ուղղությամբ Վրաստանում բնակվող հայերի մուտքն ու ելքն ապահովելու համար:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4