«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2009-11-28 | #219, 2009-12-01 | #220, 2009-12-02


ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱ՞ՄԲ ԵՆՔ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այս կիրակի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորական լրացուցիչ ընտրություններ են լինելու թիվ 25 եւ թիվ 8 ընտրատարածքներում, որտեղ ավելի վաղ պատագամավոր են եղել Սասուն Միքայելյանն ու Հակոբ Հակոբյանը (Լեդի): Ու թեեւ երկրի իշխող կուսակցության ղեկավարը խոսում էր արդիական հասարակություն ձեւավորելու, կուսակցությունն արդիականացնելու, ժողովրդավարությունը միակ ալընտրանք եւ նոր մոդելի Հայաստան ունենալու անհրաժեշտության մասին, ինչին պետք է ձեռք զարնել անմիջապես, բայց հենց այս կիրակի տեղի կունենա դրան հակառակ գործընթաց, այսինքն` խոսքի ու գործի անհամապատասխանություն: Այսինքն` երկրի ղեկավարի մեսիջներն հենց այս կիրակի անտեսվելու են` ոչ ոք չի շտապում դրանք իրականացնել:

Որովհետեւ վերը նշված երկու ընտրատարածքում ընտրություն բառի կողքին փորձ է արվում տեղավորել անհամատեղելին` մեկական թեկնածուի առկայություն: Այս մասին առաջին անգամ չէ, որ գրում ենք: Այ մարդ, մեկ թեկնածուով ընտրությունը ո՞րն է, բա էլ նշանակումը ո՞նց է լինում: Մեկ թեկնածուի առկայությունը հենց նշանակում է, եւ սա մի սցենար է, որ շատ անգամ խաղարկվեց Ազգային ժողովի դեռեւս պահպանվող մեծամասնական տեղերի համար անցյալ ընտրություններում: Նախօրոք ընտրատարածքը նվիրվում է անձի կամ կուսակցության` գոնե այս դեպքում անունը փոխեք ու ընտրություն մի ասեք: Ու միակ «մխիթարանքն» այս դեպքում այն է, որ ընտրազանգվածը դեռ նյութական ակնկալիքներ կարող է ունենալ այդ միակ եւ անկրկնելիից` թեեւ ե՛ւ սպասումն է ապօրինի, ե՛ւ ակնկալիք տալը:

Մինչդեռ հենց մեծամասնական ընտրակարգով թեկնածուները պիտի որ հնարավորություն ունենային իրական մրցակցության, խելք եւ գործնական հատկություններ ի ցույց դնելու: Է, ի՞նչ ենք խոսում, մերն ուրիշ իրականություն է. թիվ 8 ընտրատարածքում մնացած միակ թեկնածուն Կորյուն Նահապետյանն է, որի անվան դիմաց ԿԸՀ կայքում նշված է անկուսակցական, բայց ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նա գործարար Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի) ազգականն է, իսկ նրան առաջադրել է ՀՀԿ-ն: Իսկ թե ինչի՞ արդյունքում պահանջված փաստաթղթերը չեն ներկայացրել մարքսիստ Դավիթ Հակոբյանն ու նախկին պատգամավոր, սկզբում հայտ ներկայացրած Հակոբ Հակոբյանը, կարելի է ենթադրել, բայց հաստատ ասել չի կարելի: Գուցե օլիգարխ ազգական ունենալու հանգամանքն ընդհանրապես Հայաստանում սկսել է որոշել ամեն բան: Այդքանից հետո, երբ այդ «միակ եւ անկրկնելի» Նահապետյան Կորյունը լրատավամիջոցին ասում է, թե «Չեմ ողջունում նման ընտրությունը, ժողովուրդը պետք է ընտրություն կատարելու հնարարավորություն ունենա, պետությունն էլ պետք է խթանի, որ ընտրություններն անցնեն մրցակցության եւ այլընտրանքի սկզբունքների հիման վրա», սա պարզապես նույն ժողովրդին հիմարի տեղ դնել է նշանակում, ոչ պակաս դրանից. չես ողջունում` ինքնաբացարկ ներկայացրու, հեր օրհնած, ասա` կառաջադրվեմ, եթե մրցակիցներ ունենամ, ի՞նչն է խանգարում քեզ, թե չէ` գիտահետազոտակա՜ն, եսիմ էլ ինչ փչոց, անցած ուղի՜, փորձառությո՜ւն: Լավ, էլի:

Իսկ ահա թիվ 25-ում եւս 4 թեկնածուից 3-ն իրենք իրենց դուրս են թողել մրցապայքարից, ասպարեզը զիջելով միայն Մխիթար Հարությունյանին, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Կոնկրետ դեպքում չենք կարող ասել, թե ինչն է մղել նախօրոք մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուներին ինքնաբացարկի: Մի ընկեր ունեմ, ասում է` լավ էլ բիզնեսի ձեւ է, թեկնածությունդ դնում ես, հետո ինչ-որ փոխհատուցման դիմաց հանում, անշառ բան է, համ թավան չի այրվում, համ ձեռքը: Բայց դե դա մենք պնդել չենք կարող, միայն կարող ենք նշել փաստը` մեկ թեկնածուի առկայությունը ստույգ արհամարհանք է ընտրողի հանդեպ: Այսինքն` ի՞նչ, երկրիս ղեկավարությունը վերցրել եւ այս երկու ընտրատարածքները նվիրե՞լ է ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին` վայելեք: Էլ ի՞նչ նոր մոդելի Հայաստան, էլ ի՞նչ ժողովրդավարական սկզբունքներ: Գոնե ձեւի համար մեր այս միակներն ու անկրկնելիները երկրորդ թեկնածուին պահպանեին, մարդկանց աչքին այդպես թոզ փչեին: Թե չէ` անհարմար բան է ստացվում, երկրի նախագահը մեկ շաբաթ առաջ լավ-լավ բաներ է ասում, մեկ շաբաթ հետո ընտրություններ են տեղի ունենում ճիշտ այնպես, ինչպես միշտ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4