«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2009-11-28 | #219, 2009-12-01 | #220, 2009-12-02


ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՙ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻՎԻՑ... ՆԵՐՍ

Դարձյալ Նկարիչների միություն եւ դարձյալ ընտիր մի ցուցադրությունՙ այս անգամ Սամվել Սեւադայի գեղարվեստական լուսանկարչությունը ներկայացնող: Առաջին հայացքից գեղանկար թվացող աղջկա մեծադիր նկարը հետաքրքրական լուծում ունի_երբ թվում էՙ առաջին պլանի վրա աղջկա պատկերն է, բայց հայացքդ արձանագրում է վերին անկյունի դեղին տերեւը, որը կարծես ուր որ էՙ կպոկվի, կընկնի նկարից: Սա լուսանկարչական վարպետություն է:

Ցուցահանդեսի կոմպոզիցիան ընդհանրության մեջ դիտվում է որպես զուգակցված մի ամբողջություն: Գրեթե բոլոր աշխատանքներում ներկա է հեղինակի գեղանկարչական մտածողությունը:

Մեկ շաբաթ առաջ հարյուրից ավելի նկարների դիտումը մտապահել դժվար է, բայց տպավորությունն, իհարկե, մնում է: Ամենից ուշագրավն, ըստ իս, լուսանկարների ֆոնի գունայինՙ յուրաքանչյուրին բնորոշ լուծումներն են, որ տրամադրություն ապահովող հիմնական գործոններից են: Թեեւ աշխատանքները թեմատիկ առանձին շարքեր չեն ներկայացնում, բայց բաժանումներ հնարավոր է կատարելՙ բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի, կոմպոզիցիայի ժանրերում:

Ուշ վերածննդի գեղանկարչությանը բնորոշ գունային մուգ, խորհրդավոր ֆոնավորումըՙ նատյուրմորտների, անգամ յուղաներկի տպավորություն է թողնում: Հեղինակի լուսանկարչական աչքը արտաքին երեւույթների, տեսողական աշխարհի մեջ գեղագիտական վիճակներ է հայտնաբերում: Հատկապես տպավորիչ է նրա դիմանկարների շարքը, արտաքին կեցվածքի, խառնվածքի, բնույթի գտնված վիճակները ընդգծված խարակտերային են դարձրել կերպարները: Նրանք հիմնականում ճանաչված մտավորականներ են: Նրա լուսանկարչական հայացքը գտել է յուրաքանչյուրին բնորոշ ճիշտ տրամադրությունը, հաղորդել ներքին վիճակներՙ ահա Տիգրան Մանսուրյանը, Սոս Սարգսյանը, Երվանդ Մանարյանը, Լեւոն Իգիթյանը, Հենրիկ Էդոյանը, Վլադիմիր Մսրյանը, Հրանտ Մաթեւոսյանը... Ինքնադիմանկարի հաջողված շարքում տպավորիչ է «Աշունը աչքերիս մեջ» լուսանկարի բանաստեղծական տխրությունը:

Արվեստագետի ընտրությունը բնակավայրային, քաղաքային տեսարաններում որոնում է այնպիսի իրավիճակներ, որոնցում հաճախ երկրորդական դետալները ոչ միայն որպես լրացնող ֆոն են հանդես գալիս, այլեւ առաջնային դերակատարություն ունեն: Այդպիսին է «Դատարկ քաղաքի առասպելը», ուր քաղաքային պատկերի մենակությունը ընդգծում են ձին ու լուսամփոփըՙ որպես այդ առասպելի լուռ նշաններ: Վարպետորեն են արված նկարչին «տրված» օրվա պահերի լուսային շարժումները: Օրվա պահի լուսավորությունը նուրբ գունային արտահայտություն է ստացել «Կարսի ամրոցը» լուսանկարում, ուր քարերը, կիսաքանդ տունը, ամրոցը, ընկղմված են լուսաստվերների պայծառ խաղի մեջ: Այս նույն մոտեցումներով է արված մեր հոգեւոր ճարտարապետության այնպիսի սքանչելի կոթողների լուսանկարչական արտահայտություններըՙ ինչպիսին են «Սաղմոսավանքը», «Սբ Հռիփսիմեն», «Պատմության լուռ վկան»:

Պարզ մարդիկ նույնպես Սամվել Սեւադայի սիրելի հերոսներն են («Կարսեցի տատիկը»), հրաշալի է «նկարված» երեխայի աչքերի թախիծը («Լուսին»): Կանայք Սամվել Սեւադայի լուսանկարներում զուտ գեղեցկացնող, գեղադեմ կամ գեղամարմին «օբյեկտներ» չեն, ավելի միջավայրին տրամադրություն, նրբություն հաղորդող, նաեւ հոգեբանական դրություն ստեղծող կերպարներ են: «Հայացք միջնադարից», «Հոքուներ եւ թանկաներ», «Անուրջներ», նաեւՙ «Խնձորը կնոջ մարմնի վրա»: Մի քանի լուսանկարներ, այսպես ասած, ֆիլմային են, կարծես կադրեր լինեն կինոնկարից («Մի անգամ Ամերիկայում», «Երեք ընկեր»):

Սամվել Սեւադայի այս նոր ցուցադրությունը տարիների նրա ստեղծագործական որոնումների, փորձի արդյունավորումն է, իրական միջավայրն ու շրջապատը տեսնելու գեղագիտությունը, պահի ակնթարթի մեջ արվեստայինը որսալու ունակությունը: Եվ որքան էլ տեխնիկական միջոցների կատարելագործումներին, միեւնույն էՙ կարեւորը ճաշակն է, ներքին զգացողությունը, արտիստիզմը, եւ ոչ միայն զուտ գեղեցիկի առումով, այլեւ դրան խորք ու բովանդակություն հաղորդելու տաղանդըՙ իրական ու բնական, բայց արվեստով եւ բնավ ոչՙ արհեստածին: Այս առումով հատկապես տպավորիչ են ծառի կերպարային լուծումները: Նկատելի տարբեր է արվեստագետիՙ ծառի այլաբանական խորհրդի հանդեպ վերաբերմունքը: Սա («Ծառը» (Descanso Cardens), Sexy Tree, «Լուսնի սոնատ») մի ամբողջ պատմություն է սյուժետիկ զարգացումներով, որքանՙ հուզական, նույնքանՙ խոհական: Ասածի վկայությունը «Լուսնի սոնատն» է, որտեղ գիշերային փոթորկվող երկնքի մեջ մխրճված ծառի գալարվող ճյուղերը հոգեխռովք են արտահայտում:

Լուսանկարների տրամադրությունները գեղանկար աշխատանքների վերացարկված ձեւերի մեջ են շարունակվում: Դրանք գունային կոմպոզիցիաներ են, կյանքային, քնարական տրամադությունների ապրված, զգացված հոգեվիճակներ («Հիշողության սարդոստայն», «Հանդիպում», «Վարդագույն երազ»):

Իր ստեղծագործական փորձը Սամվել Սեւադան հարստացրել է Ամերիկյան մայրցամաքում, ուր տեղափոխվել էր 1989 թվականից: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, ստեղծել է Sevada Art Studio-ն: 1992-ին արժանացել է Հարավային Ամերիկայի կինոգործիչների միության «Colden Angel» մրցանակին: 2006-ին վերադարձել է Հայաստան, այստեղ էլ ստեղծել է նկարչական դպրոց, բացել անհատական ցուցահանդեսներ: 2006-ին ստացել է Թեքեյան մրցանակ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


Նկար 1. Ինքնադիմանկար

Նկար 2. «Մենակության տեխնոլոգիան»

Նկար 3. «Դատարկ քաղաքի առասպելը»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4