Մանկական փոխպատվաստման համաշխարհային հիմնադրամը ստեղծվել է 1988 թվականին, երբ Լոս Անջելեսի ոստիկանության վարչության պետի նախկին տեղակալ Մարկ Քրոքերը, խորապես ազդված լինելով արգենտինացի Վերոնիկա անունով մի երեխայի լյարդի ծանր հիվանդության պատմությունից, սկսեց միջոցներ հանգանակել երեխայի լյարդի փոխպատվաստման վիրահատություն կատարելու նպատակով: Բուժման համար աղջիկը տեղափոխվեց Տորոնտո, երեք վիրահատություններից հետո նա այդուհանդերձ մահացավ:
Դրանից հետո Մարկ Քրոքերը հիմնեց Մանկական փոխպատվաստման համաշխարհային հիմնադրամը եւ իր առջեւ նպատակ դրեց ստեղծել փոխպատվաստման վիրահատություններ իրականացնող կենտրոններ աշխարհի այն տարածաշրջաններում, որտեղ դրանց առկայությունն առավել անհրաժեշտ էր: ՄՓՀՀ-ն մանկական փոխպատվաստման երկու կենտրոն հիմնեց Կոստա Ռիկայում եւ Արգենտինայում, իսկ 2001 թվականին բացվեց ՄՓՀՀ հայաստանյան մասնաճյուղը:
Առաջնային գերխնդիրը համապատասխան օրենքի ընդունումն էր, որն իրավական հիմքեր կստեղծեր այդ բնագավառում գործունեություն ծավալելու համար: Օրենքի նախագիծը դրվեց խորհրդարանի քննարկմանը, եւ 2002 թվականի մարտին ընդունվեց Փոխպատվաստման մասին Հայաստանի պատմության մեջ առաջին օրենքը:
«Բացի այդ, անհրաժեշտ է նաեւ փոխել մեր ազգի մտածելակերպը այս բարդ խնդրում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ընկալի, որ ամեն մարդ կարող է իր ներդրումն ունենալ մեկ ուրիշի կյանքը փրկելու գործում: Այս պարզ ճշմարտությունը մեզ համար պետք է դառնա ընդունելի, որպեսզի հնարավոր լինի այս ոլորտում նշանակալի նվաճումներ արձանագրել», «Ազգին» պատմում է «Մանկական փոխպատվաստման համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Մարիա Եգանյանը :
Հասարակությանը իրազեկելու նպատակով հիմնադրամը կազմակերպել է բազմաթիվ հանդիպումներ եւ հարցազրույցներ: Կազմակերպվել է նաեւ «Հայ աստղերը հանուն մանուկների» խորագրով երկու խոշոր համերգ, որոնցից ստացված հասույթով երկու երեխայի աչքի փոխպատվաստման վիրահատություն է կատարվել:
Ներկայումս հիմնադրամի հիմնական նպատակն է վերապատրաստել հայ բժիշկներին փոխպատվաստման ոլորտի համար ու բարձրացնել նրանց մասնագիտական պատրաստվածության մակարդակը: Այս ծրագրի իրագործումը շարունակական բնույթ է կրելու, եւ շուտով երկու հայ բժիշկ կմեկնեն Լոս Անջելեսՙ 6-ամսյա վերապատրաստման:
Հայաստանում փոխպատվաստման համար նախատեսված հատուկ հիվանդանոց գոյություն չունի, երկիրը Դոնորների միջազգային բանկի անդամ չէ, ինչպես նաեւ առկա են մի շարք թերություններ օրենսդրական ոլորտում: Այս ծրագիրը պետք է նաեւ ունենա պետական աջակցություն, որպեսզի հնարավոր լինի իրականություն դարձնել մանկական փոխպատվաստման կենտրոնի ստեղծման գաղափարը:
Մանկական փոխպատվաստման համաշխարհային հիմնադրամն այս ոլորտում գործող եզակի կազմակերպություններից է, որի հիմնական նպատակն է հնարավորինս շատ միջոցներ ապահովելՙ փոխպատվաստման վիրահատություններ կատարելու համար ամբողջ աշխարհում:
Հ. Հ.