«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2009-11-28 | #219, 2009-12-01 | #220, 2009-12-02


ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԻՇԽԱՆԱՄԵՏ ՉԷ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԷ

Նախկին դաշնակ, հետո ՀԺԿ-ական, ՕԵԿ-ական, հիմա անկուսակցական, ինչպես ինքն է ասում, կյանքում հալածյալների պաշտպան Հմայակ Հովհաննիսյանի երեկվա ասուլիսը չափազանց երկար էր: Այն մեկնարկեց Նժդեհից մեջբերումներով, հետո թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Հովհաննիսյանը շտապեց ասել, որ իր մեջբերումները ՀՀԿ-ի հետ որեւէ կապ չունեն, ու ինքը չի պատրաստվում դառնալ ՀՀԿ-ական, Նժդեհին էլ մեջբերում է, որովհետեւ ազգի սեփականությունն է, ու ՀՀԿ-ն Նժդեհի վրա չի կարող ունենալ մենաշնորհ: «Ի դեպ, շատ դեպքերում ՀՀԿ-ն աղավաղում է Նժդեհի ասածները` կտրելով կոնտեքստից, ինչը ես չեմ անում»: Քաղաքագետների միության նախագահը հետո խոսեց երդվյալ ատենակալների ինստիտուտի բացակայության, ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումների, Վլադիմիր Կոստանյանի հրավիրած հանրահավաքի մասին: Դերասան Կոստանյանի «թող գնա Գեւոյի հաղորդման մեջ մեյմուն աշխատի» վիրավորանքին Հովհաննիսյանը չպատասխանեց. դաստիարակությունը թույլ չի տալիս: «Ինձ համար հայհոյանքն անընդունելի է, իսկ հայհոյանքը հատուկ է տականքներին: Թող հույս չունենան, որ ես իրենց հայհոյանքներին կպատասխանեմ, եթե մարդը նոր է եւ իր տեղը պնդացնում է քաղաքական միջավայրում, ապա պետք է խուսափի հայհոյանքներից»:

Հմայակ Հովհաննիսյանը նկատում է, որ «գրանտակեր կազմակերպությունները» ուշադրություն չեն դարձրել, որ ընտրական օրենսգրքի մի շարք հիմնական կետեր խախտվել են:

Ըստ նրա, Խաչատուր Սուքիասյանը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել է սեպտեմբերի 15-ին, որը վերանայելու համար ուներ 15 օր ժամանակ: Սակայն հոկտեմբերի 1-ին մանդատը մնաց թափուր, հետեւաբար ԿԸՀ-ն հենց այդ օրվանից սկսած 80 օրվա ընթացքում` մինչեւ դեկտեմբերի 15-ը, պետք է նշանակեր ու անցկացներ ընտրություն: «Ինչո՞ւ ԿԸՀ-ն այդպես չի արել», զայրացած հարցրեց Հովհաննիսյանն ու ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Ամանորյա տոների արանքում են նշանակել, թերթերը լույս չեն տեսնում, մարդիկ եռուզեռի մեջ են, քարոզարշավ էլ հնարավոր չի լինի անցկացնել: Ընտրական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվության ենթարկել նախնական քարոզչության բնականոն ընթացքը խախտողներին», ասում է Հովհաննիսյանը` անպատասխան թողնելով հարցը, թե խախտումներն ում օգտին են արվել: Սակայն խախտումների առկայությունը պատճառ չէ, որ Հմայակ Հովհաննիսյանը չառաջադրվի: Առաջադրվել է, պատրաստվում է լայնածավալ քարոզարշավի, ակնկալում է լրջմիտ քաղաքական խոսակցություններ ու պատրաստ է հանրապետության գլխավոր մարքսիստի հետ մարքսիզմի վերաբերյալ ոչ միայն լուրջ բանավիճել, այլեւ մարքսիստական ուսմունքների վերաբերյալ Դավիթ Հակոբյանից ստուգարք վերցնել: Այս ամենը Հովհաննիսյանն ակնկալում է հասցնել մինչեւ դեկտեմբերի 31-ը, որովհետեւ հրաժարվելու է թեկնածությունից հանուն Նիկոլ Փաշինյանի, որպեսզի ապահովի ընդդիմության ձայների կենտրոնացումը: Հովհաննիսյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններում 100%-անոց հաղթանակ է տանելու: Իսկ ինքը մասնակցում է ընտրություններին, որ ցույց տա ընտրության իրական էությունը: Հովհաննիսյանը նաեւ ավելացրեց, որ թեպետ հանելու է իր թեկնածությունը հօգուտ Նիկոլ Փաշինյանի, սակայն որեւէ քաղաքական ուժի, կուսակցության առաջ ինքը պարտավորություն չունի: «Դա իմ անձնական որոշումն է, իմ կամքը, որեւէ մեկն իրավունք չունի ինձ որեւէ բան ասելու այդ կապակցությամբ», ասաց Հովհաննիսյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4