«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2009-11-27 | #218, 2009-11-28 | #219, 2009-12-01


ԱՐՄԵՆ ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՐՎԵՑ

Ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում վերջերս է ավարտվել եւ ակումբներում ամփոփում են արդյունքները: «Բանանց» ակումբի ղեկավարությունը թիմի մրցելույթները 2009-ի մրցաշրջանում անբավարար է գնահատել, որի հետեւանքով պաշտոնանկ է արվել մարզչական կազմն` Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Թե ով կմարզի թիմը հաջորդ մրցաշրջանում, առայժմ պարզ չէ: Հնարավոր է, որ մարզիչ հրավիրվի արտերկրից:

Արդեն 2-րդ տարին «Բանանցին» չի հաջողվում առաջնությունում մրցանակակիր դառնալ: Ինչ խոսք, դա հիանալի մարզաբազա ու մանկապատանեկան մարզադպրոց ունեցող ակումբի համար պետք է անհաջողություն համարել: Անցած տարի «Բանանցը» գլխավորեցին երեք մարզիչներ, սակայն դա դրական արդյունք չտվեց: Մրցաշրջանը թիմը սկսել էր բուլղարացի մասնագետ Նեդելչո Մատուշեւի գլխավորությամբ, որին 16-րդ տուրից հետո փոխարինել էր դանիացի Կիմ Սպլիդսբոելը: Սակայն նա էլ առաջնության վերջնագծում իր տեղը զիջեց Արմեն Գյուլբուդաղյանցին, որը մինչ այդ գլխավորում էր «Փյունիկը»: Գյուլբուդաղյանցը 18-րդ առաջնությունում մինչեւ վերջ ղեկավարեց իր սաների գործողությունները, որոնք անկայուն ելույթներ ունեցան: Գավաթի խաղարկությունում թիմը հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով զիջեց «Փյունիկին»: Իսկ առաջնությունում «Բանանցը» զբաղեցրեց 4-րդ տեղը: Ընդհանրապես վերջին տարիներին «Բանանցում» մարզչական փոփոխությունները հաճախակի են, ինչը ոչնչով չի նպաստում թիմի հաջող մրցելույթներին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4