«Լորի» ադամանդագործական ընկերությունը նախատեսում է հաջորդ տարի 30 տոկոսով ընդլայնել արտադրական ծավալները: Երեկ Այս մասին լրագրողների հարցին պատասխանելիս նշեց «Լորի» ընկերության տնօրեն Իսահակ Աղաջանյանը, ավելացնելով, որ ցանկանում են ռուսական շուկայում ավելացնել իրացման ծավալները:
Ըստ նրաՙ գործարանն ամսական արտադրում է մոտ 6000 կարատ ադամանդ, որի սպառման հիմնական շուկան Միացյալ Նահանգներն է: «Արտադանքի 90 տոկոսը իրացվում է ԱՄՆ-ում, մնացած 10 տոկոսնՙ արդեն Եվրոպայում», ասաց նաՙ ավելացնելով, որ ճգնաժամը էապես չի ազդել ընկերության արտադրանքի ծավալների կրճատման վրա: Տնօրենի խոսքովՙ ընկերությունն այս տարի մոտ 42 մլն դոլարի արտադրանք է տվել, որը նախորդ տարվա ցուցանիշից 10 տոկոսով պակաս է: Ճգնաժամի պատճառով ընկերությունը 500 աշխատողներից 200-ին կրճատել է, սակայն արտադրական ծավալների մեծացման դեպքում նախատեսում են նոր աշխատատեղեր բացել:
«Լորի» ընկերություն էր այցելել նախագահ Սերժ Սարգսյանըՙ ծանոթանալու Հայաստանի ամենախոշոր ադամանդագործական ընկերության խնդիրներին, ինչպես նաեւ քննարկելու ադամանդագործության եւ ոսկերչության զարգացման հնարավորությունները: Նախագահին ուղեկցում էին Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, «Լորի» ընկերության համասեփականատերեր Շահե Ասլանյանն ու Վարդգես Կնաջյանը:
Ադամանդագործության անկում այս տարի չի սպասվում: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ՙ ավելացնելով, որ ոլորտի վերաբերյալ ցուցանիշները կճշտվեն տարեվերջին: Ըստ նախարարիՙ Հայաստանում ադամանդագործության զարգացման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ է բարեփոխումներ տնտեսության այս ճյուղի կառավարման, հումքի աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ եւ ադամանդագործական գործարաններում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ:
Երիցյանի խոսքովՙ մոտ 15 տարիների ընթացքում Հայաստանում ստեղծված ադամանդների 2-3 տոկոսն է օգտագործվել տեղական ոսկերչության մեջ եւ դարձել վերջնական արտադրանք, իսկ մնացած մասը հանրապետությունից դուրս է եկել որպես հումք: «Ոսկերչությունը եւ ժամագործությունն այն ոլորտներն են, որոնք ադամանդներ են օգտագործում իրենց արտադրանքում, պետք է այդ ճյուղերը զարգացվեն, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ ավելացված արժեքի հարկ գանձել», նշեց նախարարըՙ նկատելով, որ հայկական ոսկերչական արվեստը բազմադարյան ավանդույթներ ունի եւ հնարավոր է, որ միջազգային շուկայում կարողանա զգալի տեղ գրավել: «Լորի» ադամանդագործական ընկերության համասեփականատեր Շահե Ասլանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հայկական արտադրության ադամանդները միջազգային շուկայում գնահատման սանդղակի ամենաբարձրՙ «երեք գերազանց» գնահատականով են, եւ ադամանդներն արագ են իրացվում:
Ն. Մ.