«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2009-11-27 | #218, 2009-11-28 | #219, 2009-12-01


ԿԱՆԳՆԵՑՆԵՆՔ ՁԻԱՀ-Ը

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Շուրջ 20 տարի դեկտեմբերի 1-ը հայտարարված է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Նպատակն է` խնդրի նկատմամբ գրավել հասարակության ուշադրությունն ու փորձել կանխարգելել: 2005-ից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային քարոզաշավն անցկացվում է «Կանգնեցրե՛ք ՁԻԱՀ-ը, կատարե՛ք խոստումը» կարգախոսի ներքո: ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան ընդառաջ հանրապետության մի շարք ՀԿ-ներ միավորվել են` բարձրաձայնելու հասարակության մտահոգությունները Հայաստանում ՄԻԱՎ համաճարակի հակազդման գործընթացի վերաբերյալ: Հայաստանում կա 808 ՄԻԱՎ վարակակիր: «Սա մի աշխարհ է, որտեղ կա ՄԻԱՎ, իսկ այն կանխարգելող միջոցները եւ դրա դեմ պայքարի գործողությունները բավարար չեն: Հասարակությունը պետք է հասկանա, որ մենք պայքարում ենք ոչ թե վարակակիրների դեմ, այլ վարակի կանխարգելման համար», վստահեցնում է «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը : ՀԿ-ների ներկայացուցիչները փաստում են, որ Հայաստանում բազմաթիվ խնդիրներ այս կապակցությամբ դեռեւս լուծված չեն:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Մարդոյանի դիտարկմամբՙ Հայաստանը չի հասնի կանխարգելման համընդհանուր մատչելիության եւ հասանելիության, քանի որ այն ենթադրում է համընդհանուր տեղեկատվություն, մարդկանց անհրաժեշտ դեղորայքների տրամադրում, խնդրի լուծմանն ու վարակի կանխարգելմանն էլ առաջին հերթին կնպաստեն նաեւ վարակակիրների ոչ թե թվի բացահայտումը, այլ բուժման ցանկությունը եւ վարակակիրների նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքից ձերբազատումը: «Չենք հասնի կանխարգելման ընդհանուր մատչելիության եւ հասանելիության, քանի որ ոչ մի ՄԻԱՎ վարակակիր չի գնա բժշկի ու պահանջի ներարկիչ»:

«Հայաստանի ուսանողական ֆորում» ՀԿ-ի նախագահն էլ, անդրադառնալով հասարակության շրջանում վախի, անտարբերության եւ ամոթի երեւույթներին, լուրջ խնդիր է համարում սեռական առողջության վերաբերյալ ուսանողների անիրազեկվածությունը: «Բոլորը գիտեն, որ պայքարում ենք, բայց թե ինչի դեմ` չգիտեն», վստահ է Վարդգես Հովեյանը : Մամիկոն Հովսեփյանն էլ արձանագրում է Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների իրավունքների ոտնահարում, որի պատճառ է նաեւ օրենսդրությունը: «Մտորելու առիթ կա. հարգել մարդու իրավունքները, լինել հանդուրժող եւ ունենալ առողջ հասարակությու՞ն, թե՞ խտրականության ենթարկել մարդկանց ու նպաստել վարակի տարածմանը»: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ վերոնշյալ ՀԿ-ներն ու ուսանողները ժամը 16-ին Կոնսերվատորիայի հարակից այգում կկազմակերպեն խաղաղ երթ «Կանգնեցրու հաշվիչը» խորագրով:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4